13,129 view

Ի՞նչն է Գեղարոտ գետի ջրի գույնի փոփոխության իրական պատճառը.այցելություն Արագած

02.05.2014
Ապարանի տարածաշրջանի վեց համայնքների` Արայի, Վարդենուտ, Արագած, Ափնա, Հարթավան, Շենավան գյուղերի մշակովի հողատարածություները սնող Գեղարոտ գետի ջրի գույնը փոխվել է, բնակիչների պնդմամբ փոխվել է նաև գետի ջրի որակը և պիտանի չէ, ո՛չ ոռոգման, ո՛չ էլ կենդանիների համար: Գյուղացիների կարծիքով պատճառը գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երն են, ևս երկուսն էլ նախատեսվում է կառուցել։
Մայիսի 2-ին բնապահպանների մի խումբ (փորձագետ Ս.Մինասյան,
ՀԲՃ համակարգող Լ.Գալստյան, լրագրող Գ.Նանյան, Ա.Դանիելյան, Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Ն.Մանուկյան) այցելեցին Արագած

համայնք, որտեղ հանդիպում ունեցան համայնքի ղեկավարի և նախատեսվող երրորդ ՀԷԿ-ը կառուցապատողի հետ, որից հետո ուղևորվեցին Գեղարոտ գետ և փոքր ՀԷԿ-երի տարածքներ:

Գետի ջրի փոփոխության իրական պատճառը (բնական պայմաններ, թե՞ գետի վրա կառուցված և գործող ՀԷԿ-եր) պարզելու համար փորձագետը գետի մի քանի տարբեր տեղամասերից, ինչպես ՓՀԷԿ-երից վերև, այնպես էլ՝ ներքև, կատարեց ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ անցկացնելու համար:

Դիտարկումներից պարզվեց, որ ՓՀԷԿ –երից վերև գետն ունեի գրեթե նույն գույնը, ինչ որ ՓՀԷԿ-երից ներքև։ Հավելենք, որ գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի պատվարների և պարզարանների վրա, նաև արհեստական ջրամբարներում պարզորոշ արտահայտված էր «չարաբաստիկ ժանգագույն» նստվածքի շերտը:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքներն, ամենայն հավանականությամբ, կբացահայտեն գետի ջրի այս գույնի իրական պատճառները, սակայն երևույթի ամբողջական պատկերն ստանալու համար կպահանջվի նաև երկրաբան մասնագետների կարծիքը:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru