782 view

11.11.2014

ՀՀ մետաղական օգտակար հանածոների պոչամբարների շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգների նվազեցմանն ուղղված պահաջների և խնդիրների վերհանումը

2014թ. նոյեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնը կազմակերպում է կլոր-սեղան քննարկում շրջակա միջավայրի վրա պոչամբարների ազդեցության վտանգների նվազեցմանն ուղղված պահանջների և խնդիրների վերհանման նպատակով: Միջոցառումը կայանալու է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 522 լսարանում: ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռ.Ս. Մովսեսյանը և աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մ.Ա. Գրիգորյանը իրենց ելույթում խոսելու են նշված թեմայի շուրջ կենտրոնում կատարված աշխատանքների արդյուքների մասին: Զեկույցը ուղեկցվելու է համապատասխան ցուցադրությամբ:

Կենտրոնի կողից 2014թ.-ին թեմայով կատարված աշխատանքների ընթացքում ուշադրությունն ուղղվել է հանրապետության մետաղական օգտակար հանածոների արդյունահանման առանձնահատկությունների և արդյունահանման արդյունքում առաջացած տեխնածին առաջացումների շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության խնդիրներին: Վերջիններիս նվազեցմանն ուղղված պահանջներից ելնելով քննարկվում են պոչամբարների ամբարտակների կառուցման ինժեներաերկրաբանական ու սեյսմիկ կայունության պահանջները և տրվում է պոչամբարների կառուցվածքն ու թափոնների մեկուսացումը շրջակա միջավայրից: Դա թույլ կտա ապահովագրվել պոչամբարների կառուցման և շահագործման հետ կապված ամենախոշոր վտանգներից ու վթարներից՝ ամբարտեկների փլուզումից, պոչամբարաներում կուտակված վնասակար տարրերով հարուստ ջրերի ներթափանցումից մակերևութային և ստորգետնյա ջրերի մեջ: Բարձրացվում է թափոնների վտանգավորության դասերի որոշման, թափոնների անձնագրերի կազմման պարտադիր պահանջի կատարման և կադաստրի վարման հարցերը:

Զեկույցում չափազանց կարևոր նշանակություն է տրվում նրան, որ հարստապոչերը միանշանակ պետք է դիտարկվեն որպես թափոններ և նրանց դիմաց պետբյուջե պետք է կատարվեն համապատասխան վճարումներ, որպես վտանգավոր առաջացումների՝ չժխտելով, որ նրանց որոշ մասը հանդիսանում է տեխնածին հանքահումքաքային կուտակում: Տրվում են նաև պոչամբարներում կուտակված թափոնների հումքային ռեսուրսային ներուժի երկրաբանատնտեսագիտական գնահատման մոտեցումները, ինչպես նաև պոչամբարների ռեկուլտիվացիայի հետ կապված բոլոր խնդիրների վերծանումը: Կարևոր դեր է տրվում նաև լեռնահանքային ոլորտում գործունեության ապահովագրության հարցերին:

Զեկույցի վերջում տրվում են լեռնային արդյունաբերության հետ կապված նշված և մի շարք այլ առաջնահերթ խնդիրների շրջանակը, նրանց լուծմանն ուղղված միջոցառումների ցանկը:

Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնում
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ

Վերոնշյալ կլոր-սեղան քննարկմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք գրանցվել ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնում (ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ), հեռ. 099230413, էլ. հասցե՝ info_sdc@aarhus.am: