13,292 view
Օրհուս կենտրոնների կամավորներն իրազեկ են թռչնատեսակների պահպանության մասին
02.06.2014
Հայաստանի հանրապետության կենսաբազմազանության խնդիրների վեր բարձրացման և իրազեկման համար «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն՝ ի դեմս Թ. Ստեփանյանի, անցկացրել է մի քանի հանդիպումներ և դասընթացներ Օրհուս կենտրոնների երիտասարդ կամավորների հետ:
Դասընթացների իրականացման տարածաշրջաններն ընտրվել են հաշվի առնելով որոշ հանգամանքներ.
Հայաստանում ջրային տարածքների կառավարման և դրանց կենսաբազմազանության պահպանության հետ կապված հարցերը հաշվի առնելով՝ առաջինն ուղևորվեցինք դեպի Արարատի մարզ: Այստեղ ստորգետնյա ջրերի գերշահագործման հետևանքով
ընթանում են շատ լուրջ պրոցեսներ, որոնցից ըստ մեզ կարևորագույնն է Արմաշի արհեստական լճակների խնդիրը: Ինչպես հայտնի է, այս լճերը սեփականաշնորհված են և շահագործման ողջ իրավունքը տրված է սեփականատերերին: Սակայն այս լճերում Գիլի լճի արհեստական չորացումից հետո, մենք ունենք շատ հետաքրքիր ջրաճահճային թռչնաֆաունա, որի պահպանությունը մեր երկրի կարևորագույն խնդիրներից մեկն է: Սեփականատերերը լճերի որոշակի մասը չորացնելու մտադրություն ունեն, որի հետևանքով թռչունները կարող են հեռանալ այս տարածքներից:

Մարտի 5-ին Արարատի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը շնորհանդեսի միջոցով տեղաբնակ երիտասարդներին իրազեկեցինք, թե ինչպիսի թռչնատեսակներ կան այս մարզում և ինչ նշանակություն ունեն դրանք էկոհամակարգի պահպանության համար:Հաջորդը Եղեգնաձորի Օրհուս կենրոնն էր: Այստեղ կլիման չոր է, խիստ ցամաքային, գերակշռում է չոր տափաստանային լանդշաֆտը, որը հարուստ է իր բազմաթիվ թռչնատեսակներով: Սակայն կլիմիայական փոփոխությունների, անկանոն որսի հետևանքով այս տարածքներում վտանգված են մի շարք Կարմիր գրքային տեսակներ, որոնք իրենց լուրջ դերակատարումն ունեն շրջակա միջավայրի պահպանության խնդրում: Ապրիլի 12-ին Եղեգնաձորի Օրհուսի կենտրոնում ներակայացվեց ընդհանուր իրավիճակը, հատուկ նշվեցին այն տեսակները, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում և հնարավոր է վերջնականապես հեռանան տարածքից:

Այցելության հաջորդ վայրն Ապարանն էր, որտեղ լեռնային յուրահատուկ կլիմայի՝ տևական ցուրտ, հաստատուն ձնածածկույթով ձմեռների և տաք, համեմատաբար խոնավ ամառների պայմաններում բնությունը ստեղծել է համապատասխան կենսամիջավայր կենսաբազմազանության զարգացման և պաշտպանման համար, սակայն տարածքում առկա հանքավայրերի շահագործումը (Թուխմանուկ) լուրջ բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա: Հանքի անկանոն շահագործման պատճառով աղտոտվում է հողը, ջուրը, որի հետևանքով վերանում են տարածքում բնակվող կենդանիների կենսամիջավայրերը: Կազմակերպության ներկայացուցիչը Օրհուս կենտրոնում ներակայացրեց թռչունների այն տեսակները, որոնք տարածված են տվյալ տարածքում՝ մատնանշելով Կարմիր գրքում գրանցված տեսակներն ու ընդհանուր տեսակային կազմի պաշտպանության հարցերը:

Անտառային կենսամիջավայրում բնակվող կենսաբազմազանության հարցերը մայիսի 27-ին արծարծվեցին Դիլիջանի Օրհուսի կենտրոնում, հատկապես, որ քաղաքն իր ամբողջ շրջակայքով կազմում է «Դիլիջան» ազգային պարկը: Հանդիպման մասնակիցներն իրազեկվեցին հատուկ պահպանվող տարածքների խնդրի մասին, թե ինչպիսի բազմազան թռչնաշխարհ ունի այս տարածքը և ինչպես հանրությունը կարող է նպաստել այդ տարածքի թռչնաշխարհի պաշտպանությանը:

Բոլոր հանդիպումներին շեշտադրվեց, թե ինչպես կարող է հանրությունը պաշտպանել իրեն շրջապատող կենսաբազմազանությունը: Հանրության իրազեկումը դա մի լուրջ քայլ է դեպի շրջակա միջավայրի պաշտպանություն: Իրազեկ լինելով կենսաբազմազանության խնդիրների մասին՝ հանրությունը լուրջ մասնակցություն կարող է ունենալ այս խնդիրների լուծման հարցում: Հանրությունն իր գործողություններով կորող է նպաստել անտառի, ջրի, լանդշաֆտի՝ որպես կենսամիջավայրի պահանությանը և, իհարկե, ճանաչելով իրեն շրջապատող կենդանական աշխարհը, կարող է որոշակի քայլեր ձեռնարկել պաշտպանության համար:

Թամարա Ստեփանյան
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ փոխնախագահ,
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանական թանգարանի աշխատակից,
ծրագրի համակարգող