629 view

Սևանից հավելյալ ջրբացթողումների խնդրի շուրջ քննարկում Կապանում

29.04.2014
Ապրիլի 29-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ Կլոր սեղան «Սևանը մեր օգնության կարիքն ունի» թեմայով: Համակարգողը ներկայացրեց առկա իրավիճակը, Էկոլոգիական հասարակական դաշինքի ուղերձը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիային:
«Մեղու» ՀԿ նախագահ Վ. Ղուկասյանը, հայտնելով իր համաձայնությունը մինալու Սևանին օգնությանը, իշխանություններին ուղղված բազմաթիվ հարցեր բարձրացրեց, մասնավորապես երկրի սահմաններում մակերևութային ջրերի անարդյունավետ օգտագործման և ՀԷԿ-երի պատճառով հայ գյուղացուն առանց ոռոգման ջրի թողնելու վերաբերյալ:
Բերեց Թուրքիայի օրինակը, որտեղ աղբյուրների ջրերի պահպանության համար բարձրադիր
գոտիներում խոշոր ջրամբարներ են կառուցվում:
«Խուստուփ» Բնապահպանական ՀԿ-նախագահ Վ. Մարտիրոսյանը նշեց, որ ինքն ունի իր դիրքորոշումը, սակայն հանրությունը չունի հստակ տեղեկատվություն Սևանից 5 տարի 240մլն խմ ջուր բաց թողնելու արդյունքում հնարավոր հետևանքների վերաբերյալ, քանի որ մարզերում ոչ բոլոր ընտանիքներն ունեն հնարավորություն սոցիալական ցանցերից ստանալու տեղեկատվություն, իսկ պաշտոնական տեղեկատվություն Սևանի ջրի մակարդակի պահպանության, 240մլն խմ բաց թողնելուց հետո ջրի մակարդակի հնարավոր հետևանքների վերաբերյալ չկա: Զգացմունքների հիման վրա էլ որոշման կայացումը ճիշտ չհամարեց:«Վերադարձ» Երիտասարդական շարժում ՀԿ նախագահ Գ. Թադևոսյանը, միանալով նախորդ նշվածներին, ավելացրեց, որ ՀԿ-ի խորհրդի կողմից որոշում կայացնելու համար են մասնագիտական հաշվարկների վրա հիմնված տեղեկատվության, մասնագետների, փորձագետների հիմնավոր կարծիքների անհրաժեշտություն կա:
Քննարկման մասնակիցները թեմայի մեջ խորանալով հնչեցրին նաև Կապանի խմելու ջրի ապագայի հետ կապված հարցեր:
Կենտրոնի համակարգողը խոստացավ հավաքագրել բարձրացված հարցերի պատասխանները պարունակող անհրաժեշտ տեղեկատվությունը և մեկ օրվա ընթացքում էլեկտրոնային փոստով տրամադրել բոլորին:Քննարկմանը ներկա էին նաև տեղական հեռուստատեսության ներկայացուցիչները:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /+374 93/ 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru