15,686 view

Օրհուս կենտրոնների աշխատանքային հանդիպման առանցքը կենտրոնների հետագա կառավարման հարցն էր

13.07.2014
Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Օրհուս կենտրոնների աշխատանքային հերթական հանդիպումը: Սկզբում իր գործընկերներին Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Ս. Այվազյանը մանրամասներ ներկայացրեց Նիդերլանդների թագավորության Մաստրիխտ քաղաքում տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի կողմերի 5-րդ և Աղտոտիչների արտանետնումների տեղափոխման ռեգիստրի (ԱԱՏՌ) արձանագրության երկրորդ հանդիպումից: Նշեց թե՛ Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացման ընթացքի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանի զեկույցի, թե՛ կոնվենցիայի կիրարկման հետ կապված խնդիրների,

մասնավորապես օրենսդրական բացերի ու կոնվենցիայի դրույթներին ազգային օրենսդրության անհամապատասխանության վերաբերյալ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Ա. Գրիգորյանի ելույթի մասին:

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանը ևս կարևորեց Մաստրիխտյան հանդիպումը, Օրհուսի կոնվենցիայի իրականացման, ինչպես նաև Օրհուս կենտրոնների գործունեության վերաբերյալ քննարկումները: Անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի ընդունած V/9a որոշմանը՝ նշեց, որ Օրհուսի կոնվենցիայի ձախողումը պայմանավորված է հանրության մասնակցության ընթացակարգի բացակայությամբ: Կարևորեց շրջակա միջավայրի վրա ազդեցության, մարդկանց առողջությանն ու ունեցվածքին հասցվող վնասի գնահատման և փոխհատուցման մեխանիզմների մշակումն ու կիրառումը: «Օրհուս կենտրոններն իրնեց վրա են վերցրել հասարակ քաղաքացուն իր իրավունքների մասին իրազեկելու և այդ իրավունքները պահպանելու գործում աջակցելու մանդատ և կենտրոնները շահագրգիռ չեն հանրության և կառավարության միջև կոնֆլիկտային վիճակի սրման ու երկարատևության հարցում: Կենտրոնների գործողությունները պետք է ուղղված լինեն կոնֆլիկտների հարթեցմանը»:

Իրավաբան Ա. Համբարձումյանը խոսեց Օրհուս կենտրոնների գոյության համար կարևոր մի գործընթացի՝ Օրհուս կենտրոնների կառավարման նպատակով հիմնադրամի ստեղծման իրավական հիմքերի ու կենտրոնների իրավական կարգավիճակի մասին: «Բանը նրանում է, որ Օրհուս կենտրոնները դե ֆակտո կան, բայց դե յուրե գոյություն չունեն»,- նշեց նա:

Քննարկվեց հոգեբարձումների խորհրդում կառավարական և ոչ կառավարական կառույցների հավասար ներկայություն ապահովելու հարցը: Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգողն առաջարկեց, որ քաղաքացիական հասարակությունը ոչ միայն ներկայացված լինի հոգաբարձուների խորհրդում, այլև կառավարության հետ հանդես գա որպես հիմնադիր:

Օրհուս կենտրոնների համակարգողների մեծ մասը կարևորեցին հիմնադրամի հիմնադիրների թվում կառավարությունից զատ նաև հասարակության՝ ի դեմս քաղաքացիական հասարակական ինչ-որ կառույցի մասնակցությունը, ինչը հիանալի օրինակ կարող է լինել հասարակություն-կառավարություն համագործակցության ու կարող է դառնալ Օրհուս կենտրոնների կառավարման յուրօրինակ մոդել: Որոշվեց Բնապահպանության նախարարի հետ հանդիպմանը ներկայացնել թե՛ Օրհուս կենտրոնների հետագա ճակատագրի ու հիմնադրամի ստեղծման հետ կապված մտահոգությունները, թե՛ հնչած առաջարկները:

Աշխատանքային հանդիպման երկրորդ մասում կենտրոնների աշխատակիցները «Բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացների հանրային մոնիտորինգի մեթոդները» թեմայով վերապատրաստման դասընթաց անցան, որը նախաձեռնել էր Երրոդ բնություն ՀԿ-ն: Թեմայի շուրջ դասախոսություն կարդաց Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գ. Պետրոսյանը, ով սերտ մասնակցություն է ունեցել համանուն մեթոդական ձեռնարկի մշակմանը, որի օրինակները տրամադրվեցին բոլոր Օրհուս կենտրոններին: Կենտրոնների աշխատանկիցներին հետաքրքրեցին ներկայացվող մեթոդները, նրանք համալրեցին իրենց գիտելիքները բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման, սպասարկման, անձնագրավորման, կանաչ տնկարկների գույքագրման, հաշվառման, խնամքի, կանաչ տնկարկների վիճակի մոնիտորինգի գործընթացների, ինչպես նաև կանաչապատման ոլորտին առնչվող նախագծերի իրականացման գործընթացների վերաբերյալ: Ներկայացվող մեթոդները որոնք կարող են աջակցել բոլոր շահագրգիռ կառույցներին, այդ թվում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև վերահսկողական և տեսչական մարմիններին` ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառավարման գործընթացներում գործուն վերահսկողություն և մոնիտորինգ իրականացնելու նպատակով:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com