866 view
Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգի դասընթացներ Իջևանի Օրհուս կենտրոնում
28.05.2014
Հայաստանի Հանրապետությունը լեռնային սակավանտառ երկիր է, որի անտառային ֆոնդն ըստ 1993թ.-ին կատարված պաշտոնական հաշվառման արդյունքների կազմում է շուրջ 460 հազ. հա, որից անտառածածկ է 334.1 հազ. հա կամ տարածքի ընդամենը 10-11%-ը:
Գեոինֆո գիտա-կիրառական կենտրոնը, «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը համատեղ հասարակական կազմակերպությունների, մայիսի 22-25-ը Իջևանի Օրհուս կենտրոնում անցկացրեց «Հայաստանի անտառների հասարակական մոնիտորինգի դասընթացների կազմակերպում» թեմայով սեմինար-դաշտային աշխատանք ծրագիրը: Երեք օրերի
ընթացքում կազմակերպիչները թե՛ գործնական, թե՛ տեսական դիտարկումներով փորձեցին ցույց տալ անտառային պայմաններում մոնիտորինգի իրականացման ժամանակակից մեթոդներն ու հնարավորությունները:
Տեսական դիտարկումներին և քննարկումներին մասնակցում էին ներկայացուցիչներ Իջևանի, Սևքարի անտառտնտեսություններից, Տավուշի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչը, ԵՊՀ ԻՄ դասախոսներ, բնապահպանական ՀԿ-ներ, ակտիվ քաղաքացիներ: Քննարկումների ընթացքում հատկապես անտառտնտեսությունների ներկայացուցիչները բարձրացրին մի շարք արդիական հարցեր, մասնավերապես Հայանտառի դերը, նշանակությունը, պետական պատկանելիության հետ կապված հարցեր: Առաջարկ հնչեց անտառները, պետական արգելոցները, ազգային պարկերը հանել նախարարության վերահսկողությունից և այդ գործառույթը տալ անկախ, միաժամանակ կառավարությունից կախյալ պետական համապատասխան կարգավիճակ ունեցող մեկ այլ կազմակերպության:Կարծիք հնչեց, որ կարգավորված չեն նաև անտառապահ և ծառահատող իրավահարաբերությունները և որոշ դեպքերում առաջանում են իրավական բարդ խնդիրներ, որոնց պայմաններում տուժող կարող է դառնալ ոչ այլ ոք, քան՝ անտառապահը:

Հաջորդող օրերին կազմակերպվեցին դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում իրականացվեց GPS համակարգի ուսուցում դաշտային պայմաններում, տեղանքի կողմնորոշում կողմնորոշիչ տարբեր սարքերի կիրառմամբ:

Դավիթ Ղազարյան
Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. /374 93/00 70 10
Էլ. փոստ info_ijevan@aarhus.am, david.ghazaryan.83@mail.ru