25,790 view

Ահազանգ Տավուշի մարզերի ՓՀԷԿ-երի վերաբերյալ

15.08.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս ԳրիգորյանինՓոքր ՀԷԿ-երն իսկապես որ չարիք են դարձել Հայաստանի գետային էկոհամակարգերի համար: Ս.թ. օգոստոսի 14-ին ՀԲՃ-ի անդամներով հերթական տեղազննումն էինք անցկացնում տարբեր ՓՀԷԿ-երի ջրընդունիչ կայաններում՝ այս անգամ Տավուշի մարզում: Արդյունքները ցավոք նույն են, ինչ որ նախորդ բոլոր դեպքերում. այսպես կոչված էկոլոգիական թողքը հիմնականում բացակայում էր, տեղադրված չէին ջրաչափական սարքեր, որպեսզի հնարավոր լիներ պարզել թե որքան ջուր է անցնում գետով, բացակայում էին ջրի հոսքն ավտոմատ կառավարող համակարգեր, ձկնուղիներն իրենցից ներկայացնում էին անիմաստ
բետոնյա կառույցներ, որոնց միջով ձկներն ուղղակի չեն կարող անցնել, իսկ հաճախ էլ դրանք ամբողջովին չոր էին:
Ձեզ ենք ներկայացնում մեր արձանագրած խախտումներն ու դրանք փաստող լուսանկարները՝ խնդրելով տեղեկացնել մեզ և հանրությանը, նախարարության կողմից ձեռնարկած միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ.1. Աղստև գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին ընդհանրապես չոր էր, իսկ էկոլոգիական թողքն այնքան փոքր, որ գետը գրեթե չորացել էր:
2. Նույն գետի վրա «Քարեվարդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին նույնպես ընդհանրապես չոր էր: Ահնհար էր պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվության պայմաններին:
3. Աղստև գետի Գետիկ վտակի վրա «Էյէնդիջի Սթայլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Գետիկ ՓՀԷԿ-4»-ի ջրընդունիչ կայանի ձկնուղով չնայած ջուր անցնում էր, սակայն այն վերևի մասում փակված էր փայտի մեծ կտորով՝ ինչն անհնար էր դարձնում ձկների տեղաշարժը երկու ուղղություններով էլ: Այստեղ նույնպես հնարավոր չէր պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման պայմաններին:

Մեկ անգամ ևս պնդում ենք ս.թ. օգոստոսի 8-ին Ձեզ ուղղված մեր դիմումում ներկայացված առաջարկն առ այն, որ նախարարությունը պետք է շատ ավելի նախաձեռնող գտնվի և առաջարկի կառավարությանը միառժամանակ ձեռնպահ մնալ նոր ՓՀԷԿ-երի նախագծերի քննարկումից, քանի դեռ չեն գտնվել լուծումներ արդեն իսկ առաջ եկած խնդիրներին և չեն ընդունվել իսկապես էկոհամակարգային մոտեցումներ ապահովող օրենսդրական ակտեր, որոշումներ և չափորոշիչներ: Հակառակ դեպքում մենք հետագայում կբախվենք շատ ավելի լուրջ խնդիրների՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական առումներով:

Մենք գտնում ենք, որ պետք է անհապաղ մշակել և ընդունել մասնագիտորեն հիմնավորված բնապահպանական նորմեր ու ինժեներա-տեխնիկական չափորոշիչներ, որից հետո նոր միայն մտածել նոր ՓՀԷԿ-երի կառուցման մասին: Իսկ բոլոր շահագործվող ՓՀԷԿ-երը պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեն այդ նոր նորմերին և չափորոշիչներին:

Համահայկական բնապահպանական ճակատ
15.08.2014