13,636 view
Բնապահպանական ոլորտի նորարարական մոտեցումները: Ալավերդի
23.05.2014
2014թ. մայիսի 21-ին Ալավերդու Օրհուս կենտրոնում կազմակերպված «Համայնքի և տարածաշրջանի բնապահպանական խնդիրներ, համայնքներին հատկացվող բնապահպանական սուբվենցիաներ» թեմայով քննարկման նպատակն էր պարզել ու հասկանալ ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացվող բնապահպանական սուբվենցիաների տարեցտարի նվազման պատճառները, պղնձաձուլական գործարանի կողմից պետական բյուջե վճարվող տարեկան գումարների գնահատումն ու բաշխումը, համայնքներին հատկացվող սուբվենցիաների հաշվարկի մեխանիզմներն ու ծրագրերը:
Քննարկումն սկսվեց թեժ մթնոլորտում և այդպես

շարունակվեց մինչև վերջ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու փոխմարզպետը, Լոռու մարզպետարանի Բնապահպանության բաժնի պետը, «Վալլեքս խմբի ընկերություններ»-ի գործադիր տնօրեն Գ. Արզումանյանը և պատասխանատու այլ ներկայացուցիչներ, ACP ընկերության արտադրության գծով տնօրեն Ն. Ֆեոֆանովը, Ալավերդի, Աքորի, Օձուն, Հագվի համայնքների ղեկավարները, ավագանու անդամներ, ՀԿ ներկայացուցիչներ, «Անկյուն գումարած 3» տեղական հեռուստաընկերությունը և «Հետք»-ի թղթակիցը: Որպես փորձագետ քննարկմանը հրավիրված էր Հայաստանում Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Գաբրիելյանը:

Օրհուս կենտրոնի համակարգողը ներկաներին տեղեկացրեց մինչ այդ տեղի ունեցած քններկումների և արդյունքների: Ապա Գ. Արզումանյանը ծանոթացրեց պղնձաձուլական գործարանի արտանետումների, ծխատար խողովակի Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխման ու իրենց կողմից վճարվող բնապահպանական գումարների մասին: Ներկաները փորձագետին խնդրեցին մեկնաբանել ու բացատրել առաջացած հարցերը, պարզաբանումներ տալ, ինչին պղնձի արտադրությամբ զբաղվողները ցավագին արձագանքեցին: Հարցադրումները, պարզաբանումներն ու պատասխանները շարունակվեցին բորբոքված կրքերի, հուզումների մթնոլորտում: Սակայն փորձագետ Ա. Գաբրիելյանի կողմից հարցի մանրամասն ու մատչելի, գիտական և իրավական տեսանկյունից ներկայացումից հետո ընդվզումները որոշակիորեն հանդարտվեցին: Բանախոսը տեղեկացրեց նաև բնապահպանական սուբվենցիաների ստացման և օգտագործման նոր մոտեցումների, հեռանկարների մասին, ինչը կարևորեցին և ողջունեցին ներկաները:

Չնայած, հնչած բոլոր կարծիքներին, առարկություններին, առաջարկներին ու մեկնաբանություններին, բազմաթիվ հարցեր բաց մնացին: Մասնակիցների հավաստմամբ, լրացուցիչ քննարկումների և ուսումնասիրությունների կարիք կա, քանի որ գործընթացն ունի շարունակական բնույթ:

Քննարկման արդյունքում եղան առաջարկություններ, որոնք վերաբերում էին համայնքներին հատկացվող սուբվենցիաների հաշվարկի մեթոդաբանության մշակմանն ու մեխանիզմների հստակեցմանը (որտեղ հաշվի կառնվի համայնքի բնակչության թիվը), գումարների բաշխման նորարական ֆինանսական մեխանիզմի ստեղծմանը՝ քաղաքացիական հասարակության շրջանառու ֆոնդերի տեսքով: Դրանց հիման վրա կպտրաստվի ՀՀ կառավարությանն ուղղված նամակ՝ համայնքների ղեկավարների ստորագրությամբ:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ info_alaverdi@aarhus.am

Օրակարգ