17,654 view
Կլիմայի փոփոխության ուղղությամբ գործնական քայլեր չձեռնարկելու քաղաքացիական հասարակության մտահոգություններն արդարացված են

05.07.2014
bonn_sb40_533 (1)

Կլիմայի փոփոխությունը կանխել այլևս անհնար է, բոլոր ջանքերն ուղղված են մեղմմանը. մեղմել տեմպն այն աստիճանի, որ էկոհամակարգերը հասցնեն հարմարվել փոփոխությանը: Հենց այդ նպատակով էլ ստեղծված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, որը նպատակ ունի զսպել կլիմայի փոփոխության նկատելի տեմպերը, սակայն կոնվենցիայի կողմ երկրների ոչ բավարար պատրաստակամության պատճառով, հատկապես այն երկրների, որոնք ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների առավել մեծ չափաբաժին ունեն, շոշափելի արդյունք դեռևս չի գրանցվել:
Տարիներ շարունակ այս ուղղությամբ աշխատող, քաջատեղյակ մասնագետները կոնվենցիան բյուրոկրատացված մեխանիզմ են համարում ու ստեղծված իրավիճակը բացատրում նրանով, որ բարդ խնդիրը փորձ է արվում լուծել մի համակարգում, որը ստեղծել է հենց այդ համակարգը, որի հիմքում հենց բնական ռեսուրսների գերշահագործումն է: Տվյալ դեպքում խոսքը այն ածխածնի մասին է, որը ժամանակին մթնոլորտից է կլանվել ու կուտակվել Երկրի ընդերքում՝ նավթի, գազի ու քարածխի տեսքով ու այսօր, արդյունաբերության ինտենսիվ զարգացման արդյունքում կրկին ինտենսիվորեն վերադառնում է մթնոլորտ ածխաթթու գազի տեսքով՝ չհասցնելով կլանվել ցամաքային բուսականության ու օվկիանոսի պլանկտոնի կողմից ու կուտակվել:
Համաշխարհային միջին ջերմաստիճանի բարձրացման «թույլատրելի» շեմը որոշվել է 2007թ., ընդ որում այդ որոշումը դեռ իրավական ուժ չունի: Նախաարդյունաբերական շրջանի միջին գլոբալ կլիմայական ջերմաստիճանի նկատմամբ 2oC բարձրացումը այն առավելագույն սահմանն է, որի դեպքում աշխարհը կդիմանա կլիմայի փոփոխության հետևանքներին: Ընդ որում կղզի երկրները մինչ օրս էլ պահանջում են, որ բարձրացումը չգերազանցի 1,5 oC, Հայաստանը ևս որպես խոցելի լեռնային էկոհամակարգերով երկիր, որդեգրել է 1,5 oC:
Փաստերը վկայում են, որ այն միջոցառումները, որոնք ձեռնարկվում են աշխարհում՝ նվազեցնելու արտանետումները, նույնիսկ 2oC շեմը կասկած են հարուցում: Եթե այսօր բոլոր երկրները դադարեն արտանետում անել, ինչը երևակայական մի բան է, միևնույնն է, ջերմաստիճանը մինչև 1,5 oC բարձրանալու է:
Հարցը կենտրոնացված է, թե համաշխարհային ջանքերն ինչպիսի բնույթ պետք է կրեն, ինչպիսի գաղափարներ պետք է ներդրվեն, որ դրված նպատակը հնարավոր լինի իրագործել: Քաղաքացիական հասարակությունը ներկայացրած կազմակերպությունների բողոքն արդարացված է, որովհետև 20 տարի շարունակվող բանակցությունների ու գործողությունների արդյունքում սայլը տեղից գրեթե չի շարժվել:
Կիոտոյի արձանագրությունը, արտանետումները նվազեցնելուն միտված հիմնական փաստաթուղթը, միայն զարգացած երկրների պարտավորություններ է սահմանում: Առաջին փուլում նախատեսված էր ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. համեմատ նվազեցնել 5%-ով, որը գոնե զսպող մեխանիզմ էր: 2013թ. մեկնարկեց 2-րդ փուլը, որին մասնակցում են միայն զարգացած երկրներից եվրամիության խումբ երկրները, Նորվեգիան, Ավստրալիան, մի քանի այլ երկրներ, որոնց արտանետումները միասին համաշխարհային արտանետումների 14 տոկոսն են կազմում: Այն խոշոր արտանետող զարգացած երկրները, ինչպիսիք են, Ռուսաստանը, ճապոնիան, Նոր Զելանդիան, հայտնել են, որ չեն մասնակցելու երկրորդ փուլին, ԱՄՆ-ն կրկին չի մասնակցում, իսկ Կանադան ընդհանրապես դուրս է եկել արձանագրությունից: Այսինքն Կիոտոյի արձանագրությունն իր նշանակությունը շատ ֆորմալ է դարձնում:
Հայաստանը սկսել է Կիոտոյի արձանագրության երկրորդ ժամանակաշրջանի «Դոհայի ուղղման» վավերացման գործընթացը, որը նախատեսված է 2013-2020թթ. համար: Սակայն, որպեսզի այս փաստաթուղթն ուժի մեջ մտնի, պետք է վավերացվի 144 երկրի կողմից: 1 տարվա ընթացքում այն վավերացրել է ընդամենը 11 երկիր: Այս գործընթացներին զուգահեռ զարգացող երկրներն ավելի մեծ տեմպերով են արտանետումները մեծացնում, զարգացածներն էլ ասում են միայն իրենցով չի լուծվելու խնդիրը:
Ժամանակն է համակարգային փոփոխության: Այլապես այն տնտեսվարման սկզբունքը, որ դրված է ամբողջ աշխարհում՝ հնարավորինս շատ ռեսուրսը վերածել աղբի, տարամետ է խնդրի լուծմանը:
Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներդրում ունենա ու պատասխանատու լինի արտանետումների նվազեցման, հետևապես կլիմայի փոփոխության մեղմման համար: ՀՀ բնակչության մեկ անձին բաժին է ընկնում 2տ, որը համաշխարհային միջինից (մոտ 5,6 տ) շատ ցածր է, օրինակ հարևան Ադրբեջանի քաղաքցիներից յուրաքնչյուրին բաժին է ընկնում՝ 4, ԱՄՆ-ի քաղաքցիներին՝ 18, Քաթարին՝ 40տ 1 անձի հաշվով:
1990թ. Հայաստանը շուրջ 25մլն տ արտանետումներ ուներ բնակչության գրեթե նույն թվաքանակի պարագայում: Քանի որ արտանետումների նվազումը պայմանավորված է տնտեական անկմամբ, մեր որդեգրած քաղաքականությունը ներկայումս ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների աճի զսպմանը, ինչը հնարավոր է էներգախնայող տեխնոլոգիաների, ներդրումային լավ միջավայրի, անտառահատումների նվազեցման ու ծառատնկման ավելացման դեպքում: Այդ քաղաքականությունը կոչվում է «ցածրածխածնային զարգացման քաղաքականություն»:
Միջկառավարական փորձագետների խմբի եզրակացությամբ ամբողջ աշխարհում 1 անձի հաշվով առավելագույնը 4տ արտենատումների դեպքում անգամ դժվար կլինի զսպել ջերմաստիճանի բարձրացման տեմպը: Եվրամիությունը հայտարարել է, որ մինչև 2050թ. այսօրվա համեմատ արտանետումները կնվազեցնի 80-ից 95 տոկոս, այսինքն այլևս նավթ գազ, կամ քարածուխ չպետք է օգտագործի, բայց հնարավո՞ր է արդյոք:
Կլիմայական համակարգը հարցադրումն անում է բնականորեն՝ եթե ուզում եք, որ կլիմայական համակարգը պահպանվի գոնե մի մակարդակի վրա, որ անդառնալի չլինի, պետք է շատ կտրուկ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:
Այսօր միջազգային ավիացիան (ներքին ավիացիան ներառված չէ) ու նավագնացությունը համատեղ մոտ 5մլրդ տոննա ածխաթթու գազ են արտանետում մթնոլորտ: Պատկերացնել, որ 36 տարի անց ինքնաթիռները թռչելու են միմիայն վերականգնվող կենսավառելիքով, մեղմ ասած, անհավատալի է: Նույնիսկ եթե միայն այդքանով սահմանափակվեն ընդհանուր արտանետումները, բավարար չէ ջերմաստիճանի բարձրացման 1, 5 oC շեմը պահելու համար:
Հունիսի 4-15-ը Բոննում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի օժանդակ մարմինների հերթական նստաշրջանին տեղի ունեցավ բարձր մակարդակի նախարարական երկխոսություն: Այն հիմնականում վերաբերում էր 2015թ. ընդունվելիք նոր արձանագրության շրջանակում զարգացած և զարգացող երկրների կողմից ազգային մակարդակով ստանձվելիք կլիմայի փոփոխության մեղմման ներդրումներին: Զարգացած ու մի քանի խոշոր զարգացող երկրները ներկայացրեցին իրենց դիրքորոշումներն ու քաղաքականությունները այդ հարցում: Սակայն այս գործընթացի վերաբերյալ տարաձայնությունները կրկին թույլ չտվեցին լուրջ առաջընթաց արձանագրել երկխոսության ընթացքում:Թեև նախատեսված էր նստաշրջանների ավարտին սեղանին դնել բանակցային տեքստ, սակայն դա ևս չհաջողվեց: Կոնսենսուսի բացակայության պատճառով ընդունվեց որոշում` շարունակել քննարկումները 2014թ.-ի հոկտեմբերին կայանալիք հավելյալ նստաշրջանի ընթացքում՝ նպատակ ունենալով Լիմայում 2014թ.-ի վերջին կայանալիք Կոնվեմնցիայի Կողմ երկրների 20-րդ համաժողովին ընդունելու բանակցային տեքստ: Այսպիսով, լավագույն դեպքում Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ապագա նոր արձանագրության բովանդակության շուրջ բանակցությունները կարող են սկսվել միայն 2015թ.-ի մայիս ամսին: Իսկ դա նշանակում է, որ մինչև արձանագրության ընդումնան վերջնաժամկետը (2015թ. դեկտեմբեր, Փարիզ) կմնա ընդամենը 7 ամիս…

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. (+374) 10 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com