12,282 view

Եղվարդում ՏԻՄ-ի և Օրհուս կենտրոնի համագործակցությունը թևակոխում է նոր փուլ

22.04.2014
Ապրիլի 22-ին աշխատանքային այցով Եղվարդի Օրհուս կենտրոն էին այցելել ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Շրջակա միջավայրի պահպանության հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանը, օգնական Ի. Ուլմասովը, Էկոլրագրող Գ. Նանյանն ու Հայաստանի Օրհուս կենտրոններիի տեղեկատվության պատասխանատու Մ. Չաքրյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Եղվարդի փոխքաղաքապետը, կենտրոնի փորձագետների խորհրդի անդամներ, ուսուցիչներ:
Հանդիպման մասնակիցներին ողջունելով՝ Գ. Ղազինյանը նշեց համայնքային մակարդակում Օրհուս կենտրոնների կողմից տարվող աշխատանքի կարևորության մասին:

Նշեց, որ հարկատուները պետք է իմանան, թե իրենց գումարները ուր են գնում և որքանով են արդյունավետ օգտագործվում: Այս առումով նա կարևորեց համայնքի բյուջեի կազմմանն ու հաշվետվություններին հանրության պատշաճ մասնակցությունը: Առաջարկեց կենտրոնների հետ անշահախնդրորեն համագործակցող ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փորձագետների օժանդակությունը ՏԻՄ-ի աշխատանքն առավել հաշվետվողական ու ժողովրդավար դարձնելու, համայնքի հետ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Տեղեկացրեց, որ այս պահին աշխատանք է տարվում հանրության մասնակցության ընթացակարգը օրենքով ամրագրելու ուղղությամբ:

Կենտրոնի համակարգողը շնորհանդեսի միջոցով ներկայացրեց Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի շրջակա միջավայրի խնդիրները, խոսեց դրանց մասին տեղեկատվության տարածման ու որոշումների կայացման գործին հանրության մասնակցության խթանման ուղղությամբ կենտրոնի գործունեության, ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին: Ներկայացրեց ՏԻՄ համակարգի վերաբերյալ կատարված վերլուծությունը՝ իրավիճակը, խնդիրները, նշեց զարգացման գերակա ուղղությունները՝ առաջարկելով լուծման տարբերակներ և մեթոդներ:

Եղվարդի փոխքաղաքապետ Կ. Հարությունյանը չհամաձայնելով համակարգողի որոշ առաջարկությունների հետ, ընդգծեց ու ՏԻՄ-երը պետք է առավելագույնս ինքնուրույն և անկախ լինեն կամավոր լիազորությունների կատարման առումով: Նշեց, որ շրջակա միջավայրի խնդիրները հաճախ ասոցացվում են միայն աղբահանությամբ, մինչդեռ այդ հարցերի շրջանակն առավել մեծ է: Աղբահանության ուղղությամբ տարվող աշխատանքում կարևորեց հանրության իրազեկման ու գիտակցության բարձրացման հարցը, հետևապես աղբահանության արդյունավետ կառավարումը պայմանավորեց համատեղ աշխատանքով: Նրա խոսքով սա այն խնդիրն է, որի լուծումը կախված է ոչ այնքան ֆինանսական միջոցների ներդրումից, որքան մարդկանց հետ տարվող քարոզչական աշխատանքից: Կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդելու ու նոր մակարդակի վրա դնելու ցանկություն հայտնեց:

Քննարկման արդյունքում որոշվեց մշակել և քաղաքապետարանին ներկայացնել համատեղ գործողությունների պլան, որի հիման վրա նպատակաուղղված ու հետևողական առաջ շարժվել:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` 094331055, 022422933
Էլ. Փոստ` info_yeghvard@aarhus.am, ruzannamanyan@gmail.com