Օրհուս կենտրոնների մասին

4,414 view

Picture3-250Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնները սկսել են գործել 2002 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի համաձայն: 2002 թվականից մինչ օրս ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր մարզերում բացվել են տասնհինգ Օրհուս կենտրոններ, որոնց գործունեության շնորհիվ բնապահպանությանն առնչվող խնդիրները հասու են դառնում ՀՀ բնակչության լայն շրջաներին: Օրհուս կենտրոնները նաև նպաստում են հասարակության մասնակցությանը այդ ոլորտում որոշումներ ընդունելուն, ինչպես նաև ոլորտի կառավարման գործընթացին:


Օրհուս կենտրոնների կայացման պատմությունը և խնդիրները


2001 թ. ՀՀ-ն վավերացրեց Օրհուսի կոնվենցիան, որը բացառիկ էր այսպես կոչված «էկոլոգիական ժողովրդավարության» զարգացման գործում: Կոնվենցիան պարտադրում էր պետություններին, որոնք վավերացրել էին այն, ընդունել օրենսդրություն, որով կապահովեր շրջակա միջավայրի պատշաճ որակը, իսկ դրա համար պայքարող անձանց կերաշխավորեր իրավական պաշտպանվածություն:

Վավերացնելով Օրհուսի կոնվենցիան, ՀՀ կառավարությունը ստանձնեց պարտավորություն համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Կոնվենցիայի նորմերին իր երեք հիմնական դրույթներով՝ ապահովել շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության մատչելիություն, հանրության մասնակցության ընթացակարգային իրավունք և արդարադատության մատչելիություն:

Շրջակա միջավայրի հարցերով իրազեկմանը, իրավագիտակցության բարձրացմանը և իրավակիրառմանը աջակցելու նպատակով 2002թ. ԵԱՀԿ գրասենյակը ՀՀ ԲՆ-ի հետ համատեղ ստեղծեցին Երևանի Օրհուս կենտրոնը` նմանատիպ առաջին կառույցն աշխարհում: Այնուհետև, ի պատասխան մարզային կառավարման մարմինների ցուցաբերած հետաքրքրության` ԵԱՀԿ-աջակցությամբ հաջորդաբար կենտրոններ բացվեցին նաև մարզերում`

  • Սյունիքում Կապանի Օրհուս կենտրոնը (2005թ.)՝ ընդերքշահագործող և շրջակա միջավայրի համար վտանգ նարկայացնող մեծաքանակ պոչամբարներ ունեցող ամենամեծ մարզի կենտրոնում,
  • Լոռիում Վանաձորի Օրհուս կենտրոնը (2005թ.)՝ հաշվի առնելով քիմիական արդյունաբերության հետևանքներն ու պոչամբարների օգտագործումը,
  •  Տավուշի մարզկենտրոն Իջևանում (2005թ.)՝ հաշվի առնելով ջրային ռեսուրսների և հատկապես անդրսահմանային ջրերի ռացիոնալ օգտագործման, անտառների ու անվտանգության պահպանության հարցերը:
  •  Գրեթե միաժամանակ, հաշվի առնելով Օրհուս կենտրոն ունենալու համայնքների ցանկությունը, տեղական մակարդակում անվտանգության ապահովման համար, համայնքային կարողությունների զարգացման նպատակով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կենտրոններ ստեղծվեցին նաև Գորիսում (2005թ.) և Դիլիջանում (2005թ.):
  •  Գյումրիի (2007թ.) ու Ստեփանավանի (2008թ.), Օրհուս կենտրոնների ստեղծման նախաձեռնությունը քաղաքացիական հասարակականն էր, սակայն, ստանալով Օրհուս կենտրոնի ստեղծման խնդրանք ՀԿ-ներից, ԵԱՀԿ-ն գործընթացին ներգրավեց նաև Շիրակի մարզպետարանին ու Ստեփանավանի քաղաքապետարանին:
  •  Հաջորդաբար Օրհուս կենտրոններ ստեղծվեցին նաև Եղեգնաձորում (2008թ.),, Գավառում (2007թ.), Հրազդանում (2007թ.), Ալավերդիում (2008թ.), Եղվարդում (2008թ.), Ապարանում (2008թ.), Արարատում (2010թ.)՝ համայնքների նախաձեռնությամբ, ԵԱՀԿ անմիջական աջակցությամբ և ԲՆ և Տարածքային կառավարման նախարարության գործընկերությամբ: Նշված համայնքների ղեկավարները կարևորել էին շրջակա միջավայրի հարցերի մասին իրենց համայնքում քաղաքացիական հասարակության պատշաճ իրազեկումը և բնապահպանության ոլորտի կառավարման բարելավման հարցերը, որոնց էլ միտված է կենտրոնների աշխատանքի զգալի մասը:

Բացի այս, ԵԱՀԿ-ն նամակներ է ստացել նաև բազմաթիվ այլ համայնքներից, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, Օրհուս կենտրոնների թիվն այլևս չի ավելացել, դրանք այսօր 15-ն են:

Այս տարիների ընթացքում ԵԱՀԿ գրասենյակը տարել է հետևողական աշխատանք կենտրոնների մասնագիտական որակի բարձրացման, տեխնիկական հագեցվածության ապահովման, ամենօրյա աշխատանքային խորհրդատվություն տրամադրելով: Տեղական համայնքները, կարևորելով կենտրոնների դերակատարումը որպես կապող օղակ հանրության և կառավարման մարմիների մեջև, համայնաքային և մարզային շրջակա միջավայրի վերաբերյալ լայնածավալ և բազմակողմանի տեղեկատվության կենտրոն, էկո կրթական գործունեություն իրականացնող միավորներ, ցուցաբերել են լիարժեք աջակցություն` տրամադրելով անհատույց տարածք և հոգալով ընթացիկ ծախսերը: Կենտրոնները կարողացել են ստեղծել համերաշխության միջավայր ու համատեղ աշխատելու կառուցողական մոտեցում համայնաքային խնդրահարույց հարցերում:
———————————————————–
Կենտրոններից յուրաքանչյուրը, միևնույն նպատակները հետապնդելով հանդերձ, բացառիկ է տեղական մակարդակում իր ունեցած դերով, կառավարվում է ինքնուրույն՝ տեղի փորձագետների խորհրդի կողմից, որոնց անդամների ուղիղ կեսը պետական մարմիններից են, մյուս կեսը՝ հասարակական:
Կենտրոնների առաքելությունն ի սկզբանե քաղաքացիական հասարակությանը իրազեկելն էր Օրհուսի կոնվենցիայի պահանջներին համապատասխան ազգային օրենսդրության մեջ կատարված իրավական փոփոխությունների մասին, որոնք կարող էին հանրությանը տալ լծակներ իրենց իրավունքների պաշտպանության համար: Բայց դրանից զատ մեծ էր մարդկանց կրթելու և էկոդաստիարակության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը, որպեսզի քաղաքացիները կարողանան գրագետ օգտագործել կոնվենցիայով իրենց տրված հնարավորությունները: Հետևապես Օրհուս կենտրոնները ստանձնեցին կրթական առաքելություն:
Այնուհանդերձ, չնայած հանրության էկոլոգիական իրավագիտակցության բարձրացման և որոշումների կայացմանը մասնակցության խթանման առումով կենտրոնների ջանքերին, իրավունքի արդյունավետ կիրարկմանը մինչ օրս խոչնդոտում է ՀՀ օրենսդրության անհամապատասխանությունը Կոնվենցիայի պահանջներին: Հիմնական դրույթներով` հանրության մասնակցության ընթացակարգի, արդարադատության մարչելիության առումով ՀՀ-ն կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից գնահատվել է որպես չհամապատասխանող (Համապատասխանության կոմիտեի վերջին որոշումն այս հղումով` http://www.unece.org/environmental-policy/treaties/public-participation/aarhus-convention/envpptfwg/envppcc/envppccimplementation/fifth-meeting-of-the-parties-2014/armenia-decision-v9a.html ):Այդ իսկ պատճառով, շրջակա միջավայրի հարցերով հանրության մասնակցությունը որոշումների կայացմանը հանգում է կոնֆլիկտի, այլ ոչ թե` բերում է իրավական լուծումների:
Հակամարտությունը համագործակցություն դարձնելու նպատակով Հայաստանի Օրհուս կենտրոնները իրենց ջանքերն են ներդնում և’ կառավարական, և’ հանրային սեկտորի հետ աշխատելու, իրազեկելու, կլոր սեղանի շուրջ բերելու համար, հանդիսանում են բոլոր կողմերի կողմից ընդունված ու վստահելի հարթակ վերջնական նպատակով ազգային օրենսդրությունը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու գործում, որպեսզի խնդրահարույց հարցերը լուծվեն իրավական գործիքներով:

Հայաստանում Օրհուս կենտրոնների ստեղծումն առավել քան անհրաժեշտ էր, քանզի սովետական կարգերից հետո, երբ որոշումները կայացվում էին վերևում ու ուղղվում դեպի ներքև, այժմ` ժողովրդավարական ուղու որդեգրումը թելադրում էր լիովին այլ մոտեցում, որին հանրությունը պետք է պատրաստվեր ու որդեգրեր այս նոր կանոնները: Առավել ևս շրջակա միջավայրի ոլորտում Օրհուսի կոնվենցիան հնարավորություն էր ընձեռում հանրությանը անմիջական մասնակից լինել որոշումների կայացմանը, համարժեք փոխհատուցում պահանջել իր առողջությանը, շրջակա միջավայրին, սեփականությանը հասցված վնասի համար: Ուստի անհրաժեշտություն կար այս ամենը հասցնել հասարակ քաղաքացուն, ով չէր կարող կտրվել առօրյա գործերից ու սերտեր իր երկրի զարգացման այս նոր ուղու առավելություններն ու ընձեռած հնարավորությունները, փոխվել ու փոխել կառավարման վերաբերյալ իր վաղեմի մոտեցումները:

Տասնյակ տարվա գործունեթյան արդյունքում Հայաստանյան Օրհուս կենտրոնները ճանաչվել են, որպես «բնապահպանական» ժողովրդավարության կերտողներ, ժողովրդավարական կղզյակներ: Արդյունքները ավելի քան խոսուն են… Օրհուս կենտրոնները համայնքեր տարան ինտերնետից օգտվելու, շրջակա միջավայրի վերաբերյալ հարցերի քննարկման ու որոշումների կայացման նոր մշակույթ, նոր կրթական մակարդակ, երիտասարդության հետ լայն աշխատանք:
Օրհուս կենտրոնները էկոլոգիական տեղեկատվության հավաքագրման ու իրազեկման մշտական աշխատանք են իրականացնում էլեկտրոնային հասցեների տեղական ցանցերի, սոց ցանցերի, www.aarhus.am կայքի և Aarhus TV օնլայն հեռուստատեսության միջոցով http://aviplatform.com/user.items.php?id=185 :
———————————————————————–
Հայաստանի Օրհուս կենտրոններն իրենց առջև դրված խնդիրների իրականացման գործում համագործակցում են կառավարության, մասնավորապես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների և Բնապահպանության նախարարությունների, ՏԻՄ_ների, միջազգային կազմակերպությունների (ՄԱԶԾ, ԳԷՖ, GIZ, Հայկական Կարմիր խաչի ներքո ստեղծված Կլիմայի ազգային պլատֆորմի, Արևելյան գործընկերության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի, Բնապահպանական հասարակական դաշինքի, տեղական և հանրապետական ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և այլ կառույցների հետ): Այս համագործակցությունը միտված է շրջակա միջավայրին առնչվող խնդիրների խաղաղ ճանապարհով լուծմանը, վեր դասելու բնության պահպանությունը շուկայական հարաբերություններից ու տնտեսական շահից, վեր դասելու շրջակա միջավայրի անվտանգությունը` ապահովելով համայնքների կենսունակությունը:

ԵԱՀԿ դերը կենտրոնների ստեղծման, աջակցման ու զարգացման գործում բացառիկ է, այդ համագործակցությունն ու աջակցությունը կենտրոններին օգնել է նաև ազատ արտահայտել իրենց կարծիքները, գործողությունների դիմել համայքների անվտանգության հարցերը առաջ տանելու գործում, դիմել միջազգային ատյաններ դաշնակիցներ ու աջակիցներ փնտրելու համար ՀՀ-ում «կանաչ» ժողովրդավարության տարածման ու աշխատող դրաձնելու հարցում: Հայաստանում Օրհուս կենտրոնների աջակցության ծրագիրն ամբողջ ԵԱՀԿ-ում ճանաչված է լավագույնը:

Օրհուս կենտրոնների արդյունավետ գործունեության հիմնական խոչնդոտը հանրության մասնակցության ընթացակարգային իրավունքի և շրջակա միջավայրի պաշտպանության հարցում արդարադատության մատչելիության բացակայությունն է:
———————————————————–

2012 – 2015 թվականների ընթացքում Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեությունն ապահովվել է «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպության միջոցով։

Այս գործողություններն իրականացվել են «ԲԼԵՋԱՆ» ՀԿ կողմից ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացված «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը լուծել բնապահպանական խնդիրները` ամրապնդելով պետական մարմինների և ՔՀԿ-ների Օրհուսի կոնվենցիայի իրականացման կարողությունները» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ու Բնապահպանության նախարարությունների խորհրդատվական, ինչպես նաև մարզպետարանների ու ՏԻՄ-երի անմիջական աջակցությամբ։

«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը լուծել բնապահպանական խնդիրները, ամրապնդելով պետական մարմինների և ՔՀԿ-ների Օրհուսի կոնվենցիայի իրականացման կարողությունները» ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում ՏԻՄ-երի (և՛ քաղաքային, և’ գյուղական համայնքներում) և քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցության բարելավմանը, նպաստել ՏԻՄ-րի գործունեության թափանցիկությանը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, աջակցել կառավարման բարելավման որակական դրական փոփոխությունների իրագործմանը:

«ԲԼԵՋԱՆ» ՀԿ նախաձեռնությամբ վերափոխվել ու նորովի է գործել www.aarhus.am կայքը։ 2012, 2013 և 2015թվականներին ծրագրում ներառված է եղել www.aarhus.am կայքի ամբողջական սպասարկումը, իսկ 2013թ-ին կայքի հոսթինգի տրամադրումը, սակայն կազմակերպությունը, կարևորելով շրջակա միջավայրի ոլորտում հանրային իրազեկման ու հանրության մասնակցության խթանման գործում այս գործիքի անհրաժեշտությունը, կազմակերպությունը, չունենալով հենց այդ նպատակով նախատեսված միջոցներ, ապահովել է կայքի աշխատանքները նաև 2014 թվականին:

«ԲԼԵՋԱՆ» ՀԿ նախաձեռնությամբ 2014թվականին կանքի է կոչվել նաև Aarhus online TV –ն՝ տեսագրությունների միջոցով անմիջապես փորձագետների շուրթերով որակյալ, հիմնավոր ու մատչելի տեղեկատվություն ապահովելու, ինչպես նաև շահագրգիռ կողմերին հանրային լսումների, քննարկումների ու աշխատաժողովների վիրտուալ մասնակիցը դարձնելու նպատակով։