746 view

«Ընտրիր անվտանգ խաղալիք» թեմայով դասընթաց Ապարանում

30.04.2014
Ընդառաջելով Ապարանի թիվ 1 մանկապարտեզի տնօրենի խաղալիքների անվտանգության հարցերի վերաբերյալ իրազեկման միջոցառում անցկացնելու խնդրանքին՝ ապրիլի 30-ին Ապարանի Օրհուս կենտրոնի աջակցությամբ կազմակերպերպվեց «Ընտրիր անվտանգ խաղալիք» թեմայով դասընթաց մանկապարտեզի աշխատակազմի և սաների ծնողների համար:
Դասընթացն անցկացնելու համար հրավիրվել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ներկայացուցիչ Ք. Գրիգորյանը: Կազմակերպությունն անցած տարի իրականացրել էր «Թույներից ազատ խաղալիքներ» ծրագիրը, որի շրջանակներում իրականացված հետազոտությունները

ցույց են տվել, որ հայաստանյան շուկայում վաճառվում են ծանր մետաղներ պարունակող վտանգավոր խաղալիքներ, որոնց մոտ 20%-ում առկա է առնվազն 1 ծանր մետաղ, այն էլ՝ սահմանային թույլատրելի խտության գերազանցմամբ: Ստուգված մանկական խաղալիքներում, որոնք երեխաները հաճախ կարող են բերանը դնել, բարձր է կապարի պարունակությունը, որը մոտ 350 անգամ գերազանցում է թույլատրելի խտությունը: Տոքսիկ մետաղներ պարունակող խաղալիքների մեծ մասը չինական արտադրության են: Ի տարբերություն դրանց, ՀԿ-ի իրականացրած հետազոտությունների համաձայն, հայրենական արտադրության խաղալիքներն անվտանգ են երեխաների առողջության համար:

Ք. Գրիգորյանը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց ծանր մետաղների` կապարի, կադմիումի, քրոմի, մկնդեղի և սնդիկի, ազդեցությունն ու հետևանքները օրգանիզմի վրա:

Բանախոսը պարզաբանեց նաև սնդիկային թունավորման խնդիրները, ներկայացրեց ՄԱԿ-ի կողմից (Ժնև, 19 հունվարի 2013թ.) ընդունված «Մինամատայի կոնվենցիան», որը կոչվել է Ճապոնիայի Մինամատա քաղաքի անունով, որտեղ քիմիական արտադրությունում ացետալդեհիդի արտադրության ժամանակ, սնդիկի սւլֆատի օգտագործման հետևանքով, տեղի էր ունեցել սուր սնդիկային թունավորում:

Դասընթացը հետաքրքիր էր և օգտակար, ծնողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին բանախոսը սպառիչ պատասխաններ տվեց:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ aarhusaparan@mail.ru, info_aparan@aarhus.am