8,069 view

Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում ՏԻՄ կարողությունների զարգացում

31.10.2014
Գավառի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ տեղի ունեցավ դասընթաց տարածաշրջանի ՏԻՄ ղեկավարների ու աշխատակիցների, հետաքրքրված այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար՝ շրջակա միջավայրի կառավարման հարցերի վերաբերյալ գիտելիքներ ու ոլորտի նորությունները հաղորդելու նպատակով: Դասընթացն իրականություն դարձավ Գյումրու Օրհուս կենտրոնի, «Ֆերտի» և «Երրորդ բնություն» ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում:
Դասընթացի մասնակիցներին ՀՀ օրենսդրական դաշտի ու միջազգային համաձայնագրերի վերաբերյալ

դասախոսություն կարդաց Գյումրու կենտրոնի համակարգող Գ. Պետրոսյանը (տես կից շնորհանդեսը): Նա ներկայացրեց բնապահպանության ոլորտում պետական և ՏԻՄ լիազորություններն ու պարտավորությունները: Կանգ առավ ՀՀ Սահմանադրությունում առկա բնապահպանական խնդիրներին առնչվող մի շարք հոդվածների մեկնաբանության վրա: Այնուհետև ներկայացվեց ՀՀ-ի մասնակցությունը միջազգային բնապահպանական համաձայնագրերին՝ մանրամասն խոսեց Օրհուսի համաձայնագրի մասին:

«Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի մեթոդները» թեման ներկայացրեց «Երրորդ բնություն» ՀԿ նախագահ Ռ.Մխիթարյանը՝ անդրադառնալով ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների (ԸՕԿՏ) կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի անհրաժեշտությանն ու նպատակներին, նաև թե այդ նպատակներին հասնելու համար ինչ խնդիրներ է պետք լուծել: Օրինակ՝ ԸՕԿՏ-ների կառավարման գործընթացների մոնիտորինգի օբյեկտը և առարկան որոշելու, տեղեկատվության հավաքման և վերլուծության մոտեցումները միասնական և ամբողջական դարձնելու, տեղեկատվության հավաքման, արձանագրման և գնահատման մեթոդներ մշակելու և այլ գործընթացների իրականացման միջոցով կարելի է բարելավել ԸՕԿՏ-ների կառավարումը:

ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս, «Ֆերտի» ՀԿ նախագահ Խ. Սահակյանն էլ ներկայացրեց էներգիայի այլընտրանքային աղբյուրները և դրանց օգտագործման ժամանակակից տեխնոլոգիաները: Նշեց, որ մեր երկրի համար ոչ ավանդական էներգայի աղբյուրների օգտագործմամբ նաև սոցիալական խնդիրներ լուծելու իրատեսական հնարավորություն կա: Բանախոսի կարծիքով ապագան վերականգնվող էներգիայի աղբյուրներինն է, քանի որ դրանք անսպառ ու առավել անվտանգ են: Մեջբերեց արեգակնային ճառագայթումից ջերմության ու էլեկտրականության ստացման մեթոդների կիրառմամբ մի շարք օբյեկտների ջեռուցման, տաք ջրով ապահոման ու չորանոցների ստեղծման իրենց ՀԿ-ի իրականացրած նախագծերը: Հետաքրքրական էր կազմակերպության փորձը երկրաջերմային էներգիայի կիրառման ոլորտում:

Դասընթացին մասնակցեցին ՏԻՄ ղեկավարներ, տեղակալներ, ՏԻՄ աշխատակազմի այլ աշխատակիցներ, ՋՕԸ, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշիշության բաժնի աշխատակիցներ: Նրանք դասընթացը հետաքրքիր ու ուսանելի գնահատեցին, փոխանցված գիտելիքները՝ կիրառելի:

Հանդիպման օրակարգ
Մասնակիցների ցուցակ

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 264 61511
Էլ.փոստ. info_gavar@aarhus.am, blejanli@gmail.com, maradarkish@gmail.com