15,803 view

Էկո-ոսպնյակը Ստեփանավանում

18.08.2014
Օրհուսի կոնվենցիայի իրականացման աջակցմանը միտված «Մեր ապագան մեր ձեռքերում է» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնության շրջանակում հուլիսի 28-ին Ստեփանավանի «Սոճուտ» հանգստյան տանը Սեփանավանի, ՈՒռուտի, Սվերդլովի, Գյուլագարակի ակտիվ երիտասարդների համար կազմակերպվեց լուսանկարչության վարպետության դասընթաց:
Մասնակից երիտասարդներին ողջունեցին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Շրջակա միջավայրի պահպանության հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանը և Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մ. Մելիքջանյանը:

Դասընթացին ներկա էին նաև Ստեփանավանի Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները:

Դասընթացը վարեց էկոլրագրող, լուսանկարիչ Գ.Նանյանը: Նրա կողմից անցկացվող հերթական դասընթացը կազմված էր երկու մասից:

Առաջին՝ տեսական մասում Գ.Նանյանը հետաքրքրված երիտասարդներին ծանոթացրեց լուսանկարչության նրբություններին, հմտություններին, տեխնիկային: Երկրորդ` գործնական մասն անցկացվեց բնության գրկում, որի ընթացքում երիտասարդները դասընթացավարի հետ համատեղ և վերջինիս օգնությամբ սովորեցին լուսանկարել՝ նպատակային օգտագործելով լույսը և ստվերը:

Գործնական աշխատանքը կայացավ գեղատեսիլ վայրում` Գյուլագարակի դենդրոպարկում, որտեղ ամեն քայլափոխի կարելի է գեղեցիկ ու բովանդակալից լուսանկար ստանալ: Գյուլագարակի դենդրոպարկը գտնվում է Ստեփանավանից ոչ հեռու՝ Գյուլագարակ գյուղի մոտակայքում: Այն հիմնադրվել է 1933 թ.-ին՝ լեհ կենսաբան Էդմոնդ Լեոնովիչի կողմից: Նա երկար տարիներ այստեղ ապրել և աշխատել է՝ ընդլայնելով տարածքը, կատարելով գիտահետազոտական աշխատանք, հողին հանձնելով ու խնամելով աշխարհի տարբեր վայրերից պարբերաբար ստացված սերմերը, ծառերի, թփերի ու ծաղիկների տնկիները: Այստեղ այսօր 35 հա-ի վրա կարելի է հանդիպել 500 ծառատեսակների: 1986 թվ-ին՝ Էդմոնդ Լեոնովիչի մահից հետո, դենդրոպարկը ղեկավարում է նրա որդին՝Վիտալի Լեոնովիչը, որը բոլորովին վերջերս արժանացավ իր մատուցած ծառայությունների պաշտոնական ճանաչմանը: ՀՀ Բնապահպանության նախարարությունը պարգևատրեց նրան շնորհակալագրով՝ դենդրոպարկի պահպանության, զարգացման և հասարակական սիրված հանգստավայր դարձնելու գործում ներդրման համար:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108,
Էլ. փոստ. manya_lore@yahoo.com