700 view

« S.O.S Սևան», լիճը մեր աջակցության կարիքն ունի

29.04.2014

Ապրիլի 29-ին Ապարանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ քաղաքի երկու՝ Ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում, տեղի ունեցան կլոր սեղան քննարկումներ « S.O.S Սևան, լիճը մեր աջակցության կարիքն ունի» թեմայով: Նպատակն էր մասնակիցներին իրազեկել կառավարական երկու որոշումների մասին: Դրանցից առաջինի համաձայն առաջիկա հինգ տարիների ընթացքում ջրառը Սևանից կավելանա 70 միլիոն խմ ծավալով և 170 միլիոն խմ- ի փոխարեն կհասնի 240 միլիոն խմ-ի:
Քննարկման ընթացքում նշվեց, որ Սևանից հավելյալ ջրառի նպատակը Արարատյան դաշտի ջրազրկված 8000 հա հողատարծքների ոռոգման խնդրի լուծումն է: Նշենք, որ մշակովի հողերի ջրազրկման պատճառը արտեզյան ավազանի անբարեխիղճ ու անխնա օգտագործումն է:
Ըստ երկրորդի` լճում, մինչև 2023թ. ենթադրվում է աճեցնել տարեկան 50 000 տոննա իշխան: Ձկնաբուծության համար կպահանջվի ազոտ և ֆոսֆոր պարունակող արհեստական կերերի մեծ քանակի օգտագործում, ինչը բացասական ազդեցություն կարող է թողնել լճի էկոհամակարգի վրա:

Կենտրոնի համակարգողը քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ ով մտահոգ է Սևանի խնդրով և գիտակցում է դրա կարևորությունն ու նշանակությունը, կարող է մասնակցել՝ «S.O.S Սևան» նախաձեռնությանը և ի փրկություն Սևանի կազմակերպված ստորագրահավաքին՝ հետևելով հետևյալ հղմանը http://chn.ge/1nsbWoH

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ aarhusaparan@mail.ru, info_aparan@aarhus.am