15,544 view

Արարատյան դաշտի և Սևանա լճի աղետի մասին ֆիլմի շնորհանդես Գավառում

09.07.2014
Հուլիսի 9-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «ԷկոԼուր» ՀԿ պատրաստած ֆիլմի շնորհանդեսը, որում արտացոլված են կառավարման այն թերությունները, որոնք հանգեցրել են Արարատյան դաշտի աղետին ու արդեն սպառնում են Սևանա լճի գոյությանը: «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ի. Զարաֆյանը ներկայացրեց, որ Արարատյան դաշտում արդեն օգտագործվում են չվերականգնվող ջրային պաշարները:
«ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խորանարդ մետր ստորերկրյա ջրի ջրօգտագործման թույլտվություն, ինչը տեղանքի վերականգնվող պաշարից 300 միլիոն խմ-ով ավելի է:

Արդյունքում 7 տարվա ընթացքում 303 հորերից 122-ը չորացել են: Չորացել են նաև աղբյուրները: 6200 հեկտար հող մնացել է առանց ջուր: Ստեղծված ծանր իրավիճակը օգտագործվեց Սևանա լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնելու համար, ինչը կհանգեցնի մեկ այլ աղետի` թողնելով մեզ առանց քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարների»,- նշեց նա:

«Բիբլիական աղետ» վերտառությամբ տեսաֆիլմը պատրաստվել է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: Ֆիլմի միջոցով փորձ է արվել պատասխանել հետևյալ հարցադրումներին՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել Արարատյան դաշտում, ինչո՞ւ են Արարատի և Արմավիրի մարզերի մի քանի գյուղեր մնում առանց ջրի, ո՞ւր է այդ ջուրը հոսում, արդյո՞ք պետք են Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողումները, ո՞ւմ և ինչի՞ համար:

Ֆիլմի դիտմանը հաջորդեց ակտիվ քննարկում մասնակից բոլոր կողմերի ներկայացուցիչների՝ Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի, ՀԿ-ների ներկայացուցիչների, ուսուցիչների ու ակտիվ երիտասարդների միջև: Բարձրացված հարցերն ու դրանց լուծման առաջարկությունները ներառվելու են առաջարկությունների փաթեթի մեջ, որը ներկայացվելուէ ՀՀ Ազգային ժողովին ու կառավարությանը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com

Մասնակիցների ցուցակ