12,878 view
Կլիմայի փոփոխության ու անվտանգության հարցերը ԵԱՀԿ նախաձեռնած աշխատաժողովում
12.05.2014
Երևանի, Գավառի, Վանաձորի, Գորիսի ու Եղեգնաձորի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները մասնակցություն ունեցան մայիսի 12-ին ԵԱՀԿ աջակցությամբ կայացած խորհրդակցային աշխատաժողովին, որի նպատակը Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով անվտանգությանը սպառնացող ազդեցությունները վերհանելն էր ու առավել խոցելի աշխարհագրական տարածքները՝ թեժ կետերը, քարտեզագրելը: Աշխատաժողովի մասնակիցները՝ ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցներն ու «Շրջակա միջավայր և

անվտանգություն» (ՇՄԱ) նախաձեռնության ներկայացուցիչները, հավաքվել էին ծանոթանալու Հայաստանում զարգացման միտումներին ու դրանց վրա կլիմայի ազդեցության վերաբերյալ վերջին վերլուծություններին, հասկանալու՝ արդյոք կլիմայի փոփոխությունը կարող է անվտանգության ռիսկ լինել:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրերի ղեկավար Տ. Դեմբսկին մեջբերեց տնտեսագետների մեկնաբանությունն, ըստ որի կլիմայի փոփոխությունն այս պահին դադարել է, այսպես ասած ննջում է, ինչը տնտեսագետները պայմանավորում են տնտեսության անկմամբ ու ֆինանսական ճգնաժամով, այդուհանդերձ, նրա խոսքով կլիմայի փոփոխությունը զուտ բնապահպանական խնդրից վերածվել է ազգային և միջազգային անվտանգության հիմնահարցի, ինչի համար էլ շատ կառավարություններ մտահոգված են ու ջանք չեն խնայում խնդրի գիտական հիմքերը պարզելու ու կլիմայի փոփոխությունը մեղմելու համար: Նա օրինակ բերեց Գերմանիան, որը մինչև 2020թ. պետք է կրճատի ջերմոցային գազերը 20%-ով, մինչդեռ դրանց արտանետումները 2009թ. սկսած Գերմանիայում կայուն ավելանում են:

ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վ. Ասատուրյանը, գնահատելով «Շրջակա միջավայր և անվտանգություն» (ENVSEC) նախաձեռնության ջանքերը՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի միջոցառումներին աջակցելու համար, հավելեց. «Կլիմայի փոփոխությունը գլոբալ հիմնահարց է և դրա կանխարգելման, արձագանքման և ադապտացման միջոցները պահանջում են միջազգային համագործակցություն: Կլիմայի փոփոխությունն, իր հետևանքների լրջության պատճառով, արդեն մի քանի տարի ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է»:

Երեք տարածաշրջաններում այս տարի նախատեսվող նմանատիպ խորհրդակցային աշխատոժողովների արդյունքները ներառվելու են «Կլիմայի փոփոխություններ և անվտանգություն» զեկույցում: Եվ. Ռուչևսկան աշխատանքային այդ փաստաթղթի ներկայացման ժամանակ նշեց, որ Հայաստանում անապատացող տարածքները վերջին տարիներին ընդլայնվել են 9 անգամ, ուշադրություն հրավիրեց հիդրոէներգետիկ ոլորտի ենթակառուցվածքների վրա, ոլորտի զարգացման հարցում կարևորեց ջրի քանակների ներկա առկայության ու ապագայում հնարավոր փոփոխությունների հաշվի առնումը: Այդ առումով Կլիմայի ազգային կենտրոնի ղեկավար

Դ. Հարությունյանի զեկույցն այնքան էլ հուսադրող չէր, նրա խոսքով 1929-2012թթ. ընթացքում արդեն Հայաստանում ամառային միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,1oC-ով, ձմեռայինը`0.4 oC, իսկ միջին տարեկանը` 1.01 oC: «Ապարանի, Ամասիայի, Սևանի, Տավուշի, Իջևանի անջրդի երկրագործական գոտիներում առանց ոռոգման հնարավոր չի լինի մշակաբույսերից բերք ստանալ: Բարձրադիր գոտիների ջրապահովվածության խոցելիությունը կբարձրանա 30-40 %-ով»,- նշեց նա:

Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Գաբրիելյանը կլիմայի փոփոխությանը հարմարվելը, կամ ադապտացվելը տեսնում է Էկոհամակարգային մոտեցման կիրառման մեջ, նրա խոսքով պետք է տարանջատել «ռեսուրս» հասկացությունը էկոհամակարգից. «Բնական ռեսուրսը մարդու կողմից օգտագործման ենթակա բնական էկոհամակարգի բաղադրիչ է, ուստի, պետք է պահպանել ոչ թե ռեսուրսը, այլ բնական էկոհամակարգը և չափավորել բնօգտագործումը այնպես, որ էկոհամակարգը չխաթարվի»,- նշեց նա: Ա. Գաբրիելյանը ներկայացրեց նաև խնդրի լուծման հայաստանյան յուրօրինակ մոտեցումը, այն է՝ Հայաստանի քաղաքացիներին պատկանող քաղաքացիական «կանաչ» շրջանառու հիմնադրամի ստեղծման ու այն կլիմայի փոփոխուփյան խնդիրների լուծմանը ծառայացնելու միջոցով:

Քննարկվող հարցերի շուրջ որոշումների կայացման առումով կարևորվեց հանրային իրազեկման բաղադրիչը: Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանի ելույթը հենց այդ մասին էր: Օրհուս կենտրոնները կարող են աջակցել կլիմայի փոփոխությանը հարմարվողականության վերաբերյալ տեղեկությունները հանրության համար առավել մատչելի ու հասանելի դարձնելուն, կլիմայի փոփոխության դիտարկված հարցերը գրագետ ու հետևողական առաջ տանել համայնքային մակարդակում՝ հաշվի առնելով ապակենտրոնացման սկզբունքը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com