29,835 view

HBCH

Ո՞վ և ի՞նչ խնդիր է լուծում Սևանի ջուրը գողանալով

28.08.2014

Համահայկական բնապահպանական ճակատն (ՀԲՃ) օրեր առաջ հանրությանն էր ներկայացրել «Գողանում են Սևանի ջուրը» տեսանյութը, որից պարզ դարձավ հայ «գործարարների» կողմից Եղեգիս գետի վրա այդպիսի մեծ քանակությամբ փոքր ՀԷԿ-եր ունենալու բուռն ցանկության իրական պատճառը: Նկարահանած կադրերը հաստատեցին Վայոց Ձորի բնակիչների` մոտ երեք տարի շարունակվող պնդումներն առ այն, որ Արփա-Սևան ջրատարից գողանում են Սևանա լճին հասանելիք ջրի մի մասը և այն ուղղում Եղեգիս գետով ներքև, որպեսզի գետի սակավաջուր շրջանում ապահովեն ՓՀԷԿ-երի անխափան աշխատանքն ու դեպի որոշ մարդկանց գրպաններ գերշահույթների հոսքը:

Expert1.1

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն իր պաշտոնական կայքի միջոցով պատասխանել է մեր տեսանյութին՝ պնդելով, որ մեր տրված տեղեկատվությունը և փաստերը ներկայացված են խեղաթյուրված տեսքով, իսկ մեկնաբանությունները` միակողմանի, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը։ Այնուհետև կոմիտեն ներկայացրել է Արփա-Սևան թունելից Եղեգիս գետ ջուր բաց թողնելու պատճառները, որոնց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Հնարավորինս կարճ անդրադառնանք այդ պատասխանում առկա հակասական փաստերին և թվերին, որոնք շատ բան կպարզեն բոլորիս համար․
1․ Պատասխանում նշված է, որ ս․թ․ օգոստոս ամսին թունելը փակվել է, և Սևանա լիճ ջուր չի տեղափոխվում, ինչը նախատեսված է եղել նախօրոք։ Սակայն դեռևս ս․թ․ հունիսի 11-ին մեզ տրամադրած տեղեկատվության մեջ նույն կոմիտեն նշել է, որ թունելը փակվելու է սեպտեմբերի 1-ից, այլ ոչ թե օգոստոսին։ Նաև հարց է առաջանում, թե ովքեր են որոշում ջրի տեղափոխման քանակն ու գրաֆիկը ըստ տարիների, և ինչ մասնագիտական ուսումնասիրությունների և եզրակացությունների արդյունքում։

2․ Մենք մինչ այս տեսանյութը հրապարակելը ևս մեկ հարցում էինք ուղարկել ջրային տնտեսության պետական կոմիտե՝ Որոտան-Արփա-Սևան ջրատարով տեղափոխվող ջրի քանակի, ռեժիմի և աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Ստացված պատասխանից պարզ է դառնում, որ Որոտան-Արփա թունելով ընդհանրապես ջուր չի տեղափոխվել, տեղեկություն կա միայն տեղափոխված ջրի քանակի և գրաֆիկի մասին, իսկ ըստ առանձին ջրաղբյուրների՝ Սևանա լիճ տեղափոխված ջրաքանակի հաշվառում չի իրականացվում։ Սակայն, զարմանալիորեն, ոչ մի տեղ նշված չէ Եղեգիս գետ այդ նույն ջրի մի մասի տեղափոխման փաստի և քանակների վերաբերյալ։

3․ Նշված է նաև, որ տեսանյութում պատկերված ջուրը «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության կողմից օգտագործվում է բացառապես ոռոգման կարիքների բավարարման նպատակով, որի պահանջարկը կազմում է շուրջ 2.8 խմ/վրկ: Մնացած ջուրը (շուրջ 0.5 խմ/վրկ) թողնվում է որպես սանիտարական թողք` բնապահպանական խնդիրների լուծման նպատակով, և այդ նպատակով շուրջ 2.4 խմ/վրկ ջուր որպես ջրալրում տրվում է Եղեգիս գետին Կեչուտի ջրամբարից` Արփա-Սևան թիվ 1 թունելի միջոցով: Մենք դեռ հուլիս ամսին լուսանկարների միջոցով ներկայացրել էինք Եղեգիս գետի խայտառակ վիճակը, որոնցից պարզ է դառնում, որ սանիտարական թողքի և բնապահպանական խնդիրների լուծման մասին խոսելն առնվազն ծիծաղելի է, իսկ բացառապես ոռոգման կարիքների համար օգտագործելու փաստը՝ անվերահսկելի և ոչ արժանահավատ։ Բացի այդ, Արփա-Սևան թունելով տեղափոխվող ջուրը նախատեսված է բացառապես Սևանա լիճ հասնելու համար, և այն այլ նպատակներով օգտագործել կարելի է միայն Որոտան-Արփա թունելի գործելու պարագայում, որը փաստացի կառուցման օրվանից չի գործում։ Այնպես որ, Արփա-Սևան ջրատարի ջուրը Եղեգիս բաց թողնելու համար առնվազն անհրաժեշտ է ՀՀ կառավարության առանձին որոշում, որն ինչքան հասկանում ենք չկա, քանի որ մենք նախօրոք դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին հետևյալ հարցադրմամբ, թե ո՞վ և ի՞նչ որոշման հիման վրա է թույլ տվել այլ նպատակներով օգտագործել Արփա-Սևան ջրատարի ջուրը, որը նախատեսված է Սևանա լիճ հասնելու համար, և խնդրել տրամադրել ջրի այդ բացթողումների քանակների վերաբերյալ տեղեկատվություն ամսական և տարեկան կտրվածքներով՝ դրանց իրականացման բոլոր տարիների համար: Նախարարությունից ստացված պատասխանում այս հարցադրումները շրջանցվել են, և գեթ մի բառ չկա նշված դրանց մասին։ Միգուցե ջրային տնտեսության պետական կոմիտե՞ն է ի վիճակի պատասխան տալ այս հարցերին։

4․ Իրար են հակասում նաև ջրային տնտեսության պետական կոմիտեի և բնապահպանության նախարարության ներկայացրած տվյալները Արփա-Սևան ջրատարից Եղեգիս բաց թողնվող ջրի քանակի վերաբերյալ՝ 2,4 և 1,5 խմ/վրկ համապատասխանաբար։

Այնպես որ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հորդորը մեզ առ այն, որ ոլորտին վերաբերյալ անաչառ և հիմնավոր տեղեկատվություն ներկայացնելու նպատակով այն պետք է քննարկել ու վերլուծել համակարգի պատասխանատուների և մասնագետների հետ, իսկ տրվող տեղեկատվության մեջ զերծ մնալ միակողմանի և ոչ փաստարկված որակումներից, նույն հաջողությամբ կարելի է ուղղել հենց իրենց՝ հաշվի առնելով մեր վերոնշյալ փաստերն ու Հայաստանի մակերևույթային և ստորերկրյա ջրային պաշարների կառավարման խայտառակ վիճակը։

Մեր կարծիքով այս ամենը Սևանա լճի մակարդակի բարձրացումն արգելակելու պետական հանցագործ քաղաքականության մի մասն է կազմում ընդամենը, որից օգտվում են նաև Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի սեփականատերերը։

Վերջում ավելացնենք, որ Եղեգիս գետը տարվա 8 ամիսների ընթացքում` հուլիսից մինչև մարտ սակավաջուր է, և բնականաբար, ՓՀԷԿ-երը չէին կարողանա ամբողջովին բավարարել հոսանք արտադրելու համար անհրաժեշտ ջրի պահանջարկն՝ առանց Արփա-Սևան թունելից անօրինական բաց թողնված ջրի քանակի, և հիշեցնենք, որ միայն Եղեգիս գետի վրա արդեն իսկ շահագործվում է թվով 9 ՓՀԷԿ, ևս 6-ն էլ նախատեսվում է կառուցել: Այս ցուցանիշով Եղեգիսը Հայաստանի գետերի մեջ անվիճելի առաջատարն է, ինչն ուղղակի էկոլոգիական աղետի առաջ է կանգնեցրել գետի ավազանը` իր կենսաբազմազանության և բնակչության հետ միասին:
Համապատասխան եզրակացություններ թող անեն ընթերցողները․․․

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Կայք՝ http://www.armecofront.net/
Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/armecofront
Յութուբյան ալիք` http://www.youtube.com/user/armecofront
Էլ. փոստ` armecofront@gmail.com