16,670 view

Լուսանկարչական ցուցահանդես «Մելիքգյուղ. տարվա եղանակներ»

01.07.2014
Հուլիսի 1- ին Ապարանի Օրհուս կենտրոնի աջակցությամբ Ապարանի արվեստի դպրոցի ցուցասրահում կազմակերպվել էր լրագրող, լուսանկարիչ Գ. Նանյանի «Մելիքգյուղ. տարվա եղանակներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Հիմնական նպատակն էր լուսանկարների միջոցով մասնակիցներին ներկայացնել Մելիքգյուղ համայնքի կյանքն` առօրյան ու ապրելակերպը, կենցաղն ու հոգսերը, զբաղմունքն ու տրամադրությունները, և, որ գլխավորն է, այս ամենի վրա անմիջական ազդեցություն ունեցող Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման բացասական հետևանքները՝ մթնոլորտային և ջրային ավազանների, մշակովի հողատարածությունների, բնական կերհանդակների և իհարկե, մարդկանց

առողջության վրա:
Ցուցահանդեսին մասնակցելու համար հրավիրվել էին քաղաքի հիմնարկ – ձեռնարկությունների աշխատակիցներ, քաղաքապետարանի, ՀԿ-ների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ծնողներ, ուսուցիչներ, Մելիքգյուղի բնակիչներ:

Գ. Նանյանը պատմեց, որ մեկ տարվա` 2013թ. ընթացքում, տասներկու անգամ այցելել է Մելիքգյուղ և արդյունքում արված բազմաթիվ լուսանկարները լուսանկարչական ցուցահանդեսի միջոցով գյուղի խնդիրների ու տրամադրությունների մասին մարդկանց պատմելու միտք են առաջացրել: Միայն անցյալ տարի ավելի քան 3300 լուսանկար է արել, որոնցից ընտրել է 70-ը և յոթ տարբեր` կանանց, երեխաների, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, աշխատավորների և Մելիքգյուղի ճանապարհների թեմաներով լուսանկարներն այսօր Ապարանցիներին ներկայացնելու են ոչ միայն գյուղի կյանքը, այլև մարդկանց պայքարը մաքուր, առողջության համար բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար:

Ցուցահանդեսի հյուրերը մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին թե′ լուսանկարների, թե′ հեղինակի մեկնաբանությունների հանդեպ: Տրվեցին բազմաթիվ հարցեր հանքի շահագործման հետևանքով առաջացած խնդիրների մասին:
Միջոցառումը Մելիքգյուղին տարբեր տեսանկյուններից ծանոթանալու և հասարակության ուշադրությունը կրկին բնապահպանական հիմնախնդիրներին սևեռելու, բնական միջավայրի հանդեպ հոգատարություն սերմանելու առիթ հանդիսացավ:

Նատալիա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru