18,282 view
Շրջակա միջավայրի օրը Ալավերդիում քննարկվեցին բնական աղետների ռիսկերի նվազեցման հարցերը
05.06.2014
Ալավերդու համար 5 ավագ դպրոցում հունիսի 5 –ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Ա. Էվոյանը ուսուցողական տեղեկատվական դասընթաց անցկացրեց աշկերտների համար: Միջոցառման մասնակիցները և Օրհուս կենտրոնի համակարգողն օրը սկսեցին փոխադարձ շնորհավորանքներով՝ կաևորելով օրվա խորհուրդը և նշելով ամենակարևորը. յուրաքանչյուր մարդ ինչ-որ չափով բնապահպան պետք է լինի:Դասընթացը կազմակերպած էր «Վրաստնում և Հարավային Կովկասում, կլիմայի փոփոխությանը հարմարվելու և կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով, տեղական հնարավորությունների

բարձրացում և տարածաշրջանային համագործակցության խորացում» նախագծի շրջանակներում, որի իրականացնողը Հայաստանում «Կանաչ արահետ» ՀԿ-ն է: Ալավերդու Օրհուս կենտրոնը մշտապես աջակցում է տարածաշրջանում բնապահպանական ծրագրեր իրականացնող ՀԿ-ներին և այս մեկը բացառություն չէր:

Դասընթացն անցկացվեց «Բնական աղետների ռիսկերի նվազեցում» թեմայով: Աշակերտներին մանրամասն ներկայացվեց կլիմայի ընթացիկ գլոբալ փոփոխությունների ֆոնի վրա Հարավային Կովկասում հնարավոր բնական աղետների, դրանց պատճառների, վնասների ու կանխարգելող միջոցառումների մասին: Հայաստանին վերաբերող աղետների ռիսկերի նվազեցման, դրանց կառավարման, Հայաստանում այդ ոլորտում զբաղվող կազմակերպությունների ու միջազգային կառույցների մասին տրվեց հակիրճ տեղեկատվություն: Աշակերտները հնարավորություն ունեցան թեմայի ու չհասկացված խնդիրների շուրջ հարցեր տալու, որոնց պատասխանեց դաընթացավարը:

Լոռու տարածաշրջանում տեղի ունեցած բնական աղետների, դրանց վտանգավորության, վերացման ու հետևանքների կոնկրետ և տիպային օրինակներով աշակերտներն իրենք քննարկում ծավալեցին: Նրանց առաջարկով, Օրհուս կենտրոնի համակարգողը խոստացավ հանդիպում կազմակերպել Լոռու մարզային Փրկարար ծառայության աշխատակիցների հետ՝ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով:

Հանդիպման ավարտին աշակերտները տեղեկացան CENN- ի հայտարարած «Պաշտպանենք շրջակա միջավայրը» թեմայով մրցույթի մասին, որի հաղթողը հնարավորություն կունենա ամառային հանգիստն անցկացնել Վրաստանի Բուլաչաուրի բնակավայրում: Մասնակից բոլոր աշակերտներին տրվեց «Մինչև աղետը, աղետի ժամանակ, աղետից հետո» գրքույկը:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 91 199324
Էլ. փոստ anushevoyan@rambler.ru