11,191 view

Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման, թե՞ էժան ձկնարտադրության ծրագիր

15.01.2014
Հունվարի 15-ին Երևանի Օրհուս կենտրոնը հարթակ հանդիսացավ Հայկական Բերքի Առաջմղման Կենտրոնի (ՀԲԱԿ) առաջարկած «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» նախագծի քննարկման համար: Նպատակը ծրագիրը հետաքրքրված Հասարակական կազմակերպություններին ներկայացնելն էր, հանրության ու փորձագետների կարծիքներն ու առաջարկությունները լսելը:
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Ս. Այվազյանը, մատնանշելով նախագծի խոցելի կողմերն ու ՀԿ-ների անհանգստությունները, կոչ արեց համբերատար լսել միմյանց և քննարկումն անցկացնել առողջ մթնոլորտում:
ՀԲԱԿ ներկայացուցիչ Է. Գևորգյանը ներկայացրեց նախագծի մանրամասները, հատկապես անդրադարձավ մինչ օրս ԶԼՄ-ներով բարձրացված հարցերին և էկոլոգիական վտանգներին: Հավաստիացրեց, որ նախագիծը կազմելիս հաշվի են առնվել պիլոտային ծրագրի մոնիթորինգի արդյունքներն ու միջազգային փորձը: Ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում է ցանցավանդակային եղանակով Գեղարքունի և Ամառային իշխան բուծել՝օգտագործելով լճի տարածքի 0.03 տոկոսը (կից նախագծում նշված է 0,07, բայց բանախոսը հավաստիացրեց, որ այդ թիվը նվազեցվել է), ինչն ավելի քան 20 անգամ քիչ է միջազգայնորեն ընդունված անվտանգ օգտագործման սահմանից: Հաշվի առնելով Սևանա լճի էկոհամակարգի վրա հնարավոր բացասական ազդեցությունը` նախատեսվում է զբաղվել բացառապես օրգանական ձկնաբուծությամբ և 1մ3 տարածքում բուծել առավելագույնը 8 կգ ձուկ, ինչը մոտ 5 անգամ քիչ է ցանցավանդակային ձկնաբուծության միջին արտադրողականությունից:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար Բ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ լճի ձկնապաշարներն անհապաղ վերականգնել է պետք՝ այդ տեսանկյունից խրախուսելի համարելով իշխանի պաշարների վերականգնման նպատակով յուրաքանչյուր տարի արտադրվող ձկան 1.5%-ը լիճ բաց թողնելու նախաձեռնությունը: Նախատեսված հզորությամբ աշխատելու դեպքում Սևանի ձկնապաշարները, փաստորեն, տարեկան կհամալրվեն 750 տ-ով:

ՀԿ-ների ներկայացուցիչները նախագծի վերաբերյալ տարակարծիք էին: Որոշները պնդում էին, որ միանշանակ մերժել պետք չէ, կարելի է վերանայել նախագծի որոշ կետերը, խստացնել պայմանները, հետևողական լինել հետագա իրականացման ընթացքում: Մյուսները, սակայն, կտրականապես դեմ էին՝ նշելով, որ Սևանը փորձադաշտ չէ, որ պիլոտային ծրագրի հաջող ընթացքը դեռ հիմնավորում չէ և կանխատեսված չեն առավել մեծամասշտապ այս ծրագրի իրական վտանգները: Նախագիծն անվանեցին «բիզնես պրոյեկտ», ոչ թե՝ բնապահպանական նախաձեռնություն:

Քննարկմանը ներկա Գեղարքունիքի մարզի միակ ներկայացուցիչ, Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանը առաջարկեց նախագիծն անպայման քննարկել Սևանի ավազանի բնակիչների հետ ու հաշվի առնել տեղացիների կարծիքները, որոնց գոյության համար հատկապես Սևանը կենսական նշանակություն ունի:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com