18,786 view

Կապան քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունների հանրային քննարկում

19.08.2014

Kapan_19_08Օգոստոսի 19-ին Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Կապան քաղաքի գլխավոր հատակագծում կատարվելիք փոփոխությունների հանրային քննարկում:
Օրակարգում.
1. Կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն
2. Հարց ու պատասխան
3. Առաջարկություններ և եզրակացություն:Գլխավոր հատակագծի փոփոխությունների խնդիրը բարձրացվել էր քաղաքապետարանի կողմից, քանի որ նախորդ գլխավոր հատակագծում կային բազմաթիվ թերություններ, որոնք քաղաքացիների կադաստրի կողմից սեփականությունները գրանցելու հնարավորություն չէին տալիս՝ հողերի սխալ նշանակությունների և այլ պատճառներով:Նախագծի իրականացմանը մասնակցեցին ՀՀ Քաղաքաշինության և Բնապահպանության նախարարությունների, «Հայնախագիծ» ԲԲԸ քաղաքաշինության արվեստանոցի աշխատակիցներ:
Օրհուս կենտրոնի կողմից բարձրացվեց երկու կարևոր խնդիր՝
1. 2007թ. Կապանի քաղաքապետարանը ցանկացել էր քաղաքի կենտրոնի մանկական զբոսայգու հարակից տարածքում կառուցել գլխավոր հատակագծով նախատեսված 27 ավտոտնակ, նույնիսկ ՀՀ նախագահին ուղղված նամակի պատասխանը թույլ էր տալիս կառուցել դրանք: Օրհուս կենտրոնում 2007թ. մայիսի 7-ին կազմակերպված հանրային քննարկման շնորհիվ քաղաքապետարանը կասեցրեց իր որոշումը: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ, որպեսզի մեկ այլ քաղաքապետ չկայացնի նշյալ վայրում ավտոտնակների կառուցման որոշում:
2. Հայտնի է, որ մանկական զբոսայգու զգալի կանաչ տարածքներ վարձակալությամբ տրվել են քաղքացիներին՝ կառուցապատման իրավունքով, առանց հանրությանը նախապես իրազեկելու ու առանց հանրային լսումների անցկացման: Եթե շինարարություն սկսվի և Օրհուս կենտրոն դիմեն քաղաքացիներ, ոչ պետական կազմակերպություններ՝ շինարարությունը կասեցնելու համար, իրավական տեսակետից որքանո՞վ արդարացի կլինի նրանց պահանջը: Օրհուս կենտրոնի ներկայացուցիչը հարց տվեց նաև, թե ի՞նչ է արվել նոր գլխավոր հատակագծում քաղաքի կենտրոնը, զբոսայգին փրկելու համար:Panorama 4Նշված հարցերին չտրվեցին հստակ պատասխաններ, դրանց չէին անդրադարձել: Քաղաքապետի տեղակալ Ռ. Սարգսյանն առաջարկեց նշված հարցերը գրավոր ներկայացնել քաղաքապետարան՝ ուսումնասիրելու ու լուծումներ գտնելու համար:

Հանրային քննարկման մյուս մասնակիցների կողմից ևս բարձրացվեցին հարցեր, եղան առաջարկություններ:Մասնակցեցին պետական, ոչ պետական կազմակերպությունների, ԶԼՄ-ների 40-ից ավելի ներկայացուցիչներ:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 79 59 21
Էլ. փոստ info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru