13,795 view

Գայլի վարքը, մարդու բա՞րքը

25.10.2014

pordzaget_25_10Մոտենում է ձմեռն իր սառնամանիքով, ձյունածածկ լանջերով ու անհյուրընկալ բնությունով: Մարդու անհեռանկար գործունեության պատճառով համարյա ոչինչ չի մնացել, որ կենդանական աշխարհն էլ ձմռանը դիմանա: Բնական տարածքները կրճատելով՝ մարդը նվազեցրել ու վերացրել է կենսաբազմազանության գոյության պայմանները՝ հանգեցնելով բնական հավասարարակշռության բազմաթիվ խախտումների: Անցյալի սկյուռիկներով ու նապաստակներով լեցուն անտառներն այլևս չկան, եղնիկներն ու քարայծերը հազվագյուտ են նույնիսկ մարդուն անհասանելի տարածքներում: Իսկ նախկինում ոհմակներով որս անող գայլերից հատ ու կենտ ներկայացուցիչներ են մնացել: Այնուամենայնիվ …..Հայաստանում այդ հատ ու կենտ գայլերին ևս ոչնչացնում են:
pordzaget_25_10_1Գայլերը կարգին սպառնալիք են դարձել հայ գյուղացու համար: Հատկապես ձմեռային՝ սնունդից զուրկ բնությանը չդիմանալով, գայլերը բնազդաբար հարձակվում են մարդկային բնակատեղիների վրա՝ որևէ կերպ քաղցը հագեցնելու մեծագույն ցանկությամբ ու մահացու վճռականությամբ: Բայց այդ կենաց ու մահու կռիվը, նույնիսկ հասցրած վնասներն ի զորու չեն դադարեցնել մարդու կործանարար քայլերը: Ողջամտության փոխարեն մարդը կրկին ոչնչացնում է: Չվնասելու, էլ չեմ ասում՝ վերականգնելու փոխարեն, մարդը կրակում ու ոչնչացնում է: Իսկ դրանից գայլերն ավելի վճռական են հարձակվում՝ կյանքի գնով մի կտոր ոչխարով քաղցը կոտրելու խնդիր պետք է լուծեն: Ուստի ամենայն դաժանությամբ գայլերը հարձակվում են նաև այն մարդկանց վրա, ովքեր փորձում են խանգարել իրենց, ովքեր սպառնալք են իրենց գոյությանը: Հայաստանի բնապահպանության նախարարությունը պետական բյուջեից (հարկատուների հաշվից) ֆինանսավորվում է բնությունը՝ բնական տարածքները, կենսաբազմազանությունը պահպանելու համար: Բայց իրականում կանաչ ուղեգրեր է շնորհում այն նախաձեռնություններին, որոնց իրականացմամբ նվազում, վերանում են կենսաբազմազանության գոյության պայմանները: Ուստի մեծ է ռիսկը, որ ողջամտորեն բնություն պահպանելու փոխարեն այս ձմռանը ևս այդ «բնապահպան» նախարարությունում կրկին ֆինանսներ կծախսեն գայլերին ոչնչացնելու նպատակով, անտեսելով դառը փորձը. չէ որ այդ ծախսերը միևնույն է չեն արդարացվում՝ խնդիրը չի լուծվում:
Գուցե փորձեք որևէ կերպ վերադարձնել այն բնության պարտքը, որի պահպանության նպատակով ֆինանսավորվում եք, գուցե գայլերի ոչնչացման փոխարեն ֆինանսավորեք նրանց գոյության պայմանները վերականգնելու, նրանց բնական սնունդը պահպանելու ջանքերը: Միթե հնարավոր չէ որսորդների առատ խրախուսման փոխարեն գումարները բուծարանների ֆինանսավորմանն ուղղել, հրացանազարկերի փոխարեն ճագարներ բազմացնել ու վերադարձնել բնությանը: Գայլերի գոյության պայմանները մի վնասեք, գայլերի բնական սնունդն ապահովեք և նրանք վարձահատույց կլինեն: Ահա թե ինչպես.
– 1995 թ. Յելլոուսթոուն ազգային պարկում գիտնականները 14 գայլեր բաց թողեցին բնություն՝ չկասկածելով, թե ինչ արմատական փոփոխություններով արագորեն կվերականգնվի արգելոցային ամբողջ էկո-համակարգը: 70 տարի արգելոցում գայլ չի եղել և այդ ամբողջ ընթացքում այնտեղ եղջերուներն են թագավորել՝ անվերահսկելի բազմանալով ու մեծագույն վնասներ հասցնելով տեղի բուսականությանը (եղջերուների պոպուլյացիան վերահսկելու մարդկանց բոլոր ջանքերն ապարդյուն էին):
Իհարկե 14 գայլերը բոլոր եղջերուներին ուտել չկարողացան, բայց ստիպեցին նրանց՝ զգույշ ընտրել իրենց արոտավայրերը և խուսափել արգելոցի որոշակի տեղամասերից: Այդ տարածքներում էլ սկսվեց բուսականության վերածնունդը՝ 6 տարվա ընթացքում ծառերն ավելացան 5 անգամ: Հայտնվեցին կուղբերը, որոնք ծառերն օգտագործում են պատվարներ, թմբեր կառուցելու համար, գետերի, լճախորշերում բազմացան մշկամկները, բադերն ու ձկները:
pordzaget_25_10_2Գայլերը նաև չախկալների պոպուլյացիան նվազեցրին, որի շնորհիվ ավելացան նապաստակները, որոնք դեպի պարկ հրապուրեցին նաև բազեներին, կզաքիսներին ու աղվեսներին: Հայտնվեցին արջեր, որոնք կարողացան գայլերին իրենց որսից քշել կամ նրանց թողած կերի մնացորդը վերջացնել:
Արգելոցում շատացան հատապտուղները: Բայց ամենազարմանալին այն է, որ գայլերը կարողացան կանոնավորել գետերի հոսքը: Գայլերի ազդեցությունը եղջերուների վրա խթանեց գետափերի բուսականության՝ ծառերի, խոտերի առատ աճը, որի արդյունքում նվազեց գետափերի էրոզիան, ափերն ամրացան, գետահուներն ուղղվեցին ու կայունացան:
Ընդամենը տասնյակ տարվա ընթացքում 14 գայլերի «գործունեության» շնորհիվ փոխվեց արգելոցի աշխարհագրությունը: Ահա այսպես գայլերը բնության գործերն են կարգավորում, որից նաև մարդն է օգտվում: Իսկ Հայաստանում հայ մարդը ոչնչացնում է գայլի գոյության միջավայրը՝ վնասելով ինքն իրեն: 

Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու