20,941 view

Ծավ համայնքի ավագանու արտահերթ նիստ

24.08.2014
Օգոստոսի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Ծավ համայնքում կայացավ ավագանու արտահերթ ընդլայնված նիստ՝ կապված ամառային ամիսներին ոռոգման և խմելու ջրերի, բնապահպանական թողքի, Ծավ փոքր ՀԷԿ-ի և բնակչության զբաղվածության կարևոր հարցերի վերաբերյալ:
Եթե 2-3 տարի առաջ նման միջոցառում իրականացվեց ՀԷԿ-ը կանգնեցնելու համար, որի համար լուրջ պատճառներ և հիմքեր կային, ապա այժմ իրավիճակն այլ է: ՀԷԿ-ին տրված է հստակ ջրօգտագործման թույլատրություն ըստ ամիսների, գետի սակավաջրության ժամանակ այն իրավունք չունի աշխատելու: Ներկայումս ՀԷԿ-ի պատասխանատուն,
աշխատանքային ողջ անձնակազմը (18մարդ) Ծավ գյուղի բնակիչներ են:

ՀԷԿ-ի ղեկավարությունը լուծում է գյուղի որոշակի խնդիրներ: ՓՀԷԿ-ի ղեկավարությունն սռաջարկվել է գյուղի խմելու և ոռոգման ջրերի ջրառները ՀԷԿ-ի միջոցների հաշվին բարձրացնել ՀԷԿ-ի ջրամբարտակից ավելի վերին նիշեր, ինչը հնարավորություն կտա ապահովել համայնքային հողերի ոռոգման անխափանությունը, ինչպես նաև օգնել ոռոգման ջրագծի ընթացիկ նորոգումներին: ՓՀԷԿ-ի ղեկավարությունը երաշխավորում է նաև գետի էկոլոգիական թողք ավելին, քան նախատեսված է նախագծով՝ այս ամենի դիմաց խնդրելով համայնքի համաձայնությունը հունիսին և այլ ամիսներին, երբ գետում լինում է համեմատաբար քիչ, բայց և բավականաչափ ջուր, թույլատրել ՀԷԿ-ի գործունեությունը:

ՓՀԷԿ-ի պատասխանատու Ա. Ալեքսանյանը նշեց, որ օրերս են ավարտել գյուղի գիշերային լուսավորության տեղադրումը և շուրջ տարի կապահովի անխափան էլեկտրալուսավորում: ՀԷԿ-ի ղեկավարությունը պատրաստ է աջակցել և նպաստել համայնքային այլ խնդիրների լուծմանը, օրինակ՝ մանկապարտեզի պահպանում և այլն:

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հարավային ջրավազանների կառավարման բաժնի պետ Ա. Գրիգորյանը, հիշելով ինչպես է տարիներ առաջ պայքարել ջրօգտագործման թույլատրության հստակ ռեժիմի համար, այժմ նշեց ջրօգտագործման նոր թույլատրություն ստանալու կարգը:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետի տեղակալ Ա. Հովակիմյանը նշեց, որ միշտ հսկվելու է ջրօգտագործման օրինականության պահպանությունը:
Օրհուս կենտրոնի համակարգողը նշեց, որ ամենալավ և ամենաշահագրգիռ հսկիչները համայնքի բնակիչներն են. որևե խախտման դեպքում կարող են տեղեկացնել Օրհուս կենտրոնին:

Որոշվեց ավագանու և քննարկմանը մասնակցած գյուղացիների կողմից տալ համաձայնություն ՀԷԿ-ի ղեկավարությանը՝ դիմելու ջրօգտագործման նոր թույլատրություն ստանալու համար, բայց պայմանով, որ կպահպանվի խոստացած ջրօգտագործման ռեժիմը:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru