678 view

Արարատի կենտրոնի համակարգողի մրցույթը կայացավ

08.05.2014
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողի հարկադրված արձակուրդի գնալու պատճառով, ապրիլի վերջին հայտարարվել էր մրցույթ Արարատ քաղաքում համակարգողի թափուր պաշտոնի համար: Մինչև վերջնաժամկետը՝ մայիսի 5-ը, ստացվել էր ընդամենը 4 դիմում: Դիմումատուների տվյալներն ուսումնասիրելուց հետո՝ մայիսի 8-ին, Արարատում տեղի ունեցավ համակարգողի պարտականությունները կատարողի ընտրության մրցույթը: Մրցութային հաձնաժողովում ընդգրկված էին Արարատի փոխքաղաքապետ Խ. Մնացականյանը, Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացմանն ու Օրհուս կենտրոններին աջակցման ծրագրի ղեկավար Լ. Ասոյանը, Օրհուս կենտրոնների
տեղեկատվության պատասխանատու Մ. Չաքրյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Ս. Այվազյանն ու Արարատի Օրհուս կենտրոնի նախկին համակարգողը:

Չնայած հարցազրույցի հրավիրվել էին բոլոր դիմումատուները, սակայն ներկայացել էին նրանցից 2-ը և ևս մի հետաքրքրված անձնավորություն, ով մրցույթի մասին ուշ էր տեղեկացել, սակայն հանձնաժողովը բացառության կարգով նրան էլ լսեց:

Ընտրության ժամանակ հաշվի են առնվել հետևյալ չափանիշները՝ բարձրագույն կրթության առկայությունը իրավունքի, էկոլոգիայի, տնտեսագիտության կամ հարակից այլ մասնագիտությունների ոլորտում, 3 տարվա մասնագիտական փորձառության առկայությունը, համապատասխան միջազգային և ազգային բնապահպանական օրենսդրության լավ իմացությունը: Որպես առավելություն կարևորվել են համակարգչային ծրագրերի իմացությունն ու օգտագործման փորձը, աշխատանքային փորձը տարածքային պլանավորման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, ռուսերենի, անգլերենի իմացությունը:

Նշված չափանիշներին համապատասխանել և շրջակա միջավայրի կառավարման ոլորտի բարելավման իր պատկերացումներով, անալիտիկ մտածելակերպով ու ակտիվությամբ աչքի է ընկել հատկապես Վիգեն Չիլինգարյանը, ով հենց հաջորդ օրվանից ստանձնել է Օրհուս կենտրոնի համակարգողի պարտականությունները:

Հայաստանի Օրհուս կենտրոնների ցանցի աշխատակիցները շնորհավորում են իրենց նոր թիմակցին և մաղթում բարենպաստ աշխատանք՝ հանուն համընդհանուր նպատակի:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com