12,936 view
Արգիճի գետի հունը կերտել է բնությունը, ոչ ոք այն չի՛ փոխի.Ահազանգում է Գավառի Օրհուս կենտրոնը
14.05.2014
Մայիսի 13-ին Արգիճի գետից սնվող ՓՀԷԿ-ի խողովակները կրկին պայթել են ու ողողել շուրջբոլորը: Պայթած խողովակների պատճառով քաոսային վիճակ է ստեղծվել տարածքում: Ջուրը ոչ միայն ողողել է գյուղացիների ցանքատարածքներն, այլև հսկայական փոսեր են առաջացել, հոսքը հասել է մինչև տեղակայանքներ:
Այս մասին մայիսի 14-ին Գավառի Օրհուս կենտրոն է ահազանգել քաղաքացի Վ. Գալստյանը, ում ֆեյսբուկյան էջում հրապարակված լուսանկարների և սիրողական տեսախցիկով նկարահանված տեսանյութի միջոցով կարելի է տեսնել ստեղծված իրավիճակի պատկերը:
Տեղեկացնենք, որ այս՝«Արգիճի» ՀԷԿ-ի կառուցմանը

հանրությունը դեմ էր արտահայտվել, բնապահպաններն ու գյուղացիները պահանջել էին, որ նոր ՇՄԱԳ նախագիծ մշակվի, քանի որ հինը ՀԷԿ-ի կառուցման ժամանակ վաղուց արդեն հնացած էր: ՀԷԿ-ը կառուցվել է՝ չունենալով նաև ջրօգտագործման թույլտվություն (նախկինում տրված ջրօգտագործման թույլտվությունը ՀԷԿ-ի կառուցման ու շահագործման պահին արդեն ուժը կորցրած էր, քանի որ սահմանված ժամկետներն անցել էին): Գավառի Օրհուս կենտրոնը ՀԷԿ-ի կառուցման նպատակով հողահատկացման ու շինթույլտվության վերաբերյալ հարցումներ էր հղել այն երեք համայնքների ղեկավարներին, որոնց տարածքով անցնում են ՀԷԿ-ի խողովակները, սակայն պատասխան ստացվել էր միայն Վերին Գետաշենից, Մադինայի ու Ներքին Գետաշենի գյուղապետերը չէին արձագանքել անգամ կենտրոնի կրկնակի հարցումներին:

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի գործունեության ու անբարեխիղճ կառավարման արդյունքում նմանատիպ իրավիճակ ստեղծվել է 4 անգամ. անցած տարի՝ հուլիսին, խողովակները, չդիմանալով ջրի բարձր ճնշմանը, պայթել էին և ողողել գյուղացիների ցանքատարածքները: Անելանելի վիճակում հայտնված գյուղացիները ջանացել էին հանդիպել ՀԷԿ-ի ղեկավարությանն ու հայտնել իրենց մտավախությունները, որ նման պայթյունները հետո էլ կարող են կրկնվել, այն էլ՝ բնակելի հատվածներում: Գյուղացիների կրած վնասները մասամբ փոխհատուցվել էին, սակայն դրանով խնդրին արմատական լուծում չէր տրվել:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com
https://www.facebook.com/photo.php?v=556875487766337&set=vb.100003316729464&type=2&theater