17,936 view

Ժամկետանց թունաքիմիկատների հնարավոր վտանգների նվազեցում

07.10.2014

pordzageti ankyun_06_10Թունաքիմիկատների նախկին պահեստներում կուտակված ժամկետանց և վտանգավոր թունաքիմիկատներն անմիջական սպառնալիք են մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար։ Դրանք կարող են արտանետվել շրջակա միջավայր՝ օդի, ջրի և բույսերի մեջ, և, ներթափանցելով մարդկանց օրգանիզմ, առաջացնել նյարդային և շնչառական համակարգերի, երիկամների հիվանդություններ, խթանել չարորակ նորագոյացությունների զարգացումը։

Այս հիմնախնդրի վերաբերյալ գյուղական համայնքների բնակչության իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև գյուղական համայնքների կարողությունների զարգացմանն ու թունաքիմիկատների ազդեցության հետ կապված առողջապահական վտանգների կրճատմանն է ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող «Կայուն օրգանական աղտոտիչների թեժ կետերի մոտակայքում հողատարածք ունեցող ֆերմերների բարելավված առողջություն և շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագիրը:
pordzageti-ankyun_06_10_1

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Լոռվա մարզի Օձուն և Գարգառ, Արագածոտնի մարզի Պարտիզակ, Տավուշի մարզի Աչաջուր և Գեղարքունիք մարզի Վարդենիկ համայնքներում, որտեղ, ի թիվս այլ համայանքների, խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած թունաքիմիկատների նախկին պահեստներում դեռևս պահպանվում են ժամկետանց թունաքիմիկատների կուտակումներ, որոնց հարևանությամբ բնակվող մարդկանց և նրանց տնտեսություններում աճեցվող բերքի վրա դրանց ազդեցության մասին չկա որոշակի տեղեկատվություն:

Նշված համայնքներ կատարած այցերի ընթացքում, կազմակերպության անդամները ճշտել և ուսումնասիրել են նախկին պահեստների գտնվելու վայրը և դրանց ընդհանուր վիճակը, պահեստների ներսից վերցրել են ժամկետանց թունաքիմիկատների և հողի նմուշներ: Հողի նմուշառում կատարվել է նաև պահեստների շրջակա տարածքներում և դրանց մոտակայքում գտնվող գյուղատնտեսական հողատարածքներում: Կատարվել է նաև այդ հողատարածքներում աճեցվող գյուղմթերքների նմուշառում, որոնց լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հետագայում պարզ կդառնա, թե այդ պահեստները որևէ վտանգ ներկայացնու՞մ են արդյոք մարդու առողջության և շրջակա միջավայրի համար:
pordzageti-ankyun_06_10_3

Ծրագրի թիրախային համայնքների բնակչության շրջանում կազմակերպությունն անցկացրել է հարցում` նախկին թունաքիմիկատների պահեստների առկայության, ինչպես նաև` համայնքում գործող թունաքիմիկատների վաճառասրահների մասին նրանց տեղեկացվածությունը գնահատելու, ինչպես նաև թունաքիմիկատների պատշաճ օգտագործման վերաբերյալ նրանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

Նշված բոլոր համայնքներում կազմակերպությունը հանդիպումներ է ունեցել գյուղապետերի և մենատնտեսների հետ, որոնց ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր` կապված թունաքիմիկատների ճիշտ ընտրության, գնման, օգտագործման, պահեստավորման և վերը նշված գործողությունների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Կազմակերպությունը տրամադրել է նաև խորհրդատվություն թունաքիմիկատների կուտակումների առաջացման կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: Հանդիպման ժամանակ ֆերմերներին տրամադրվել են կազմակերպության ստեղծած մի շարք տեղեկատվական նյութեր` բուկլետներ, բրոշյուրներ և պաստառներ:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ