13,774 view

Կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում

07.07.2014
Անչափ կարևորելով Կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրների պատշաճ լուսաբանումը ԶԼՄ-ներում՝ Արևելյան գործընկերության շրջանակում Հայկական Կարմիր Խաչի կողմից իրականացվող «Կլիմայի Արևելյան հարթակ» և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող “Clima East” ծրագրերը համատեղ, հուլիսի 2-3-ը նախաձեռնել էին դասընթաց լրագրողների համար: Հրավիրված էին ինչպես հանրապետական, այնպես էլ Գեղարքունիքի ու Վայոց ձորի ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
“Clima East” Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (1 մլն Եվրո) կողմից և համաֆինանսավորվում ՄԱԶԾ (100հազ. ԱՄՆ դոլար) կողմից:

Ծրագրի խնդիրն է ցուցադրել Հայաստանի լեռնային արոտավայրերում և անտառներում կայուն կառավարման մի մոդել, որը կլիմայի փոփոխության պայմաններում կմեծացնի էկոհամակարգերի ածխածնի կլանման ունակությունը` միաժամանակ պահպանելով կենսաբազմազանությունն ու տնտեսական արժեքները: Ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ենթաշրջանի 2000 հա արոտավայրերի և 60 հա անտառային գոտու վերականգնման աշխատանքներն ու լեռնային էկոհամակարգերի կառավարման փորձարկվող համակարգի մյուս բաղադրիչները կօգնեն կասեցնել բնական ռեսուրսների հետագա վատթարացումը:

Եվրամիության, Ավստրիական զարգացման գործակալության, Ավստրիական Կարմիր խաչի և Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից ֆինանսավորվաղ «Կլիմայի Արևելյան հարթակ» ծրագրի նպատակն է նպաստել Արևելյան Գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանն, ինչպես նաև կլիմայի փոփոխության և բնապահպանական ոլորտում քաղաքականության առաջընթացին: Ակնկալվում է ընդլայնել ՔՀԿ-ների միջև ձևավորված ցանցը, ամրապնդել ցանցում ներգրավված ՔՀԿ-ների կարողությունները` իրականացնելու կլիմայի խոցելիության գնահատում ազգային և տարածաշրջանային մակարդակում, ինչպես նաև մասնակցելու քաղաքականության վերաբերյալ քննարկումներին:

Այս երկու ծրագրերի մասին սեմինարի մասնակիցներին մանրամասդներ հաղորդեցին “Clima East” ծրագրի առաջադրանքի ղեկավար Ա. Տեր-Զաքարյանն ու «Կլիմայի Արևելյան հարթակ» ծրագրի համակարգող Ս. Մովսիսյանը
Մինչ այդ ներկաներին ողջունեց ՄԱԶԾ Բնապահպանական ծրագրերի քաղաքականության հարցերով խորհրդական Գ. Արզումանյանը: Նա նշեց, որ 1996թ.-ից ի վեր ՄԱԶԾ-ն հետամուտ է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի դրույթների իրականացմանը Հայաստանում: Հայաստանի կլիմայական և լանդշաֆտային բազմազանության յուրահատկությունները հաշվի առնելով` կարևորեց հարմարվողականության և կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող պիլոտային նախաձեռնությունները: «Այսօր, ցավոք, կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերը չեն ներգրավվում հանրապետության տնտեսության ոլորտների զարգացման ծրագրերում կամ արհեստական բնույթ են կրում, ինչը շատ դեպքերում խնդրի թյուրըմբռնման արդյունք է: Մյուս կողմից` կարող է կատարվել կլիմայի գործոնի մշտական շահարկում: Այդ իսկ առումով ակնհայտ է դառնում կլիմայի փոփոխության և դրա հետ կապված հիմնախնդրի հստակ պատկերացման կարևորությունը. իրազեկվածությունը, գիտականորեն հիմնավորված տեղեկատվության մատչելիությունը հանրության բոլոր օղակների համար դառնում է անհրաժեշտություն»:

Հայաստանում ԿՓ հետևանքների նկատմամբ խոցելիության գնահատումը ներկայացրեց Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Գաբրիելյանը՝ ներկայացնելով տարաբնույթ փաստեր ու երևույթներ: Նշեց. «հաշվի առնելով, որ խոցելիության հիմնա¬կան թիրախները գտնվում են համայնքներում ու ազդակիր համայնքը գյուղական բնակչությունն է, այնտեղ պետք է ձևավորել, բարձրացնել ու ամրապնդել կլիմայի փոփո¬խության հարմարվողական կարողությունները»: Հիմնախնդրի հաղթահարման համար նպատակահարմար համարեց համայնքային ու միջհամայնքային մակարդակի գործուն ֆինանսական մեխանիզմների ստեղծումը, որոնց գոյությունը կխթանի արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու ու «կանաչ ներդրումների սխեմայի» օրինակով դրանք համայնքների զարգացմանն ուղղելուն:

Միջոցառմանը որպես էկոլոգիական տեղեկատվության փորձագետ հրավիրված Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մ. Չաքրյանն անդրադարձավ Կլիմայի փոփոխության հարցերով լուսաբանման խնդիրներին: Հանրային իրազեկման գործում գնահատելով լրատվամիջոցների դերը՝ նշեց, որ հաճախ ժամանակի սղության կամ խնդրի բոլոր կողմերին լսելու ցանկության բացակայության պարագայում հանրությանն են մատուցվում խեղաթյուրված փաստեր, սխալ կամ ոչ հիմնավոր տեղեկատվություն՝ ստեղծելով խառնաշփոթ: Բնապահպանական տեղեկատվության նկատմամբ պահանջարկի սղությունը պայմանավորեց «որքան շատ ռեսուրսօգտագործում, այնքան շատ եկամուտ» տրամաբանության վրա հիմնված գործող տնտեսական համակարգով: Կարևորեց տեղեկատվության ճիշտ մատուցումն ու տարածումը՝ օգուտների ու վնասների արդարացի, այլ ոչ թե միակողմանի շեշտադրմամբ:

Սեմինարին ձեռքբերած տեղեկություններն ու հմտությունները մասնակիցները կարող են հետագայում կիրառել թեմային առնչվող լուսաբանումների համար: Միջոցառումը նաև հնարավորություն էր հարթակ ձևավորելու տարբեր ծրագրերի իրականացման շրջանակներում հետագա հարատև համագործակցության համար:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com