22,482 view
Օրհուս կենտրոնները պատասխանատու և իրավագիտակից սերունդ ձևավորելու համար կիրառում են նոր գործիք
11.06.2014
«Լուսանկարչության վարպետության դասընթացներ», «Բնապահպանական լրագրություն», «Բնապահպանական օրենսդրություն և իրավունք» այս թեմաների շուրջ հերթական իրազեկման սեմինարը տեղի ունեցավ Երևանի Օրհուս կենտրոնում հունիսի 10-ին:
Սեմինարը կազմակերպվել էր Վորլդ Վիժն Հայաստանի Երևանի տարածքային զարգացման ծրագրի բնապահպանական և լրագրողական ակումբների, «Շահերի պաշտպանություն տեղական մակարդակում, քաղաքականության վրա ազդեցություն հաղորդակցության միջոցով» խմբի ակտիվ երիտասարդների համար`«Էկոոսպնյակ» նախաձեռնության շրջանակներում:
Սեմինարի ընթացքում` ագրո- էկոլոգ և լրագրող- լուսանկարիչ Գ. Նանյանը անցկացրեց լուսանկարչության վարպետության դասընթաց՝ փոխանցելով մասնակիցներին նոր տեխնոլոգիաների կիրառման հմտություններ` լուսնակարչություն, մուլտիմեդիա, համացանցով աշխատելու ունակություն:

Բնապահպանական լրագրության մասին խոսելիս` Գ. Նանյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ի՞նչ է «Լուրը» և ինչպես գրել այն, ներկայացրեց նաև մամուլում գրվող բնապահպանական նյութերի, դրանց ձևերի, Կանաչ մամուլի ու «Կանաչ» ԶԼՄ-ների հիմնական ժանրերի մասին:
Բանախոսը հատկապես շեշտեց բնապահպանական թեմաներով այն նյութերը, որոնք տիպիկ սխալներով և թերություններով են լուսաբանում լրատվամիջոցները:

Բնապահպանական օրենսդրություն և իրավունքի մասին թեման մասնակիցներին ներկայացրեց էկոիրավունքի մասնագետ, իրավաբան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ նախագահ` Ա. Գրիգորյանը: Փորձագետը մանրամասն գիտելիքներ մատուցեց նաև էկոլոգիա, բնություն, շրջակա միջավայր հասկացությունների վերաբերյալ, անդրադարձավ կանաչ տնտեսություն և հանքարադյունաբերություն փոխհարաբերակցությանը:

Մասնակիցների ներգրավմամբ քննարկեցին Հայաստանի մի շարք հրատապ բնապահպանական խնդիրներ, որոնց լուծումը բանախոսը պատկերացնում էր իրավագիտակից և պահանջատեր երիտասարդների ներգրավմամբ:Այս գիտելիքներն ու հմտությունները միտված են նպաստելու երիտասարդների քաղաքացիական պատասխանատվության և իրավագիտակցության զարգացմանը: Օրհուս կենտրոնների հետ համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնության շրջանակներում շրջակա միջավայրի տարբեր ոլորտների նեղ մասնագետները երիտասարդներին են փոխանցում շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ ճշմարիտ տեղեկություններ և գիտելիքներ: Այս նպատակով Ֆեյբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Մեր ապագան մեր ձեռքերում է. Երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունը Օրհուսի կոնվենցիայի իրականացման համար նախաձեռնությունը», մանրամասն` http://aarhus.am/?page_id=5195:

Սեմինարի մասնակիցները խմբին միանալու ցանկություն հայտնեցին՝ համոզմունք հայտնելով, որ ստացած գիտելիքները կօգտագործեն ի նպաստ բնապահպանական անվտանգության ու զարգացման:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 10 55 13 64, (+374) 91 81 60 55
Էլ. փոստ. info@aarhus.am