728 view
«Անվճար ոռոգման ջրի հատկացումը որպես միջոց ՀՀ-ում ոռոգվող հողերի մշակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով» թեմայով ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի 2013թ.-ի նոյեմբերի կլոր սեղան – սեմինարի արդյունքները

25.07.2014

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնը (ԿԶԿ) 2013թ. հոկտեմբերի 31-ին, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր կլոր սեղան հանդիպում հողերի մշակման արդյունավետության բարձրացման նպատակով ոռոգման ջրի օգտագործման խնդիրների ուսումնասիրման և քննարկման համար:

Միջոցառմանը մասնակցում էին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, ՀՀ հասարակական և գիտական կազմակերպությունների («Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա», Էկոակադեմիա ՀԿ, Հայաստանի Օրհուս կենտրոնների, ԵՊՀ էկոիրավունքի գիտակրթական կենտրոն, և այլն) ներկայացուցիչներ և անհատներ, ինչպես նաև ԵՊՀ ֆակուլտետային և գիտական կենտրոնների աշխատակիցներն ու ուսանողները: Հանդիպումը լուսաբանվել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից:

Հանդիպմանը նշված թեմայով զեկուցեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու Մարատ Գրիգորյանը: Աշխատանքը հիմնված էր կենտրոնի աշխատակիցների և ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների արդյունքների վրա` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանու ներքո:
ՀՀ-ում աղքատության նվազեցման, ինչպես նաև բնակչությանը լրացուցիչ աշխատանքային տեղերով ապահովելու և արտագաղթը նվազեցնելու համար առաջնային նշանակություն ունի գյուղատնտեսական ոռոգվող հողատարածքների ինտենսիվ և արդյունավետ շահագործումը:

Բազմաթիվ են այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են գյուղատնտեսության զարգացմանը: Դրանցից մենք կառանձնացնենք ոռոգման նպատակով վճարովի ջրի հատկացումը: Մեկ համայնքի օրինակով մեր ուսւոմնասիրությունները հնարավորություն են տալիս կատարել հետևյալ եզրակացությունը: Այն համայնքը, որտեղ մենք կատարել ենք ուսումնասիրություններ, գտնվում է Արարտի մարզում և ունի 500 հեկտար ոռոգվող հողատարածք, որից 100 հեկտարը տնամերձ հողամասեր են, 400 հեկտարը՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ հողատարածքների մոտ 15%-ն ընդհանրապես չեն մշակվում, իսկ 20%-ը մշակվում են անարդյունավետ և ոչ նպատակային: Գյուղացին այդ տարածքներից եկամուտներ չի ստանում, կամ էլ աստանում է շատ չնչին եկամուտ:

Որպես հարկ գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկ հեկտարի համար գյուղացին վճարում է 25-30 հազար դրամ՝ կախված մշակվող հողի կարգից և մշակվող բույսի տեսակից: Այդ հարկից համայնքի բյուջե է մուտքագրվում մոտավորապես 15 մլն դրամ: Յուրաքանչյուր տարի պետական բյուջեից համայնքին տրվում է լրավճար (դոտացիա) մոտ 22 մլն դրամ: Եվ եթե հաշվենք նաև այլ հարկերը, որոնք մուտք են արվում համայնքի բյուջե, կարող ենք ասել, որ համայնքի բյուջեն տարեկան կազմում է մոտավորապես 40 մլն դրամ:

Գյուղացին մեկ հեկտար այգին մեկ անգամ ջրելու համար վճարում է 20 հազար դրամ, իսկ բանջար-բոստանային կուլտուրաների մշակման դեպքում 13 հազար դրամ: Ստացվում է, որ մեկ հեկտար հողամասը ոռոգելու համար գյուղացին տարեկան վճարում է 80-100 հազար դրամ:
Ոռոգման ջուրը տրվում է որոշակի օրերին, այն էլ ոչ բավարար քանակությամբ և ոչ հաստատուն գրաֆիկով: Ջրի համար վճարումը պահանջվում է հիմնականում հողատարածքը ջրելուց առաջ: Եվ հաճախ է պատահում, որ ոռոգման ամենաշոգ շրջանում ոռոգման ջրի հատկացումը դադարեցվում է չվճարումների պատճառով:

Ամեն տարի ջուր օգտագործողների միությունը (ՋՕՄ) հաշվետվություններ է ներկայացնում կառավարությանը, ըստ որի հատկացվող ջրի վարձավճարները չեն հավաքագրվել ամբողջովին և, որ ջուր օգտագործողները պարտք են ՋՕՄ-երին հսկայական գումարներ և այդ պարտքը փակվում է պետբյուջեի գումարների հաշվին: Մեր ստացած տվյալների համաձայն, պետբյուջեից տրվող հատկացումները համայնքներին որպես լրավճար, կազմում է մոտ 1.0-1.2 միլիարդ դրամ, իսկ ՋՕՄ-երի կողմից չհավաքված վարձավճարների համար պետբյուջեից տրվում է մոտ 1.5-1.7 մլն. դրամ:

Եթե ոռոգման նպատակով ջուրը տրվում է անվճար, իսկ ոռոգման հողի տուրքը 30 հազարից դարձվում է 80 հազար դրամ, ապա մենք լուծում ենք հետևյալ խնդիրները՝
ա) կմեծանա համայնքի բյուջե ներմուծվող գումարները, և անհրաժեշտ չի լինի պետբյուջեից լրավճարներ հատկացնել համայնքներին: Կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, որովհետև համայնքի բյուջեի ծախսերը վերահսկելի են և թափանցիկ:
բ) Ոռոգվող հողատարածքների հարկի բարձրացումը կստիպի հողերի սեփականատերերին, վարձակալներին այն արդյունավետ մշակել կամ էլ հրաժարվել հողի սեփականությունից, հանձնելով այն համայնքի տնօրինությանը:
գ) Անվճար ոռոգմա ջրի մատակարարումը, կմեծացնի համայնքի և ղեկավարության պատասխանատվությունը ջուրն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Կվերանան կոռուպցիոն ռիսկերը, որոնք կան ՋՕՄ-երի աշխատանքներում:
դ) Կվերանան պետբյուջեից ՋՕՄ-երին հատկացվող լրավճարները (դոտացիաները):
Նշված միջոցառումների արդյունքում հնարավորություն է ստեղծում մեծացնել համայնքի բյուջեի եկամուտները, առանց լրավճարների (դոտացիայի), տարեկան մոտ 2.5-3.0 միլիարդ դրամով կրճատել բյուջեից տրվող լրավճարները (դոտացիան):

Զեկուցման ավարտին հնչեցին տարբեր հարցեր, եղան քննարկումներ և ելույթներ: