15,292 view

Մաստրիխտյան հռչակագիրը Օրհուս կենտրոնները դիտարկում է որպես Օրհուսի կոնվենցիայի իրականացման գործիք

08.07.2014
Նիդերլանդների կառավարության հրավերով, Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում հունիսի 29-ից հուլիսի 5-ը կայացավ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի կողմերի 5-րդ և Աղտոտիչների արտանետնումների տեղափոխման ռեգիստրի (ԱԱՏՌ) կողմերի 2-րդ հանդիպումը:
Միջոցառումը հարթակ հանդիսացավ Օրհուսի կոնվենցիան վավերացրած երկրների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության

և այլ շահագրգիռ կողմերի համար՝ քննարկելու շրջակա միջավայրի հարցերին առնչվող խնդիրները, այդ թվում՝ Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնասյուների ուղղությամբ ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը: Հայաստանի կողմից կոնվենցիայի դրույթների դերի ու նշանակության մասին նշելով, պրն Հակոբյանը կարևորեց Օրհուս կենտրոնների դերը Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացման գործում՝ նշելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և Տարածքային կառավարման մարմինների աջակցությամբ Հայաստանում գործում են 15 Օրհուս կենտրոններ, շնորհիվ որոնց էկոլոգիական տեղեկատվությունը հասանելի է դառնում լայն հասարակությանը, կենտրոնները մեծ դերակատարում ունեն շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման և հանրության ներգրավմանը որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության սկզբունքների տարածման գործում:

Հիշեցնենք, որ Հայաստանը Օրհուսի կոնվենցիան վավերացրել է 2001թ., սակայն ունի լուրջ խնդիրներ դրա կիրարկման հետ կապված: Հայաստանի օրենսդրությունը լիովին չի ապահովում և երաշխավորում Կոնվենցիայով նախատեսված 3 հիմնական իրավունքները:
Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Ա. Գրիգորյանը: Մանրամասն՝ http://aarhus.am/?page_id=5736 :

Համապատասխանության կոմիտեն Հայաստանի նկատմամբ ընդունեց V/9a որոշումը՝ Հայաստանի Կողմից Ստանձնած Պարտավորությունների Համապատասխանությունը Կոնվենցիային http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop5/Documents/Category_I_documents/ECE_MP.PP_2014_L.10_RUS.pdf :

Այս փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը կրկին չի իրականացնում կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հասարակության մասնակցության մասին, 3-րդ հոդվածի 1-ին կետը, որը նախատեսում է հստակ, պարզ և համաձայնեցված մեխանիզմներ կոնվենցիայի դրույթների իրականացման համար, խնդիրներ կան որոշումների ընդունման վաղ փուլերում հանրության իրազեկման և մասնակցության, ինչպես նաև մի շարք այլ, այդ թվում` արդարադատության մատչելիության հետ կապված: Համապատասխանության կոմիտեն այս փաստաթղթով մի շարք հանձնարարականներ է տալիս և հույս հայտնում, որ Հայաստանը պատրաստակամորեն կիրականացնի դրանք:

Համապատասխանության կոմիտեի V/9a փաստաթղթում շեշտվում է, նաև, որ Հայաստանը պետք է ընդունի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» նոր օրենք, որտեղ ներառված կլինեն հանրության մասնակցության ընթացակարգերը: Սակայն նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին մեկ օրում արագացված կարգով ընդունել է համանուն օրենքը, որտեղ բացակայում են հանրության մասնակցության ընթացակարգերը, ինչպես նաև օրենքն ունի մի շարք այլ թերություններ, որի կապակցությամբ հանրության շրջանում բողոքի ալիք է բարձրացել:

Մաստրիխտյան հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ նաև Օրհուս կենտրոնների միջանկյալ հանդիպումը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ-ի կողմից: Հանդիպմանը մասնկացեցին ներկայացուցիչներ Հայաստանի, Ալբանիայի, Վրաստանի և մի շարք այլ երկրների՝ թվով 14 Օրհուս կենտրոնների, ԵԱՀԿ գլխամասային և համապատասխան երկրների գրասենյակների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE), Արևելյան և կենտրոնական Եվրոպայի Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC), Ավստրիայի գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարարության, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպումը հնարավորություն տվեց ծանոթանալու, թե ինչպես են աշխարհի 14 երկրներում գործող 56 Օրհուս կենտրոնները նպաստում շրջակա միջավայրի պահպանությանը, ժողովրդավարությանը և ոլորտի թափանցիկ կառավարմանը:
Հանդիպման օրակարգում ընդգրկված էր Օրհուսի կոնվենցիայի իրականացման ռազմավարական պլանը (2015-20թթ.) http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop5/Documents/Category_I_documents/ECE.MP.PP.2014.L.5_r.pdf և Օրհուս կենտրոնների աջակցությունը պլանի իրականացմանը:

Հայաստանի կողմից այս հանդիպմանը մասնկացեցին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Բնապահպանական և տնտեսական ծրագրերի պատասխանատու Տ. Դեմբսկին, Շրջակա միջավայրի պահպանության հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Ս. Այվազյանը, հանդիպմանը ներկա էր նաև Օրհուսի կոնվենցիայի Ազգային համակարգող Ա. Իսկոյանը:

Իր ելույթում Տ. Դեմբսկին կարևորեց Հայաստանի Օրհուս կենտրոնների դերը ազգային, միջազգային, տեղական, տարածաշրջանային մակարդակներում թափանցիկություն և ժողովրդավարություն ապահովելու գործում: Նշեց, որ Օրհուս կենտրոններն իրենց 10 տարվա աշխատանքի արդյունքում նպաստել են գրագետ և պահանջատեր հասարակության ձևավորմանը՝ մատուցելով վերջիններիս հավաստի և հիմնավոր էկոլոգիական տեղեկատվություն: Ելույթին զուգահեռ ցուցադրվեց Օրհուս կենտրոնների թիմի կողմից պատրաստված շնորհանդեսը, որտեղ պատկերավոր, պարզ և մատչելի ներկայացված էր Օրհուս կենտրոնների գործունեությունը:

Հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց Հայաստանի Օրհուս կենտրոնների փորձը, իսկ ավարտից հետո Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը հարցազրույց տվեց Հայաստանի Օրհուս կենտրոնների նոր օնլայն հեռուստատեսության՝ Aarhus TV http://aviplatform.com/user.items.php?id=185 և «Երիտասարդները հանուն Օրհուսի» նախաձեռնությունների վերաբերյալ http://aarhus.am/?page_id=5195 :

Մաստրիխտյան հանդիպման վերջին երկու օրերը նվիրված էին ԱԱՏՌ արձանագրությանը: Հայաստանում արձանագրության աշխատանքների համակարգող Ն. Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը 2003թ. ստորագրել է արձանագրությունը և այժմ աշխատանքեր են տարվում վավերացման ուղղությամբ, մասնավորապես օրենսդրական փոփոխությունների և արձանագրության մասին պետական կառավարման մարմինների և հասարակության իրազեկման ուղղությամբ:

Կարևոր փաստաթուղթը, որ ընդունվեց Օրհուսի կոնվենցիայի կողմերի 5-րդ հանդիպմանը, դա Մաստրիխտյան հռչակագիրն էր http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop5/Documents/Category_I_documents/ECE.MP.PP.2014.L.26_r.pdf , որի խորհրդանիշն է՝ Թափանցիկությունը՝ ինչպես էկոլոգիական ժողովրդավարության շարժիչ ուժ: Այս փաստաթղթում Օրհուս կենտրոնները դիտարկվում են որպես Օրհուսի կոնվենցիայի իրականացման գործիք: