11,146 view

Օրհուս կենտրոնները որպես տեղական մակարդակում աղետների ռիսկի նվազեցման տեղեկատվական գործիք

06.10.2014
Հոկտեմբերի 6-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Օրհուս կենտրոնների 2014թ. աշխատանքային երրորդ հանդիպումը: Օրակարգի առաջին կետը նվիրված էր Աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ Օրհուս կենտրոնների մասնագիտացված գործունեությանը: Այս գործընթացը մեկնարկել է ԵԱՀԿ գրասենյակի, Շրջակա միջավայր և անվտանգություն նախաձեռնության և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ «Տեղական համայնքների տեղեկացվածության բարձրացման նպատակով՝ Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) վերաբերյալ Օրհուս կենտրոնների Կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում: Հանրապետության

տարածքում մասնագիտացված գործընկերն է ՄԱԶԾ «Աղետների պատրաստվածության և ռիսկի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» (ԱՌՆ) ծրագիրը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շրջակա միջավայրի պահպանության ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանը կարևորեց նախաձեռնությունն ու ԵԱՀԿ ջանքերը՝ ի բարօրություն համայնքների Օրհուս կենտրոնների կարողությունների հզորացման ու գործունեության շրջանակի ընդլայնման առումով:

Ողջունելով աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ համատեղ աշխատանքը՝ Աղետների ռիսկի նվազեցման Ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) տնօրեն Մ. Պողոսյանը նշեց, որ նման հզոր, կայացած ռեսուրս, իչպիսինն Օրհուս կենտրոնների ցանցն է, աղետակայուն քաղաքների ստեղծման նպատակին հասնելու համար չօգտագործելն անմտություն ու ռեսուրսների վատնում կդիտարկվի:

ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի համակարգող Ա. Չիլինգարյանը ներկայացրեց, որ ոլորտում զարգացող երկրների շարքում Հայաստանն առաջատար է, որովհետև ունի մշակված հայեցակարգ, կրթական ծրագրեր, փորձարկված մեթոդոլոգիա և կայուն քայլեր է իրականացնում համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ: Արդեն մշակված է նաև Օրհուս կենտրոնների կարողության զարգացմանն ուղղված հայեցակարգը, նախնական փուլի համար պատրաստ է գործողությունների ծրագիրը, համատեղ բարեհաջող գործունեության արդյունքում էլ հեռու չէ այնպիսի ձևաչափի մշակումը, որը հետագայում կարող է ռեգիոնալ տարածում ստանալ: «Մեր նպատակն է, որ ԱՊ-ն Օկ-ների օգնությամբ համայնքներ գնա և տեղերից խնդիրները հասցվեն ԱՊ-ին»,- ավելացրեց նա:

Գործընթացի վերջնական նպատակն է, որ Աղետների ռիսկի նվազեցման բաղկացուցիչը համայնքները ներառեն իրենց ռազմավարական պլաններում և ունենանք դիմակայուն համայնքներ: Արդյունավետ գործընթացի ոչ պակաս կարևոր գրավականը նաև համայնքի ղեկավարության պատրաստակամությունն է: Այս առումով որպես պատրաստակամ ու օրինակելի համայնք նշվեց Ստեփանավանը, որտեղ գործընթացն ըստ Դիմակայունությունների պլանի թևակոխել է ակտիվ գործողությունների փուլ:

Որոշվեց զարկ տալ ՕԿ-ներ- ԱՊ- Լոռե փրկարարական ջոկատ եռակողմ համագործակցությանը, ընդունվեց Օրհուս կենտրոնների գործողությունների ծրագիրը: Որոշվեց, որ Օրհուս կենտրոնների համակարգողները տեղերում կլինեն կոնտակտային անձիք, ինչի նպատակով առաջիկայում կկազմակերպվի նրանց վերապատրաստման երեք դասընթաց՝ Աղետների ռիսկի կառավարումը որպես զարգացման բաղադրիչ մաս ներածական կուրսի, Տեղական մակարդակում ռիսկի կառավարում և Դիմակայուն քաղաքներ թեմաներով:

Օրակարգի երկրորդ մասում ՕԿ-ների համակարգողները քննարկեցին շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածման կիրառվող գործիքների ու մեթոդների արդյունավետվությունը, անդրադարձան ՕԿ-ների հետագա գործունեության ուղղությունների համապատասխանեցմանը Օրհուսի կոնվենցիայի իրականացման 2015-2020թթ ռազմավարությանը, ընթացիկ այլ հարցեր:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com