13,962 view
ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511 – Ա որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության ծրագիրը

19.05.2014
Karavarutyan-shenq

ՀՀ կառավարությունը մայիսի 19-ին հաստատեց իր ծրագիրը, որի բնապահպանությանը վերաբերող մասը հետևյալն է.
Բնապահպանական և տնտեսական օգուտների ու վնասների գնահատման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության պահպանումը և կյանքի որակի բարձրացումը բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության առանցքն են:
Այս նպատակով նախատեսվում է`
• ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների (այդ թվում՝ ընդերքի) բանական օգտագործումը.
• ներդնել թափոնների հաշվառման համակարգ.
• հիմնանորոգել կեղտաջրերի մաքրման կայանները և կառուցել նորերը.
• ապահովել Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակումը և ջրօգտագործման հաշվառման ավտոմատ կառավարման համակարգի ստեղծումն ու ներդրումը` ստորերկրյա ջրային հաշվեկշռի վերականգնման և վերականգնվող ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման նպատակով.
• շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը.
• ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության կանխարգելմանը, կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը, ինչպես նաև օզոնային շերտի պահպանմանն ուղղված քայլերի, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը.
• ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները, ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ազգային ծրագրի ամբողջական իրականացումը.
• մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում.
• ապահովել բնական միջավայրի աղտոտման, այդ թվում` ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, այդ թվում՝ աղբահանությունը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման և (կամ) կանխարգելման համակարգի զարգացումը՝ ներառյալ գոյություն ունեցող մշտադիտարկումների ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը.
• բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով արդիականացնել բնապահպանական քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքները, մշակել կանաչ տնտեսության ներդրման մոտեցումները, խրախուսել մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմների և նորերի ներդրման շարունակական զարգացումը.
• իրականացնել շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) և վերահսկողություն ՝ բնակչությանը ռադոն ռադիոակտիվ գազի ճառագայթումից պաշտպանելու նպատակով:
Ծրագրին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.`
https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2014/05/511kar.pdf