12,624 view
ՀՀ Բնապահպանության նախարարի հետ հանդիպումը հուսադրող է
14.05.2014
ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը մայիսի 13-ին հանդիպել է բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Տղեկացնենք, որ մայիսի 5-ին բնապահպանական քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներն, արձագանքելով նորանշանակ նախարարի համագործակցության կոչին, շնորհակալական նամակ էին հղել նրան, որտեղ հայտնել էին, որ պատրաստ են հանդիպելու և ներկայացնելու իրենց հուզող բնապահպանական խնդիրները՝ երկրի բարգավաճմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքի հիմքերը դնելու ակնկալիքով:

Նամակում բնության պահպանությամբ մտահոգ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները առաջ էին քաշել մի շարք հրատապ հարցեր, որոնց մասին էլ առավել մանրամասն խոսել են նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Մասնավորապես նախարարին է ներկայացվել Սևանից ջրբացթողումների ու լճում ցանցային տնտեսությամբ ձկնաբուծարանների հիմնման ներկայացրած վտանգը: Էվ. Ղուկասյանը նշել է, որ ճիշտ է ցանցային տնտեսությամբ ձկնաբուծության պիլոտային ծրագրի մոնիթորինգի արդյունքներն այնքան էլ վատ չեն, բայց արդեն նկատելի են օրգանական նյութերի կուտակումներ և տնտեսության ընդլայնման դեպքում ուղղակի հնարավոր չի լինի կանխել ճահճացման պրոցեսը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև ընդհանրապես ջրային ոլորտի կառավարման, թափոնների կառավարման, հանքաարդյունաբերության, Զանգեզուր կենսոլորտային արգելոցի ստեղծման ու համայնքային հողերի նպատակային օգտագործման առումով ծագած հարցերի, օրենսդրական փոփոխությունների և այլնի հետ կապված հարցերին:

Նախարարը լսել է բոլոր մտահոգությունները, կարևորել բնապահպանական հասարակական սեկտորի աջակցությունը, պրոֆեսիոնալների հետ աշխատելու պատրաստակամություն հայտնել:

Բնապահպանական քաղաքացիական հանրության ներկայացուցիչների խոսքով նորանշանակ նախարարի հետ առաջին հանդիպումը հուսադրող էր: Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Գ. Գաբրիելյանն ասաց. «Հանդիպումից վերադարձա ինչ-որ չափով թեթևացած, համոզված եմ, որ նկատելի դրական փոփոխություններ են լինելու, առաջին անգամ ունեցա այն զգացումը, որ ոչ թե իրար դեմ, այլ իրար հետ ենք աշխատելու…»:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com