9,692 view
Աշխատանքային հանդիպում-քննարկում Դիլիջան Ազգային պարկի կառավարման պլանի կազմման վերաբերյալ

15.10.2014

«Դիլիջան» ազգային պարկի տնօրինության և փորձագետների նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին պարկի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի կազմման գործընթացում փոքր խմբերով հանդիպելու, բոլոր կողմերի առաջարկությունները լսելու և տեսանելի խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպումը տեղի ունեցավ պարկի կառավարման պլանի աշխատանքային խմբի կենսաբազմազանության գծով ծրագրի փորձագետ Ա. Կարապատյանի, միջազգային փորձագետ Ա. Սինդիկի, Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ա. Հարոյանի և Դիլնեթ Սերվիս ՀԿ նախագահ Ա. Հովհաննիսյանի միջև: Մասնակցում էին նաև «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Ս. Մուրադյանը, գիտական գծով փոխտնօրեն Ռ. Բեգլարյանը, ազգային պարկի այլ աշխատակիցներ: Այս հանդիպմանը նախորդել են ազգային պարկի հարակից համայնքների ղեկավարների և նրանց ներկայացուցիչների հետ հանդիպումները՝ նույն նպատակով:
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ա. Հարոյանը փորձագետներին ներկայացրեց այն խնդիրները, որոնց մասին քաղաքացիական հասարակության և շահագրգիռ պետական ու հասրակակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում բազմիցս խոսվել է՝ աղբակույտերի գոյացում, ռեժիմի ապօրինի խախտումներ, էկոտուրիզմի ոչ կանոնակարգված գործնեություն, Գոշ լճի հիմնախնդիր, պարկի տարածքում շիրարարական և այլ աշխատանքների հետ կապված հարցեր: Համակարգողն իր մտահոգությունը հայտնեց նաև, որ էկոտուրիզմի զարգացման մոտիվացիայի հիման վրա ազգային պարկի ռեկրացիոն գոտուց վարձակալության հիմունքներով տրամադրված հողհատկացումները վերջ ի վերջո հանգեցնում են պարկի տարածքում շիրարարական գործունեության ծավալմանը, որն էլ իր հերթին չի կարող բացասական չանրադառնալ պարկի կենսաբազմազանության վրա: Առաջարկեց նոր կառավարման պլանի կազմման ընթացքում ուշադրություն դարձնել այդ խնդրի վրա և էկոտուրիզմի զարգացումն այնպես պլանավորել, որ ազգային պարկի կենսաբազմազանությունը վնասներ չկրի: Առաջարկեց նաև ուշադրություն դարձնել կառավարման պլանի գործողությունների պլանի վրա, որ լինի իրական և իրականացվող, այլ ոչ թե պարունակի թղթին հանձնված անիրատեսական մտքեր:
Dilijan_17_10_2
Վերջում Օրհուս կենտրոնի համակարգողը փորձագետներին խնդրեց, որ «Դիլիջան» ազգային պարկի նոր գործողությունների պլանի աշխատանքային տարբերակը, եթե ոչ տպագիր, ապա գոնե էլեկտրոնային տարբերակով, հնարավորինս շուտ փոխանցվի Օրհուս կենտրոնին, ինչը հնարավորություն կտա ավելի մանրամասն ուսումնասիրել նախագիծը՝ առավել մեծ թվով շահագրգիռ կողմերի ներգրավմամբ հնարավորություն ընձեռելով կառուցողական առաջարկների հավաքագրմանը: Կենտրոնի համակարգողն առաջարկեց նախագծի պատրաստ լինելուն պես հանրային քննարկումներ կազմակերպել Դիլիջանի Օրհուս կենտրոնում՝ կենտրոնի աջակցությունն առաջարկելով քննարկումներին հանրության ներկայացուցիչների մասնակցության ապահովման առումով:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2-31-38, 94 763594
Էլ. Փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru