8,191 view

Օրհուս կենտրոնների համակարգողները ձեռք են բերում հմտություններ աղետների ռիսկերի նվազեցման գործում

28.10.2014
Հոկտեմբերի 23-24-ը, Ճգնաժամային կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ «Աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարության իրականացումը Հայաստանում» ներածական ուսուցողական դասընթաց Օրհուս կենտրոնների համակարգողների համար: Այն իրականացվեց «Օրհուս կենտրոնների կարողությունների հզորացում` աղետների ռիսկերի նվազեցման հարցում տեղական համայքների իրազեկումը բարձրացնելու նպատակով» ծրագրի շրջանակներում, որը միաժամանակ իրականացվում է մեկ տասնյակից ավելի երկրներում՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԶԾ-ի և տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կողմից, միտված է համայնքային մակարդակում
տարաբնույթ աղետների ռիսկերի նվազեցմանը:
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Տնտեսական և բնապահպանական ծրագրերի ղեկավար Տ. Դեմբսկին, ողջունելով դասընթացի մասնակցներին ու դասընթացավարներին, կարևորեց նախաձեռնությունը: Նշեց, որ ԵԱՀԿ-ն առհասարակ մեծ ուշադրություն է դարձնում աղետների ռիսկերի նվազեցմանը, որովհետև թե՛ բնական, թե՛ մարդածին աղետները մարտահրավերներ են, որոնք անմիջականորեն առնչվում են շրջակա միջավայրի ու մարդու անվտանգության հետ:ՄԱԶԾ փորձագետ Ա. Չիլինգարյանի խոսքով աշխարհում հայտնի ավելի քան 240 բնական վտանգավոր երևույթներից 110-ը հանդիպում են Հայաստանում: Ցավոք դրանցից ոչ մեկը դրված չէ Հայաստանի զարգացման 2014-2025թթ քաղաքականության հիմքում: Նրա խոսքով, ֆրանսիացի փորձագետները Հայաստանը նմանեցրել են բնական վտանգավոր երևույթների լաբորատորիայի, որտեղ կարելի է ուսումնասիրություններ իրականացրել ու մանրամասն տեղեկություններ հավաքել դրանց մասին: Այս իրողությունը պայմանավորված է Հայաստանի ռելիեֆով, կլիմայական զոնաների բազմազանությամբ, ամենացածր (350մ) ու ամենաբարձր (4090մ) կետերի մեծ տարբերությամբ, ինչի արդյունքում այս փոքրիկ տարածքում մարդու գործունեության ծավալման տատանումը կազմում է մոտ 3800 մ:

Սեյսմիկ վտանգի քարտեզի համաձայն սեյսմովտանգ գոտում են գտնվում Արարատյան դաշտը, Եղեգնաձորը, Գուգարքը, Շիրակը և Գեղարքունիքը, վտանգավոր հատվածներ կան նաև Սյունիքում, մասամբ Լոռու ու Տավուշի մարզերում: Ա. Չիլինգարյանի խորհրդով մենք պետք է համակերպվենք այս իրականության հետ, հարմարվենք ու պատրաստ լինենք վաղ, թե՝ ուշ սպառնացող վտանգին: Մինչդեռ 13-րդ մայրաքաղաքի կառուցապատման ժամանակ մենք հաշվի չենք առնում պատմական այն իրողությունը, որ Հայաստանի 12 մայրաքաղաքներն էլ ավիրվել են երկրաշարժից:

Դասընթացի ընթացքում Օրհուս կենտրոնների համակարգողներն իրազեկվեցին ինչպես Հայաստանի տարածքում սպառնացող վտանգներին՝ սողանքներ, սելավներ, քարաթափումներ, անապատացում, շարքը կարելի է երկար շարունակել, այնպես էլ Հայաստանում ԱՌՆ համակարգի զարգացմանը, 2010-2014թթ հիմնական նվաճումներին, ԱՌՆ աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի կառուցվածքին ու նպատակներին, ճգնաժամային իրավիճակներում վերարտադրողական առողջութան նվազագուն փաթեթի, արտակարգ իրավիճակներում հանրության հետ կապի ու հանրային տեղեկացվածության հարցերի մասին:

Դասընթացի մասնակիցներին ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն տրվեց Հայաստանին բնորոշ վտանգների հիման վրա ճգնաժամային ռիսկերի նվազեցման և ճգնաժամային ռիսկերի կառավարման բազաների ստեղծման ու զարգացման ուղիների ընկալմանը միտված գործնական խմբային աշխատանքների միջոցով, որոնք Օրհուս կենտրոնների համակարգողները, լինելով տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, իրականացրեցին հաջողությամբ:

Դասընթացն արդյունավետ էր թե՛ նյութի մատուցման ձևի, թե՛ ուսումնական նյութերի մատչելիության, թե՛ նոր գիտելիքների ձեռքբերման, թե՛ դեպի տեղական մակարդակ խնդրի ուղղորդման առումով: Ձեռքբերած հմտությունները Օրհուս կենտրոնների համակարգողները հետագայում կարող են փոխանցել համայնքներին, ինչպես համապատասխան գիտելիքներ հաղորդելու, այնպես էլ աղետների ռիսկերի նվազեցման տարեկան պլանների կազմմանն աջակցելու, դրանց քննարկումներին կրթված ու իրազեկ հանրության մասնակցությունն ապահովելու առումով:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. (+374)10 551364
Էլ. Փոստ. aarhusnews@gmail.com