12,331 view

Թափառող շների հիմնահարցի քննարկում Գորիսում

05.10.2014

Goris_05_10Հոկտեմբերի 4-ը կենդանիների համաշխարհային օրն է: Այն ընդունվել է 1931թ.-ին` Իտալիայի Ֆլորենսիա քաղաքում: Այդ կապակցությամբ Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ Մ. Հարությունյանի և փոխքաղաքապետ Գ.Բոլյանի միջև «Բարև» հաղորդաշարի եթերում տեղի ունեցավ երկխոսություն թափառող շների հիմնահարցի շուրջ: Խնդիրն օրհասական է ինչպես մյուս քաղաքների, այնպես էլ՝ Գորիսի համար: Քննարկվեցին թափառող շների հետ կապված ծրագրերի, ստերջացման, մեկուսացման, որդեգրման, վնասազերծման և քնեցման տարբերակները:
Goris_05_10_1
Գորիսի փոխքաղաքապետն ու Օրհուս կենտրոնի փորձագետը տարակարծիք էին: Մ. Հարությունյանը, հիմնվելով սեփական ուսումնասիրությունների արդյունքների վրա, առավելապես ստերջացման և որդեգրման տարբերակների կողմնակից է: Չնայած ստերջացումը ծախսատար պրոցես է, բայց ժամանակի հետ բերում է թափառող շների վերացմանն ընդհանրապես, մինչդեռ շնասպանությունը հակառակ արդյունքն է տալիս՝ նպաստելով շների ագրեսիվությանն ու գլխաքանակի ավելացմանը:
Փոխքաղաքապետ Գ.Բոլյանը ներկայացրեց, որ թափառող շների հետ կապված հարցը համայնքի ղեկավարի ծրագրի կետերից մեկն է: Արդեն իսկ այդ օպերացիայի առաջին քայլերն սկսվել են իրականացվել շնասպանության տարբերակով: Նշեց նաև, որ համայնքի բյուջեն բավարար չէ թափառող շների դեմ պայքարի ֆինանսական մեծ ծախսեր պահանջող միջոցների համար, ինչպիսին ստերջացման տարբերակն է:
Միջոցառումների կազմակերպումն ու որդեգրման ծրագիրը կարող են նպաստել թափառող շների քանակի նվազեցմանը, սակայն այնքան էլ մատչելի ու հասանելի չեն նմանատիպ համայնքների համար: Խնդիրը սրվում է նաև տեղեկատվության ցածր մակարդակի, միջոցառումների պակասի, ինչու չէ նաև հիվանդությունների տարածման վախի զգացողության պարագայում: Ցավոք, քանի դեռ բնակելի շենքերին մոտ տեղադրված ոչ մի աղբաման չունի կափարիչ, թափառող շները կշարունակեն վխտալ դրանց շուրջ…

Մելադա Հարությունյան
Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ
Հեռ. (+374) 94 81 50 52, 96/09 08 95
Էլ. փոստ. info_goris@aarhus.am , mharoutunyan@mail.ru