12,351 view

Անթույլատրելի է հանքավայրերի շահագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում

14.11.2014

Bnapahpanakan chakatՄի շարք բնապահպանական կազմակերպություններ, նախաձեռնություններ և բնապահպաններ դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին` առաջարկելով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն տալ Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին: Դիմումում կոնկրետ առաջարկներ կան ուղղված նաև Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և KfW Գերմանիայի զարգացման բանկի ղեկավարությանը։
Դիմումում մասնավորապես ասվում է.
«Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ/WWF) հայաստանյան գրասենյակի և մասնագիտական լսումների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ նախատեսվող հանքավայրը մասնակիորեն գտնվում է «Արևիկ» ազգային պարկի դեռևս չհաստատված,բայց նախատեսվող սահմաններում և դրա պահպանման (բուֆերային) գոտում: «Արևիկ» ազգային պարկը, համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետի, դեռ 2010թ.-ին պետք է քարտեզագրվեր և բոլոր սահմանները վերջնական հստակեցվեին: Սակայն այն մինչ օրս ունի ընդամենը նախատեսվող սահմաններ (սահմանված ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման 3-րդ հավելվածով), իսկ պարկի վերջնական քարտեզագրում և գոտիավորում դեռևս չի իրականացվել: Համաձայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման՝ «Արևիկ» ազգային պարկի պահպանման (բուֆերային) գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը։ pordzageti ankyun_13_11Ազգային պարկի ստեղծումը նպատակ ունի պահպանելու տարածքում գտնվող հազվագյուտ, էնդեմիկ և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տասնյակ բուսատեսակների ապրելավայրերն ու կենդանատեսակների միգրացիոն ուղիները: Սյունիքի մարզի Տաշտուն և Լիճք գյուղերի հարակից տարածքները հանդիսանում են ապրելավայր ՀՀ Կարմիր գրքում գրանցված տասնյակ բուսատեսակների և կենդանատեսակների համար: Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման նախագծի բնապահպանական մասով ներկայացված կենսաբազմազանության հետազոտությունները թերի են և անբավարար և չեն նկարագրում եզակի ու խոցելի այդ կենսաբազմազանության վրա հանքարդյունաբերական այդ ծրագրի բացասական ազդեցությունը:

Հիշեցնում ենք, որ հանքավայրի շահագործումը հակասում և զգալիորեն նվազեցնում է նաև KfW Գերմանիայի զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության ծրագրի» և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հարակից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:

Բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք լրջորեն հաշվի առնել վերոնշյալը, ինչպես նաև բնապահպանական հանրության կողմից մինչ այժմ հնչեցրած մտահոգություններն ու բացասական կարծիքները, և բացասական եզրակացություն տալ շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության ներկայացված Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով արդյունահանման աշխատանքային նախագծին:

Դիմում ենք նաև ԲՀՀ հայաստանյան գրասենյակին` առաջարկով կազմակերպել տարածքի կենսաբազմազանության անկախ գիտական հետազոտություններ և ներկայացնել արդյունքները շահագրգիռ հանրությանը:

KfW Գերմանիայի զարգացման բանկին խնդրում ենք ուսումնասիրել և կարծիք ներկայացնել այն մասին, թե որքանով են համատեղելի իրենց կողմից Հայաստանում ֆինանսավորվող կենսոլորոտային արգելոցի ստեղծմանն ուղղված ծրագրերն ու հանքարդյունաբերության նման ծավալներով զարգացումը միևնույն տարածաշրջանում՝ հաշվի առնելով UNESCO-ի կողմից կենսոլորտային արգելոցների համար գոյություն ունեցող պահանջներն ու սահմանափակումները»:

Դիմումին միացել են՝
Արսեն Գասպարյան – կենսաբան, բնապահպան
Համահայկական բնապահպանական Ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ – Ինգա Զառաֆյան
Էկոլոգիական հասարակական դաշինք – համակարգող Սիլվա Ադամյան
Լյուբա Բալյան – էկոլոգ
Մարտիրոս Նալբանդյան – «Գլոբալ Էկո» ՀԿ-ի նախագահ, պահպանվող տարածքների փորձագետ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Անի Նավասարդյան – Խազեր երգչախմբի խմբավար