21,934 view

Բնության մոռացված արահետներ

29.08.2014
Հունիսի 3-ին Եղվարդի Օրհուս կենտրոնում մեկնարկեց Բնության մոռացված արահետներ ծրագիրը, որը իրականացվում է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի և Երիտասարդական ակումբների դաշնություն /FYCA/ ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել Կոտայքի մարզի երիտասարդության տեղեկացվածության մակարդակը տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման կարևորության մասին և նպաստել ՀՀ Կոտայքի մարզի բնության հուշարձանների ցանկի համալրման աշխատանքներին: Ծրագրին մասնակցում են երիտասարդներ ոչ միայն Կոտայքի մարզից, այլև Երևանից և այլ մարզերից:

Ծրագրին աջակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` ՀՀ նախագահի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում: Ծրագիրն իր մեջ ներառում է երկօրյա սեմինար և արշավներ դեպի Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր:

Հունիսի 3- 4-ը տեղի ունեցավ ծրագրի երկօրյա սեմինարը, որտեղ փորձագետը ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցներին ներկայացրեց ՀՀ մարզերի, մասնավորապես` Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր համայնքների կենսաբազմազանության առանձնահատկություններն ու պահպանման հարցերը, որպես գյուղական համայնքի առաջընթացի գրավական՝ տրվեց նաև տեղակատվություն բնության հուշարձանների մասին: Երիտասարդներին նաև ներկայացվեց լուսանկարչության հմտությունների վերաբերյալ շնորհանդես` տալով տեսական գիտելիքներ ճիշտ և գեղեցիկ լուսանկարներ ստանալու մասին, որոնք էլ նրանք կկիրառեն արշավների ընթացքում:

Սեմինարի մասնակիցները խմբային աշխատանքների միջոցով իրենց տեսակետն ու առաջարկներն էին ներկայացնում կենսաբազմազանության պահպանման և էկոտուրիզմի զարգացման վերաբերյալ:

Երկօրյա սեմինարին հաջորդեցին արշավները դեպի Գառնի, Աղավնաձոր և Հանքավան՝ բացահայտելու նոր բնության հուշարձաններ, տեսարժան վայրեր: Արշավներին զուգահեռ երիտասարդները փորձագետի հետ միասին ունեցան ճանաչողական քննարկումներ` տարածքի կենսաբազմազանության, էկոհամակարգի և այլնի մասին: Դեպի Բուժական և Աղվերան արշավները շարունակվելու են հուլիս ամսին` հունիսի 20-ից Կոտայքի մարզի անտառներում իրականացվող վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումների իրականացումից հետո:

Նշենք, որ նշված համայնքների գեղեցիկ և տեսարժան վայրերը լուսանկարելու և տեղեկատվություն հավաքագրելու միջոցով, երիտասարդները կներկայացնեն կենսաբազմազանությունը՝ որպես գյուղի զարգացան խթան: Ծրագրի ավարտին հավաքագրված տեղեկությունների հիման վրա տվյալ վայրերի կենսաբազմազանության, առավել նշանակալի բնության հուշարձանների և տեսարժան վայրերի վերաբերյալ կտպագրվի գրքույկ։

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ. Փոստ` info_yeghvard@aarhus.am , ruzannamanyan@gmail.com