768 view

Թռչունների` որպես բնական միջավայրի կարևոր բաղադրիչի դերն ու նշանակությունը

25.04.2014

Արդեն չորս տարի է, ինչ Ապարանի Օրհուս կենտրոնը համագործակցում է «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ի հետ: Ապրիլի 25- ին, հերթական անգամ կենտրոնի աջակցությամբ կազմակերպվեց միության ներկայացուցիչների հանդիպումը Ապարանի դպրոցականների հետ: Հանդիպման նպատակն էր երեխաների շրջանում բարձրացնել թռչունների և կենսաբազմազանության կարևորության գիտակցումը, պարզաբանել թռչունների` որպես բնական միջավայրի կարևոր բաղադրիչի դերն ու նշանակությունը կենսոլորտում:
Դասընթացին մասնակցեցին միջին դասարանների աշակերտներ, ուցուցիչներ:
Հյուրերը համակարգչային շնորհանդեսի միջոցով ներկայացրեցին «Գարնանն ընդառաջ» համաեվրոպական ծրագիրն, որն իրականացվում է 2009թ.-ի փետրվարից և հրավիրեցին բոլոր երեխաներին, ինչպես նաև նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ մասնակցելու չվող թռչունների վերադարձի դիտումներին:
«Գարնանն ընդառաջ» ծրագիրն ուղղված է հետաքրքրություն մտցնել դպրոցականների, մեծահասակների և բնությունը գնահատողների շրջանում, հոգատարություն սերմանել բնության փետրավոր ներկայացուցիչների հանդեպ:
Յուրաքանչյուր տարի փետրվարի 1-ից մինչև գարնան ավարտը ամբողջ Եվրոպայի, այժմ արդեն Հայաստանի երեխաները, սկսում են դիտարկել ու նշել տաք երկրներից վերադարձող հետևյալ թռչնատեսակներին`սպիտակ արագիլին, գյուղական ծիծեռնակին, սև մանգաղաթևին, սովորական կկվին և ոսկեգույն մեղվակերին:
Միության ներկայացուցիչները պատմեցին նաև «Տարվա Թռչուն 2014» նախաձեռնության շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին:
«Տարվա Թռչուն 2014»-ը Հոպոպն է: Այն լայնորեն տարածված է Հայաստանի բոլոր մարզերում: Այս տարի հանրային մոնիթորինգը իր մեկնարկը սկսում է Երևան քաղաքից, որտեղ հոպոպին կարելի է տեսնել գրեթե բոլոր այգիներում և պարտեզներում:
Հավաքագրված տեղեկություները թույլ կտան պարզելու հոպոպի քանակությունը և հասկանալու այս թռչնատեսակին սպառնացող վտանգները, ինչպես նաև այդ տվյալների հիման վրա ստեղծելու հոպոպի տեղաբաշխվածության քարտեզ:
Նատալիա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. /+374 94/ 22 49 26, /+374 252/ 6 23 60
Էլ. փոստ. aarhusaparan@mail.ru, info_aparan@aarhus.am