990 view
«ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին հանքահումքային թափոնները. խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի 2013թ.-ի հոկտեմբերի կլոր սեղան – սեմինարի արդյունքները

25.07.2014

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնը (ԿԶԿ) 2013թ. հոկտեմբերի 31-ին, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր կլոր սեղան հանդիպում ՀՀ հանքահումքային թափոնների խնդիրների և դրանց լուծման ուղիների քննարկման նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, ՀՀ հասարակական և գիտական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների («Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա», Էկոակադեմիա ՀԿ, Հայաստանի Օրհուս կենտրոններ, ԵՊՀ էկոիրավունքի գիտակրթական կենտրոն, «Էկոլոգիական հասարակական դաշինք», «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնություն, «Վառվող Աստղ» և այլն) ներկայացուցիչներ և անհատներ, ինչպես նաև ԵՊՀ ֆակուլտետային և գիտական կենտրոնների աշխատակիցներն ու ուսանողները: Հանդիպումը լուսաբանվել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից:

Հանդիպումը բացեց ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մովսեսյանը և հանդես եկավ «ՀՀ լեռնային արդյունաբերության տեխնածին հանքահումքային թափոնները. խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» թեմայով զեկույցով: Զեկույցը հիմնված էր կենտրոնի աշխատակիցների և ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների արդյունքների վրա` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանու ներքո:

Երկրի տնտեսական զարգացվածության բարձր մակարդակին կարելի է հասնել սեփական բնական ռեսուրսների ինտենսիվ արդյունահանման և վերամշակման հաշվին: Սակայն երկրի տնտեսական զարգացումը որոշվում է ոչ այնքան արդյունահանված հումքի քանակությամբ, որքան նրանց ռացիոնալ, քաղաքակիրթ և նորարարական մեթոդներով օգտագործելու հնարավորությամբ. հանքային հումքի խորքային վերամշակում, ընդերքօգտագործումից ստացված եկամուտների բաշխում և այլն:

Զարգացած երկրներում ընդերքի շահագործումից ստացված գումարները ուղղվում են գիտատարողունակ, տեխնոլոգիական և հումքախնայող առաջատար արտադրությունների ստեղծմանը: Այդ երկրներում տնտեսության ուղղվածությունը տեխնիկատնտեսականից միտված է դեպի երկրի սոցիալ – տնտեսական հարցերի լուծմանը:
Ժամանակակից քաղաքակրթությունը օգտագործում է ահռելի քանակությամբ հանքային հումք, որի ճնշող մեծամասնությունը վեր է աճվում թափոնների: Մեկ բնակչի հաշվով ընդերքից արդյունահանվում է 50 տ լեռնային զանգված, որի 48 տ-ն վերջնական արդյունքում դառնում է թափոն՝ օգտագործվում է միայն 4%-ը:

ՀՀ-ում կուտակվել և կուտակվում են մեծածավալ լեռնաարդյունաբերական թափոններ, որոնք իրենցից ներկայացնում են տեխնածին հանքահումքային կուտակումներ: Գնալով դրանց ծավալները կտրուկ աճում են ի հաշիվ հիմնականում մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի, որոնց հիմնական մասը շահագործվում է բաց եղանակով:

Ներկայումս ՀՀ-ում առկա է մոտ 20 պոչամբար, որոնցից կոնսերվացված են միայն 7-ը, 1-ը կառուցման փուլում է, մյուսները գործում են այս կամ այն աստիճանով: Հաշվի առնելով լեռնային ձեռնարկությունների նախագծերում տարեկան արտադրողականության պլանները, հաշվարկվել է, որ հանրապետության տարածքի գործող պոչամբարներում ծավալային աճը տարեկան կտրվածքով կկազմի 12-14 մլն խոր.մ, որը կկազմի 20 – 22 մլն տ: Դրան ավելացնելով նաև մակաբացման ապարների ու արտահաշվեկշռային հանքաքարերի թափոնները, կստանանք ահռելի քանակություններ՝ 40 – 45 մլն տ: Չնայած նշված բացասական կողմերի, այդ թափոնների որոշակի մասը կարող է օգտագործվել որպես երկրորդական հանքային հումք` շինանյութերի արտադրման և մետաղների լրացուցիչ կորզման համար:
Աշխատանքը կատարվել է մի քանի հաջորդական փուլերով:

Առաջին էտապում որոշվել է թափոնակույտերի վնասակարության աստիճանը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության մեղմացման հնարավոր ուղիները:

Երկրորդ փուլում տրվել է լեռնահանքային թափոնակույտերի հանքային ներուժի գնահատականը Ողջիի թափոնակույտի կառուցված եռաչափ մոդելի և տնտեսագիտական ցուցանիշների կիրառման հիման վրա:
Երրորդ փուլում ստացված արդյունքների ամփոփումը թույլ տվեց անել առաջարկություններ օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու, լեռնային ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման, թափոնակույտերի խորացված ուսումնասիրությունների և նոր թափոնակույտերի ձևավորման վերաբերյալ:
Ըստ բնույթի լեռնահանքային թափոնակույտերը բաժանվում են երկու հիմնական խմբերի՝
- Առաջացած օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում: Նրանց վերագրվում են ներփակող և մակաբացման ապարների, արտահաշվեկշռային հանքաքարերի լցակույտերը, որոնք ենթարկվել են միայն մեխանիկական ազդեցության (կոտրատում, տեղափոխում)
- Առաջացած հանքային հումքի վերամշակման պրոցեսում՝ շլամի և հարստապոչերի պահեստարանները (պոչամբարներ), մետաղագործական վերամշակման թափոններ:

ՀՀ տարածքում լեռնահանքային թափոններից ամենավտանգավորն են պոչամբարները, այնուհետև արտահաշվեկշռային հանքաքարերի և վերջում մակաբացման ապարների լցակույտերը: Ըստ վտանգավորության աստիճանի ՀՀ մետաղական օգտակար հանածոների բոլոր պոչամբարները դասվում են 2-րդ և 3-րդ վտանգավորության աստիճան ունեցող խմբերին: Ամենավտանգավորը Արարատի ոսկեկորզման ֆաբրիկայի հարստապոչերի պոչամբարն է, դրան հաջորդում են կապար-ցինկի, պղինձ-մոլիբդենի և պղնձի հանքաքարերի վերամշակման հարստապոչերի գործող պոչամբարները: Շարքը եզրափակում են հին, մասամբ կոնսերվացված, գունավոր մետաղների հայտնի պոչամբարները:

Թափոնակույտերի վնասակար ազդեցության մեղմացման համար անհրաժեշտ է դրանց վնասազերծել՝ օգտակար և վնասակար տարրերի կորզում, շինանյութերի պատրաստում, մնացած մասի կոնսերվացում: Վերջինս իր մեջ ներառում է հողածածկույթ խոտային բույսերով, երկրաքիմիական արգելապատնեշների ստեղծում:

Տեխնածին կուտակումներն ի տարբերություն առաջնային հանքաքարերի ավելի աղքատ են, սակայն ունեն մի շարք առավալություններ՝ հումքն արդյունահանված է ընդերքից, մանրացված է և պահեստավորված է պահանջվող վայրում և այլն:
Տնտեսագիտական հաշվարկները ցույց տվեցին, որ պոչերի մշակման պրոցեսում պղնձի 0.09 % կողային պարունակությունը կապահովի զրոյական շահութաբերություն: Տեխնածին թափոնակույտերի արդյունաբերական վերամշակման ամենանպաստավոր տեխնոլոգիան համարվում է կույտային տարրալվացումը (SX-EW պրոցես), որը համեմատաբար անվտանգ է և ապահովում է կորզման բարձր աստիճաններ, չի պահանջում մեծ կապիտալ ներդրումներ և ունի արտադրության ցածր ինքնարժեք:

Թափոնները որպես տեխնածին հանքավայր օգտագործելու հիմնավորման համար որպես մոդելավորման օբյեկտ ընտրվել է խոշոր, կոնսերվացված Ողջիի պոչամբարը, որում կուտակվել են Քաջարանի կոմբինատի հարստացման պոչերը:
Ողջիի պոչամբարի գնահատման նպատակով կառուցվել է դրա եռաչափ մոդելը, առանց որի հնարավոր չէր պատկերացում կազմել պոչամբարի իրական ծավալի և դրանում առկա բաղադրիչների տեղաբաշման մասին: Մոդելի կառուցման ընտրությունը պայմանավորված էր նաև ներկայումս գործող պոչամբարների նկատմամբ տեղեկատվության գաղտնիության և դրանց ուսումնասիրությունների հետ կապված բարդություններով: Ստացված մոդելը հնարավորություն կտա դատել մնացած նմանատիպ պոչամբարների ներուժի և դրանցում առկա տարրերի տեղաբաշխման վերաբերյալ: Արդյունքում Ողջիի պոչամբարի կառուցված եռաչափ մոդելում առանձնացվեցին օգտակար բաղադրիչներով հարուստ ենթաշերտերն ու աղքատ հատվածքները:

Պարզվեց, որ պղնձի «հարուստ» կոնցենտրացիաները կապված են ավազային ֆրակցիայի հետ (ռեսուրսները 15 մլն տ) և դրանց շահագործումը կապահովի 1տ-ից 1.0 – 1.2 $ եկամուտ: Սակայն նրանց շահագործումը չի պակասեցնելու ընդհանուր պոչերի քանակությունը և արդյունաբերական պրոցեսում կպահանջվի կույտերի կազմավորման համար խոշոր հարթակների կառուցում, ինչը հնարավոր չէ կիրճի բարդ կառուցվածքի պատճառով: Հաշվի առնելով, որ պոչամբարը ռեկուլտիվացված է, դրան այժմ չի կարելի ձեռք տալ, այլ ուղակի պետք է շուրջը կազմակերպել երկրաքիմիական արգելապատնեշ և անցկացնել իրավիճակի մոնիտորինգ:

Թափոնների երկրորդական օգտագործման տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում հյուսիսում գտնվող Ախթալայի, Շամլուղի և Ալավերդու պոչամբարներում պարփակված թափոնները և ինչպես նաև Ալավերդու պղնձաձուլարանի շլակները: Պոչամբարները թվով չորսն են, չափերով փոքր են ի տարբերություն հանրապետության հարավում տեղադրված պոչամբարների՝ 0.5 – 0.8 մինչև 1.5-1.8 մլն. տ, նրանցում մեր գնահատմամբ պղնձի պարունակությունը մի քանի անգամ բարձր է: Վերջիններիս 1 տ-ի շահագործումից կարելի է ստանալ 5-8 $ եկամուտ: Բացի տնտեսագիտականից, այն կապահովի նաև էկոլոգիական արդյունավետություն: Բոլոր պոչամբարները ներկայումս գտնվում են վատթարագույն վիճակում, ենթարկում են լվացման, ավելի տոքսիկ են, տեղադրված են բնակավայրերում կամ անմիջապես դրանց հարևանությամբ:

Բերվածը վկայում է այն մասին, որ առաջին հերթին նպատակահարմար է շահագործել հյուսիսում տեղադրված հարստապոչերը: Բացի մետաղի կորզումից և վտանգավոր միացությունների վնասազերծումից, հնարավոր է նաև արտադրել որոշ քանակությամբ շինանյութեր տեղական օգտագործման և արտասահմանյան երկրներ արտահանման նպատակներով: Պոչամբարների մոտակայքով անցնում է երկաթգիծ:
Թանկարժեք տեխնածին կուտակումներ են նաև արտաբալանսային հանքաքարերի լցակույտերը, որոնք անկասկած ունեն արդյունաբերական նշանակություն: Վերջիններս նույնպես առաջարկվում է մշակել էժան՝ կույտային տարրալվացման եղանակով: Քաջարանի հանքավայրում արտաբալանսային օքսիդացված հանքաքարերի քանակությունը հասնում է 80 մլն-ի, դրանցում պղնձի պարունակությունը կազմում է 0.2%, իսկ մոլիբդենինը 0.02%: Ագարակի հանքավայրում կուտակված է օքսիդացված հանքաքարերի 30 մլն տ քանակություն: Այս խնդիրը չի շրջանցել հյուսիսի հանքավայրերը, որտեղ լեռնային փորվածքների թափոնակույտերում և ընդերքում առկա են օգտակար բաղադրիչների «բարձր»՝ չկորզված պարունակություններ:
Անհրաժեշտ է նշել, որ բերված տվյալները ըստ մետաղների պարունակությունների և քանակությունների պետք է որակավորել որպես P1 կարգի կանխատեսումային ռեսուրսներ, այլ ոչ թե արդյունաբերական պաշարներ: Ուստի արված հաշվարկներն ունեն նախնական գնահատողական բնույթ և պահանջում են հաստատում՝ թափոնների հետախուզում և երկրաբանատնտեսագիտական գնահատում: Խոշորացված հաշվարկներով պոչերի 1 հա-ի հետախուզման համար անհրաժեշտ կլինի ծախսել առավելագույնը 5 – 6 հազ. $:

Մեկ այլ կարևոր հանգամանք է ժամանակի հրամայականը ծրագրավորված չափանիշներով տեխնածին հանքավայրերի կազմավորումը: Տեխնածին կուտակումների կազմավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել կուտակման ձևը, չափերը, տեղադրման պայմանները, լցման ուղիները, ներքին կառուցվածքը, պահեստավորվող օգտակար հանածոյի որակը:

Աշխատանքի կատարման արդյունքում կարելի է հանգել հետևյալ կարևորագույն եզրակացություններին և անել կոնկրետ առաջարկություններ.
- Կատարել սահմանադրական և օրենսդրական փոփոխություններ:
Հատկապես Սահմանադրության մեջ ավելացնել, որ ընդերքը նրանում պարփակված հանքային կուտակումներով հանդիսանում է ներկա և ապագա սերունդների հարստությունը: Պետությունը պետք է ոչ միայն տնօրինի, այլև ի դեմս կառավարության, պետք է պատասխանատվություն կրի դրա ռացիոնալ օգտագործման և ի շահ երկրի քաղաքացու բարորության ապահովման համար:
- Ընդերքի ոլորտի օրեսնդրական դաշտը համապատասխանեցնել միջազգայինին:
- Ընդերքօգտագործման բնագավառում մշակել հստակ պետական քաղաքականություն:
- Ավելացնել հանքավայրերի շահագործման դիմաց գանձվող վճարները, հասցնելով այն 60 %-ի և նպատակային օգտագործել գանձվող բնավճարները: Ընդերքօգտագործումից ստացված վճարների կեսը տրամադրել այն համայնքներին, որոնց տարածքներում գտնվում են հանքավայրերը:
- Անցկացնել պոչամբարների և արտահաշվեկշռային հանքաքարերի լցակույտերի հաշվառում և ծավալների հստակ որոշում, նրանցում առկա օգտակար և վնասակար բաղադրիչների ու միացությունների հետազոտում, պաշարների հաշվարկ և տնտեսագիտական գնահատում:
- Կատարել թափոնակույտերի ինժեներա և հիդրոերկրաբանական պայմանների հետազոտում, դրանցում քիմիական էլեմենտների տարրալվացման աստիճանի որոշում:
- Գործող թափոնակույտերը կազմավորել որպես ապագա տեխնածին հանքավայրեր՝ հետագայում դրանց օգտագործման նպատակով:

Կլոր սեղանի ակտիվ քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր և տրվեցին սպառիչ պատասխաններ, հնչեցին առաջարկություններ: Կատարված աշխատանքը բարձր գնահատվեց մասնակիցների կողմից: Մասնավորապես ՀՀ Նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի կողմից նշվեց, որ ներկայումս ՀՀ Կառավարությանն առընթեր գործող Կայուն զարգացման խորհրդի շրջանակներում ձևավորվում է «Ռիո+20» ՄԱԿ-ի գագաթաժողովի որոշումները ՀՀ-ում իրականացմանը նպատակաուղղված միջգերատեսչական հանձնաժողով և, ըստ իր կածիքի, կատարված աշխատանքը շատ կարևոր է այդ տեսանկյունից, մասնավորապես ստացված արդյունքները պետք է ներակայցնել «ընդերքօգտագործումը և շրջակա միջավայրը» ենթահանձնաժողովում, ուր և կմշակվեն անհրաժեշտ ապագա միջոցառումների ցանկը տվյալ ուղղությամբ: