635 view

Սևանա լճի հիմնախդիրը հանրության դիտանկյունից

30.04.2014
Ijevan_30_04

Ապրիլի 30-ին Իջևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Օգնենք Սևանին» իրազեկման ակցիա-դասախոսություն, որտեղ կենտրոնի համակարգողը և կենտրոնի ակտիվիստները փորձեցին Սևանի շուրջ զարգացող իրադարձությունները գնահատել էկոլոգիական տեսանկյունից:

Պետք է նշել, որ Սևանա լճից ջրի բացթողումների ավելացման և լճում արհեստական ցանցավանդակային ձկնաբուծարանների ստեղծման կառավարության ծրագրերն ամենամեծ հարվածներն են, որ երբևիցե հասցվել է Սևանա լճին:

Սկսած անցյալ դարից Սևանա լճից ջրի բացթողման ընթացքում պարզվեց, որ նրա էկոլոգիական վիճակը վատթարանում է ավելի արագ, քան ենթադրվում էր: Լիճն արագ զրկվեց իր դարավոր պաշարների 40 %-ից, առավելագույն խորությունը հասավ մինչև 80 մետրի, ջրի մակարդակն իջավ 13,5 մետրով, որի հետևանքով միայն 1949-64 թթ-ին Փոքր Սևանի լճահատակը նվազեց 36,5 կմ2 –ով, Մեծ Սևանինը՝ 116 կմ2-ով, նվազեց թթվածնի պարունակությունը ջրում, սկսեց հաճախ սառցակալել: Մինչև 2001թ. լճի մակարդակն իջավ 19,25 մետրով:

Հիմնական քննարկումն ընթացավ Սևան էկոլոգիական համալիրի ապագա կարգավիճակի, խնդիրների շուրջ: Ակտիվիստներից Վ. Պողոսյանը նշեց. «Լճի էկոհամակարգը կառողջանա միայն այն դեպքում, եթե լիճը վերադառնա 60-ական թվականների մակարդակին` 1908,5 մետրի, այսինքն` այն ժամանակաշրջանին, երբ անկման գործընթացները դեռ չէին սկսվել և լիճն իր բնական, հավասարակշիռ վիճակում էր: Միայն այդ դեպքում ջրի որակը իսկապես կլավանա, բուսական ու կենդանական աշխարհը կվերակենդանանան և իսկապես կարելի է խոսել Սևանի փրկության մասին: Այդ 6 մետրը ոչինչ չի տա լճին, թերևս միայն կասեցնի ճահճացման գործընթացը, բայց դրանից ջրի որակը չի լավանա, իսկ Սևանի գերխնդիրը ջրի որակի լավացումն է: 6 մ-ի մասին խոսվում էր այն ժամանակ, երբ լճի ջուրը նահանջել էր 18 մետրով: Դրանից հետո ջուրը շարունակեց իջնել, մինչեւ 20-22 մ, բայց հիմա դարձյալ նշվում է այդ թիվը»:

Դավիթ Ղազարյան
Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. /374 93/00 70 10
Էլ. փոստ info_ijevan@aarhus.am,david.ghazaryan.83@mail.ru