12,684 view

Օրհուս կենտրոնների զորակցությունը Սևանին

30.04.2014
Ապրիլի 29-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ ջրբացթողումների օրենսդրական նախագիծը: Սակայն առաջարկվող 5 տարի ժամկետը ԲՀԿ խմբակցության առաջարկով փոխարինվեց 1 տարի ժամկետով: Սա կարելի է համարել Հայաստանի քաղաքացիական հասարակության հերթական փոքրիկ հաղթանակը, երբ պատշաճ իրազեկման պայմաններում, գիտական հիմնավորումների, կանխատեսումների ու հարցադրումների միջոցով, քաղաքացիական հասարակության հետևողական պայքարի արդյունքում օրենսդիրը զիջումների գնաց և ընդունեց չարյաց փոքրագույնը:
Հենց այդ պահին, երբ պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում բանավիճում էին նախագծի շուրջ, Սևանից, Մարտունուց ու Գավառից ժամանած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մայրաքաղաքի կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների, գիտնականների ու Օրհու կենտրոնների աշխատակիցների հետ ԱԺ-ի դարպասների մոտ խաղաղ ցույց էին անում՝ կոչ անելով պատգամավորներին որոշում կայացնել ի օգուտ Սևանի:

Դեռ անցած տարի, երբ Օրհուս կենտրոնները տեղեկացան «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի մշակման մասին, Գավառի
Օրհուս կենտրոնն անմիջապես հարցում արեց Ջրային պետական կոմիտեի նախագահին՝ պարզելու տեղեկության իսկությունը: Պատասխանն ստացվեց միայն կրկնակի հարցման արդյունքում: Այն դրական էր: Անմիջապես կենտրոնն իր վրա վերցրեց հանրությանն այդ մասին իրազեկելու անտեսված գործը:Գեղարքունիքի մարզպետարանին ուղղված հարցմանն ի պատասխան մարզպետը տեղեկացրեց, որ իրենք անտեղյակ են նախագծի մասին, անտեղյակ էին նաև ինչպես Սևանի ավազանի, այնպես էլ հանրապետության մյուս համայնքները:

Երկար սպասել չտվեց նաև Սևանի հետ կապված մեկ այլ ձեռնարկը՝ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը, ինչը բնապահպանները որակեցին որպես մեր բնական հարստության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք:Հասարակության գերակշիռ մասը սակավ տեղեկություններ ուներ կամ ընդհանրապես անտեղյակ էր այս նախաձեռնությունների մասին: Անտեսված էր հանրության մասնակցությունը ներկա և գալիք սերունդների համար գոյապահպանական անգնահատելի արժեքով Սևանա լճի ճակատագրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին: Հենց այս պատճառով է, որ «S.O.S Սևան» նախաձեռնությանը միացան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, ակտիվ քաղաքացիներ՝ անվստահություն հայտնելով Սևանի շուրջ որոշումներ կայացնողներին, քանի որ, որպես անբարեխիղճ կառավարման արդյունք, Արարատյան դաշտի ցամաքած արտեզյան ավազանի ականատեսն էին:Օրհուս կենտրոնները մեծ դերակատարում ունեցան խնդիրը լայն հասարակությանը ներկայացնելու առումով: Սկզբում Գավառի կենտրոնին միացավ Երևանի, ապա նաև մյուս Օրհուս կենտրոնները՝ տեղերում իրականացնելով իրազեկման միջոցառումներ, կոչ անելով անտարբեր չլինել իրենց իրավունքների ու շրջակա միջավայրի փոփոխությունների նկատմամբ

Մեծ էր նաև փորձագետների ներդրումը, քանի որ օրենքի նախագիծը գիտական լուրջ ուսումնասիրության ու հիմնավորումների կարիք ուներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լ. Ազիզյանը տեղեկացրել էր, որ մինչև 170մլն խմ ջրառի պարագայում 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ լճի մակարդակը կանխատեսվում է 1900.11-1900.16մ սահմաններում, որը լավագույն դեպքում կհամապատասխանի 2014 թ. հունվարի 1-ի մակարդակին, կամ դրանից 5-7 սմ ցածր կլինի։ 240 մլն խմ դեպքում բնականաբար բացասական բալանսն ավելի մեծ կլինի: Կոպիտ հաշվարկով, քանի որ Սևանի մակարդակի 1 սմ շերտի ծավալը մոտ 12.9 մլն խմ է, հավելյալ 70 մլն խմ-ը կկազմի մոտ 5,5 սմ-անոց շերտ, փաստորեն, վերոնշյալ կանխատեսումների տրամաբանությամբ 2015թ. Հունվարի 1-ի դրությմաբ Սևանի մակարդակը 2014թ համեմատ ցածր կլինի 10,5-12,5 սմ-ով:
Մեկ այլ գիտական կանխատեսմամբ (կցված է) 2015-2019 թթ Սևանա լճի մակարդակի փոփոխությունը տարվա ընթացքում բացասական է լինելու` -0,06մ:

Տեղեկացնենք, որ Սևանի մակարդակն այս պահին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բարձր է ընդամենը 4սմ-ով:
Չնայած Սևանից ջրառի նախագիծը 5 տարվա փոխարեն 1 տարով ընդունելու որոշմանը, վտանգը շարունակում է կախված մնալ Սևանի գլխին: Հետևապես քաղաքացիական հասարակությունը կանգ չի առնի, Օրհուս կենտրոններն էլ իրենց հետ համագործակցող մասնագետների հետ կշարունակեն հավաքագրել հավաստի ու ճշգրիտ տեղեկություններ:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com

«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Սևանի