11,617 view

Անտառների հասարակական մոնիտորինգ Գորիսում

26.06.2014
Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ֆինասավորմամբ իրականացվող «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին Գորիսի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն է տեղի հանրությանն իրազեկել անտառների ապօրինի գործողությունների դեմ պայքարի հնարավոր տարբերակները: Նախատեսվում է ստեղծել ակտիվ խումբ, որի անդամները անտառների ապօրինի գործողությունները կհրապարակեն օնլայն հարթակներում՝ լուսանկարների միջոցով:
Հանդիպմանը մանկացում էին Գորիսի անտառային տնտեսվարումն իրականացնող գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ,
ՀԿ-ների անդամներ:
Ծրագիրն իրականացվում է Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, իսկ այս տարվա փետրվարից՝ նաև Հայաստանում: Անտառների հասարակական մոնիտորինգը Հայաստանում իրականացնում է «Գեոինֆո» գիտա-կիրառական կենտրոնը: Ընկերության ներկայացուցիչ Ս. Ազատյանը ներկաներին ամփոփ ներկայացրեց ՀՀ անտառային օրենսգրքի որոշակի հատվածներ, որով կարգավորվում է անտառների և անտառային հողերի օգտագործման, պահպանման կարգը: Ապա քննարկվեցին անտառային օրենսդրության խախտման առավել տարածված դեպքերը:

Մասնակիցներն այսօր ծանոթացան GPS գործիքի հնարավորություններին, որով էլ նախատեսվում է վաղը գործնական կիրառում դաշտային պայմաններում:

Ծրագրի շրջանակներում «Գեոինֆո» ընկերությունը նախատեսում է երկրի տարբեր մարզերում ստեղծել 6 տեղական կենտրոններ, որոնք պետք է համագործակցեն Երևանում տեղակայված գլխավոր կենտրոնի հետ: Առաջիկայում կստեղծվի կայք, որտեղ պարբերաբար կտեղադրվեն հասարակական ակտիվ խմբերի կողմից լուսանկարված ապօրինի անտառահատման նկարներ ու միայն ինֆորմացիայի հավաստիությունը ճշտելուց հետո դրանք կտեղադրեն համացանցում:

Նվեր Պողոսյան
Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող
Մելադա Հարությունյան
Գորիսի Օրհուս կենտրոնի փորձագետ