15,984 view

Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների հանդիպումը Բնապահպանության նախարարի հետ

13.07.2014
Հուլիսի 10-ին Հայաստանի Օրհուս կենտրոնների աշխատակիցները հանդիպում ունեցան Բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանի հետ, հանդիպմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Բնապահպանական ու տնտեսական հարցերով բաժնի ներկայացուցիչները, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգողը, նախարարի տեղակալները, նախարարության աշխատակիցներ:
Իր ողջույնի խոսքում նախարարը կարևորեց բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ նպատակային և արդյունավետ քաղաքականության իրականացման առումով:

Ողջունեց Օրհուս կենտրոնների աշխատանքը, դրանց ակտիվ մասնակցությունը օրենքների մշակման գործընթացին՝ ի նպաստ նոր օրենքների լիարժեքության ու դրանք ժողովրդին արդյունավետ ծառայեցնելուն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Բնապահպանական և տնտեսական ծրագրերի պատասխանատու Տ. Դեմբսկին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, խոսեց կենտրոնների արդյունավետ աշխատանքի մասին՝ մատնանշելով, որ ԵԱՀԿ անդամ 57 պետությունների կողմից Հայաստանի օրհուս կենտրոնների ծրագիրը գնահատվել է լավագույնը և կենտրոնների փորձը օրինակ է ծառայում ինչպես արդեն Օրհուս կենտրոններ ունեցող, այնպես էլ դրանց ստեղծման մտադրություն ունեցող երկրների համար:

ԵԱՀԿ շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանը խոսեց այն մասին, որ ի սկզբանե կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել ստեղծումից 3 տարի անց Օրհուս կենտրոնների գործունեության ու պահպանության հոգսն ամբողջությամբ կառավարությանը փոխանցելու վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներով գործընթացը ձգձգվում է և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը ստիպված շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կենտրոններին՝ հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարության կերտման ու Օրհուսի կոնցվենցիայի իրականացմանն աջակցելու գործում դրանց ունեցած մեծ դերը: Նշեց, որ իրենք ներկայացրել են կենտրոններին հիմնադրամի իրավակազմակերպական ձև տալու ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները և հուսով են, որ գործընթացը նոր փուլ կթևակոխի:

Օրհուս կենտրոնների աշխատակիցները ներկայացրին հիմնադրամի ստեղծման հետ կապված իրենց առաջարկները: Կենտորոնների տեղեկատվության պատասխանատու Մ. Չաքրյանը նշեց, որ այլ երկրներում կենտրոնները գործում են կամ կառավարության՝ ի դեմս շրջակա միջավայրի հարցերով զբաղվող նախարարությունների, կամ հասարակական կազմակերպությունների հենքի վրա, և Հայաստանի Օրհուս կենտրոնների հաջողության գրավականը նաև այն է, որ դրանք կարգավիճակ չեն ունեցել ու միջանկյալ օղակ են հանդիսացել կառավարության ու հանրության միջև: Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող Ն. Պողոսյանը նշեց, որ կառավարություն-հասարակություն հավասար իրավունքներով մասնակցությամբ կարելի է ստեղծել կենտրոնների կառավարման նոր մակարդակի՝ «հայկական մոդել»: Բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը, հաստատելով կենտորններին պետական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, առաջարկեց հարցի վերաբերյալ առաջիկայում մասնագիտական քննարկումներ կազմակերպել ու ներկայացնել լրամշակված նախագիծ:

Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գ. Պետրոսյանը նշեց, որ տեղեկատվության մատչելիությունը ընդամենը մեխանիզմ է մասնակցության համար, մինչդեռ հանրության մասնակցությունը ներկայումս ձևական բնույթ է կրում, չկան վերջնական որոշման վրա ազդելու օրենսդրական մեխանիզմներ ու ՇՄԱԳՓ մասին նոր օրենքի նախագիծը ոչ միայն այդ հնարավորությունները չի տալիս, այլև խառնաշփոթ է մտցնում: Նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանը չհամաձայնեց՝ հավաստիացնելով, որ նոր օրենքի նախագիծը քայլ առաջ է ու դրանում հաշվի են առնվել Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի որոշումները:

Օրհուս կենտրոնների համակարգողները նախարարին ներկայացրեցին շրջակա միջավայրի ու ոլորտում ընթացող գործընթացների մասին հանրությանը պատշաճ իրազեկման, հանրության լիարժեք մասնակցության, օրենսդրական դաշտին և բնօգտագործման ոլորտում վերահսկողական մեխանիզմներին առնչվող մի շարք այլ հարցեր:
Նախարար Ա. Գրիգորյանը տեղեկացրեց բնապահպանական նորմերի պահպանման ու վերահսկողության օրենսդրական մեխանիզմների խստացման, տեղեկատվության որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ առաջարկելով համբերությամբ զինվել ու ներողամիտ լինել մինչ բարեփոխումների իրականացումը, կարևորեց ոլորտի խնդիրների լուծման համար ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com