26,332 view
«Կանաչ» էներգետիկայի համակարգերը որպես ջերմոցի ջեռուցման նախընտրելի միջոց
«Կայուն էներգետիկայի` օդ-ջուր ջերմային պոմպով գործող ջեռուցման համակարգի կիրառման փորձի տարածում ջերմոցային տնտեսության վրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բասեն համայնքում» ծրագիրն իրականացվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)-ի Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի (ՔԳԱՇՄ) ծրագրի շրջանակներում, սեպտեմբեր 2013թ. – մարտ 2014թ. Ժամանակահատվածում, «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի մասին մանրամասն` http://www.3nature.am/docs/book%20Basen.pdf:
Ծրագրին զուգահեռ, նույն Բասեն գյուղում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի (ԳԷՀ/ՓԴԾ) աջակցությամբ իրականացվել է մեկ այլ ծրագիր` «ՀՀ Շիրակի մարզի Բասեն համայնքում ցածր ածխածնային տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի տարածում» ծրագիրը: Նշված երկու ծրագրերը փոխլրացրել են միմյանց և միասին կազմել մեկ ամբողջական նախագիծ վերականգնվող էներգետիկայի երկու տարբեր ուղղությունների համադրման և համակցման միջոցով:
ԳԷՀ/ՓԴԾ ծրագրի շրջանակներում իրականացվել է արևային ջրատաքացուցիչ և օդատաքացուցիչ համակարգերի, ինչպես նաև ուսումնացուցադրական ջերմոցի կառուցում ու շահագործում, որոնք նախատեսված են համայնքի, հատկապես, համայնքային մանկապարտեզի կարիքների համար: Զուգահեռ ծրագիրն իրականացվել է «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության կողմից, Բասեն համայնքի գործուն մասնակցությամբ:
Բասեն համայնքը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում: Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային փեշերին գտնվող սարալանջին` ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա: Արևային ճառագայթման էներգիայի ռեսուրսներով գյուղի տարածքը բավականին հարուստ է` միջին հաշվով հորիզոնական մակերևույթի վրա ընկնող գումարային (ուղիղ և ցրված ճառագայթման) հոսքի տարեկան մեծությունը կազմում է 1780կՎտժ/մ2:
Գյուղը գազաֆիկացված չէ և էլեկտրաէներգիայի բարձր գնի պայմաններում փորձացուցադրական ջերմատան ջեռուցման նպատակով սպառվող էլեկտրաէներգիայի համար վճարները զգալի բեռ կլինեին համայնքի համար: Հաշվի առնելով այդ հանգամանքը, «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնեց ջերմատան ջեռուցման նպատակով կիրառել վերականգնվող էներգիայի օգտագործման համակարգ` «օդ-ջուր» տիպի ջերմային պոմպ, որը ցածր-ածխածնային տեխնոլոգիա է: Այդ տեխնոլոգիան Հայաստանում դեռևս չի գտել լայն կիրառություն և դրա վերաբերյալ հասարակական իրազեկությունը խիստ ցածր է: Ծրագրի մասին, ինչպես նաև ջերմային պոմպերի կիրառման առավելությունների մասին մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ «Կայուն էներգետիկայի` օդ-ջուր ջերմային պոմպով գործող ջեռուցման համակարգի կիրառման փորձի տարածում ջերմոցային տնտեսության վրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բասեն համայնքում» գրքույկից:

Ռաֆայել Մխիթարյան
“Երրորդ բնություն” ՀԿ գործադիր տնօրեն
ՀՀ, ք.Գյումրի, 26 կոմիսարների փողոց 56ա
Հեռ. 094 53 58 59
E-mail thirdngo@yandex.ru
Կայք www.3nature.am