17,561 view

Համայնքային զարգացման և անվտանգության թեմայով քննարկում

14.08.2014
Սույն թվականի օգոստոսի 14-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում կազմակերպվեց հանդիպում-քննարկում Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի և համայնքի ՀԿ-ների, ակտիվ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների միջև:
Քննարկման օրակարգում դրված էին համայնքի շրջակա միջավայրի պահպանության, համայնքային անվտանգության և երիտասարդությանը հուզող հարցեր:
Դիլիջանի Օրհուս Կենտրոնի համակարգող Ա. Հարոյանը` բացելով քննարկումը, նախ շնորհակալություն հայտնեց քաղաքապետից հանդիպմանը մասնակցելու պատրաստակամություն ցուցաբերելու համար, այնուհետև ներկայացրեց

օրակարգային հարցերը:
Ներկաները համայնքի ղեկավարին ներկայացրեցին համայնքում տիրող շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրները` անրադառնալով աղբահանության և սանմաքրման աշխատանքներին: Նշվեց, որ անցած տարիների համեմատ բավականին առաջխաղացում կա. ձեռք են բերվել նոր աղբահավաք մեքենաներ, ավելի հաճախակի է կատարվում աղբահանությունը, բայց այնուամենայնիվ կան բացթողումներ և համայնքի շատ թաղամասերում նկատվում են աղբի կույտեր` առաջացնելով ապօրինի փոքրիկ աղբավայրեր:

Ներկայացվեց նաև համայնքի երիտասարդությանը հուզող խնդիրները` աշխատատեղերի, ժամանցային մատչելի վայրերի և մասսայական միջոցառումների կազմակերպման հարցերը: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տեղեկատվության մատչելիության խնդիրներին` նշելով որ բավականին իրականացված, իրականացվող և ապագայում իրականացվելիք աշխատանքները շատ ժամանակ հասանելի չեն հանրությանը: Քննարկման ընթացքում բարձրացվեցին նաև համայնքի բնակչությանը հուզող շատ այլ հարցեր` մատնանշելով բոլոր այն խնդիրները, որոնք առկա են համայնքում:

Դիլիջան համայնքի ղեկավար Ա. Սանթրոսյանը իր հերթին ներկաներին ներկայացրեց այն բոլոր սպասվելիք աշխատանքները, որոնք կարճ ժամանակում պետք է իրականացվեն, հավաստիացրեց, որ բարձրացված խնդիրներից որոշները կարճ ժամանակում կլուծվեն:

Քննարկնամ մասնակիցները Դիլիջան համայնքի ղեկավարին առաջարկեցին չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբի թափելու դեպքերում կիրառել օրենքով սահմանված պատժամիջոցները: Տեղեկատվությունը ավելի մատչելի, հասանելի և օպերատիվ դարձնելու համար օգտագործել սոցցանցերի և բլօգների հնարավորությունները: Առաջարկվեց նաև մյուս տարվա համայնքային բյուջեի նախագծում միջոցներ նախատեսել երիտասարդական միջոցառումների համար:

Ներկաները իրենց հերթին համայնքի ղեկավարին պատրաստակամություն հայտնեցին իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել բարձրացված խնդիրների լուծմանը` իրազեկել և մասնակից դարձնել հանրությանը համայնքային խնդիրների համատեղ լուծման գործընթացներում:

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 2-31-38, 94 763594
Էլ. Փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru