16,262 view

«Էկոխճանկար» նախագծի շահառուները Գավառի Օրհուս կենտրոնում

14.07.2014
Gavar_14_07

Հուլիսի 14-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ էկոկրթական սեմինար
«Էկոխճանկար» նախագծի 11-16 տարեկան շահառու երեխաների համար: Նախաձեռնությունն իրականացվում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները փոփոխության համար» ծրագրի Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի անդամների կողմից: «Էկոխճանկար» նախագծի նպատակը երեխաների մոտ էկոմտածողություն ձևավորելն է:Էկոխճանկար նախագծի համակարգող Ա. Վարդանյանի խնդրանքով սեմինարին ներկայացվեց նաև Օրհուսի կոնվենցիան, որովհետև ծրագրի ավարտին անցկացվելու է մրցույթ, որի հարցաշարում լինելու են նաև կոնվենցիային վերաբերող հարցեր:

Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանը կոնվենցիայի դրույթները, դրա կարևորությունն ու իրականացման խոչընդոտները ներկայացնելուց հետո սեմինարի մասնակիցների հետ անցկացրեց քննարկում մարզի բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Մասնակիցները նախապես դիտել էին «Բլեջան» ՀԿ-ի կողմից 2010թ.-ին ՔԳԱՇՄ փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նկարահանված «Հմայքի ու ցավի գույները» ֆիլմը՝ համալիր տեղեկատվություն ստանալով Գեղարքունիքի բնապահպանական խնդիրների մասին:Gavar_14_07 (2)Երեխաները հարց բարձրացրին, թե արդյոք ձկան որսն ընդհանրապես արգելելու դեպքում լճի ձկնային պաշարները կվերականգնվեն: Պատասխանը եղավ, որ համակարգված մոտեցում է պետք, օրինակ 3 տարի արգելել որսը, ինչի արդյունքում ձուկը սեռահասուն կդառնա, կձվադրի, պաշարները բավականաչափ
կվերականգնվեն, որից հետո կարելի է որսի թույտվություն տալ՝ ցանցերի չափսերը, որսի քանակները կարգավորելով: Բայց երեխանեը առաջ քաշեցին նաև հարցի մյուս՝ սոցիալական ասպեկտը, թե ինչպե՞ս ապրեն մարդիկ, որոնց ապրելակերպը ձկնորսությունն է ու այլ զբաղմունք չունեն:

Քննարկվեցին նաև աղբահանության հետ կապված հարցեր, գետերի աղտոտված վիճակը, ՓՀԷԿ-րի խնդիրը: Լ. Ասոյանը ներկայացրեց հասարակական լսումների եռափուլ համակարգը, հանրությանը նախագծման վաղ փուլից իրազեկման և վերջնական որոշման կայացմանը հանրության մասնակցության հարցերը: Երեխաներն առաջ քաշեցին հանրության որոշ մասին հեշտությամբ կաշառելու միջոցով նրանց համաձայնությունն ստանալու խնդիրը, որի արդյունքում անկաշառ քաղաքացիների պայքարն անարդյունավետ է դառնում: Լ. Ասոյանը կարևորեց իրենց իրավունքների լավ իմացությունն ու անկոտրում պայքար տանելու պատրաստակամությունը: Ներկայացրեց մի քանի դրական օրինակներ, երբ քաղաքացիական հասարակությունը կազմակերպված, հետևողական պայքարի արդյունքում լսելի է դարձրել իր ձայնն ու փոփոխել իրավասու մարմինների կողմից արդեն կայացված որոշումը՝ գրանցելով փոքրիկ հաղթանակներ: Օրինակները ոգևորեցին երեխաներին:
Մասնակիցները ցանկություն հայտնեցին, որ համագործակցությունն ու կապը Օրհուս կենտրոնի հետ շարունակական լինի:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս Կենտորոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. (+374) 551364