876 view

Բացեք ձեր աչքերը…

08.05.2014
Ապրիլի 27-ից մայիսի 4-ը «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական և Երիտասարդական ակումբների դաշնություն (FYCA) հասարակական կազմակերպությունները (ՀԿ) համատեղ, Եղվարդի Օրհուս կենտրոնի հետ համագործակցությամբ, Եվրամիության ՛՛Youth in action՛՛ ծրագրի շրջանակներում իրականացրեցին «Բացեք ձեր աչքերը» միջազգային դասընթացը: Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել եվրոպական երկրների երիտասարդներին` ծանոթանալու Հայաստանի գեղատեսիլ վայրերին, զարկ տալ նրանց ստեղծագործականությանը: Այս ծրագիրը հնարավորություն ընձեռեց երիտասարդներին ծանոթանալ ու տեղեկություն ստանալ աշխարհի

հնագույն երկրներից մեկի հուշարձանների, հետաքրքիր վայրերի և բնության հրաշալիքների մասին:
Ծրագրին մասնակցում էին 16-30 տարեկան 28 երիտասարդ Հայաստանից, Լատվիայից, Վրաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ռումինիայից և Գերմանիայից:

Ծրագրի առաջին երկու օրերին տեղի ունեցած սեմինարի ընթացքում բանախոսները ոչ ֆորմալ ուսուցման մեթոդով ներկայացրին տեղեկություններ Հայաստանի բնության, էկոտուրիզմի, բնության հուշարձանների ու գեղատեսիլ բնության վերաբերյալ: Հայաստանում գործող բնապահպանական կառույցների թվում ներկայացվեց Օրհուս կենտրոնների գործունությունը, Օրհուսի կոնվենցիան: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան փորձագետի ներկայացմամբ ծանոթանալու լուսնկարչության գաղտնիքներին, լուսանկարելու հիմնական կանոններին, յուրահատկություններին, լուսանկարչական ապարատին։

Դասընթացներից հետո մասնակիցներն այցելեցին Գառնի, Աղավնաձոր, Հանքավան, Աշտարակ, Ծաղկաձոր, Սևանա լիճ և Խոր վիրապ՝ ծանոթանալու այդ վայրերի պատմությանն ու բնության առանձնահատկություններին, լուսանկարելու բնության տեսարժան վայրերն ու հիանալի բնապատկերները։

Սևանա լիճ այցելության ժամանակ մասնակիցներին ներկայացվեց ներկայումս լճի շուրջ առաջացած խնդիրը, առկա իրավիճակը, դրա շուրջ կատարվող գործողություններն ու հասարակական նախաձեռնությունները, մասնավորապես «Փրկենք Սևանը» նախաձեռնության և Հայաստանյան Օրհուս կենտրոնների կողմից իրականացվող գործողությունների մասին։ Ծրագրի մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին՝ «SOS Սևան» և «SAVE Սևան» կոչերը ձեռքերում պահած լճի ափին լուսանկարվելով:

Ծրագիրը շատ հագեցած էր, բուռն դրական լիցքերով, աննկարագրելի տպավորություններով, քննարկումներով, խմբային աշխատանքներով միջմշակութային երեկոներով, արշավներով, խաղերով և իհարկե հիանալի լուսանկարներով։ Լավագույններով լուսանկարներից մասնակիցները պատրաստեցին 2015 թ. օրացույց, որի օրինակները ծրագրի փակման արարողության ժամանակ հանձնվեցին մասնակիցներին` որպես ծրագրի արդյունք:

Կազմակերպիչների խոսքով ծրագիրը հաջողված էր, արդարացրեց բոլոր սպասելիքները, նպաստեց էկոտուրիզմի զարգացմանը, կարող է ծառայել որպես Հայաստանում տուրիզմի զարգացման երիտասարդների կողմից ներկայացվող մոդել։
Մասնակիցները Հայաստանից հեռացան վերադառնալու ակնկալիքով, նրանց խոսքերով հայաստանյան անմոռանալի հիշողությունները կպահեն իրենց հիշողության ամենավառ անկյունում։

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` 094331055, 022422933
Էլ. Փոստ` info_yeghvard@aarhus.am, ruzannamanyan@gmail.com