683 view
Քանաքեռ-Զեյթուն համայքնի երիտասարդական ակտիվ խումբը նպատակ ունի մասնակցելու համայնքային հրատապ խնդիրների լուծման գործընթացին
16.05.2014
Վորլդ Վիժն Հայաստանի Երևան տարածքային զարգացման ծրագրի ղեկավարի դիմումի համաձայն «Շահերի պաշտպանություն տեղական մակարդակում, քաղաքականության վրա ազդեցություն հաղորդակցության միջոցով» ծրագրի շրջանակներում Երևանի Օրհուս կենտրոնը մայիսի 16-ին սեմինար էր կազմակերպել ձևավորված Քանաքեռ-Զեյթուն համայքնի 14-18 տարեկան պատանիների ու աղջիկների ակտիվ խմբի համար: Հանդիպման նպատակը որոշակի գիտելիքներ ու տեղեկություններ ձեռքբերելն էր՝ տեղական մակարդակում որոշում կայացնողների հետ համագործակցելու և որոշումների կայացմանն ազդեցություն ունենալու համար:

Խումբը, վերոնշյալ ծրագրի համակարգող Ա. Ալիխանյանի ղեկավարությամբ, նախապես Քանաքեռ-Զեյթուն համայքնի 300 բնակիչների շրջանում հարցում էր արել ու վերհանել համայնքում առկա առավել հրատապ խնդիրները: Հարցվածները որպես կարևորագույն խնդիր առավելապես նշել էին շրջակա միջավայրի պահպանությունն ու աղբահանությունը:

Սեմինարին Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մ. Չաքրյանը ներկայացրեց Օրհուսի կոնվենցիայի դրույթները, մասնավորապես մանրամասնելով ՏԻՄ մակարդակում հանրության իրազեկման ու որոշումների կայացմանը մասնակցելու հարցերը: Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Ս. Այվազյանն էլ ներկայացրեց շնորհանդես «Կոշտ կենցաղային թափոնները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» վերնագրով, նշեց «ՏԻՄ մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքների այն դրույթները, որոնք առավելապես կարող էին պետք գալ սեմինարի մասնակիցներին օրենքով հիմնավորված և ճիշտ ուղղորդված իրենց հետագա քայլերի ձեռնարկմանը:

Որպես հաջորդ քայլ խումբը շահագրգիռ կողմերի ու համագործակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ պատրաստելու է գործողությունների պլան, որից հետո մշակելու է նշված հարցերի կառավարման բարելավման վերաբերյալ իրենց տեսակետները ներառող առաջարկությունների փաթեթ ուղղված ՏԻՄ-ին՝ բարձրացված հարցերի աստիճանական լուծման նպատակով: Զուգահեռ նրան իրականացնելու են նաև նշված հարցերի իրազեկության բարձրացմանն ուղղված գործողություններ համայնքի բնակիչների շրջանում:

Երիտասարդական այս խմբի նախաձեռնությունն անչափ ողջունելի էր: Սեմինարի ընթացքում նրանց բարձրացրած հարցերն ու խնդրին խորությամբ տիրապետումն անգամ զարմացրեց բանախոսներին:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com